×


Թշնամու եւ սիրո միջեւ. Իննա Խոջամիրյանն ու Ռուբեն Մուրադյանը՝ «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու»-ում

Ինչի՞ համար են պատերազմները, եթե կարելի է սիրել: Այս հարցն է բարձրացնում «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացումը, որի պրեմիերան երեկ էր՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի դրամայի կենտրոնում երկու անանուն կերպարներ են, որոնց պատմությունը զարգանում է պատերազմի պայմաններում։

Ռեժիսորի խոսքով՝ «Հարսանիք թիկունքում»-ից հետո որոշել էր որոշ ժամանակ պատերազմի թեմայով ներկայացումներ չբեմադրել, սակայն պրոդյուսեր Արման Միտոյանը մտափոխել է իրեն. «Առաջարկեց հրավիրված դերասաններով նոր նախագիծ իրականացնել: Քննարկեցինք: Նախ կարդացի սցենարը եւ հասկացա, որ այն պատերազմի մասին չէ, այլ դրա ընթացքում ծնված սիրո։ Շատ երկար ենք աշխատել, քանի որ բարդ թեմա է»։

Արամ Կարախանյանը, Իննա Խոջամիրյանը, Լյուդվիգ Հարությունյանը եւ Ռուբեն Մուրադյանը


BRAVO.am-ի հարցին, թե մտավախություն չկա՞, որ հանդիսատեսը ներկայացման ասելիքը կարող է ընկալել որպես թշնամուն սիրելու կոչ, Հարությունյանը պատասխանեց. «Պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանի հետ որոշեցինք, որ մեր հերոսներն անուններ չունենան, նաեւ չլինի իրադարձությունների կոնկրետ վայր, որպեսզի շեշտը դրվի ապրումների վրա։ Մեր նպատակն ազնիվ է. առաջին հերթին պետք է մարդու մեջ մարդ տեսնել, չէ՞ որ բոլորն ունեն ապրելու եւ սիրելու իրավունք։ Սա համամարդկային իրականություն է, բայց հասկանալի է, որ հայ հանդիսատեսն այն կասոցացնի իր հետ: Կուզեմ՝ իմանան, որ քաղաքական ոչ մի շերտ չկա. մեր նպատակը մարդն է եւ սերը»։


Ներկայացման անվանումը հղում է Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ին, քանի որ հիմքում արգելված սերն է, հանգուցալուծումն էլ՝ նման, թեեւ իրավիճակներն այլ են։ Իննա Խոջամիրյանի մարմնավորած կերպարը սկզբում զինվորականի (Ռուբեն Մուրադյան) գերին է, բայց հետո այդ փակ տարածքում նրանց միջեւ սեր է ծնվում: Ականների պայթյունների դադարի ընթացքում նրանք ընթրում են, պարում, զրուցում ամեն ինչից, բայց երբ տղան հարցնում է. «Կասե՞ս անունդ», աղջիկը պատասխանում է. «Ո՜չ»։


Ռեժիսորի խոսքով՝ այդ «ոչ»-ը ոչ թե հարցի պատասխանն է, այլ՝ պատերազմներին ու արհավիրքներին ուղղված «ոչ»։

Պրեմիերայի ավարտին Իննա Խոջամիրյանը նշեց, որ բացառիկ ներկայացումներից էր, երբ բեմելից առաջ եւ հետո իր սիրտն անհանգիստ բաբախում էր. «Սրտիս այդ տպտպոցներն արդարացված էին, քանզի արդյունքը նաեւ դրանից էր կախված։ Արագ անցավ առաջնախաղը, բայց այնքան երկար էինք պատրաստվել, որ թվում էր՝ անվերջ էր։ Շատ նուրբ թեմայի մասին է, ու մենք նուրբ տեղերով ենք քայլում։ Շատ կարեւոր հարցերի ենք անդրադառնում՝ չփորձելով այդ ամենը անհատականացնել։ 


Ինձ համար ամենասկզբում շատ դժվար էր, քանի որ սցենարը չէի կարողանում կարդալ՝ առանց իմ ազգային ինքնության պրիզմայով ընկալելու: Շատ էմոցիոնալ էի արձագանքում ամեն տողին, որոնք տարիների չպարպված ապրումներս էին։ Բարդ համակարգ է, որը մեր գենետիկ կոդում կա»։


Դերասանուհին նաեւ հիշեց, որ փոքր ժամանակ մտածել է՝ եթե հանկարծ սիրահարվի թշնամուն, ի՞նչ կանի. «Փոքրուց ամեն ինչ դրամատիկացնելու բնավորություն ունեմ, եւ հետաքրքիր է, որ այդ միտքս այս ներկայացմամբ վերադարձավ: Ես գնացի մանկություն եւ հիշեցի, որ մտածում էի՝ մայրս ու հայրս ինչպե՞ս կնայեն այդ հարցին։ Բայց եթե պատերազմող այլ ազգեր իրար սիրելու խնդիր չունեն, մեր պատմությունն այլ է»։


Զինծառայողի դերակատար Ռուբեն Մուրադյանն առաջին անգամ է խաղում ներկայացումում. «Շատ մեծ աշխատանք եւ նոր փորձառություն էր ինձ համար։ Ստեղծման ընթացքում ապրած զգացողություններս ու փորձը կմնան ինձ հետ։ Եթե ասեմ՝ սկզբից նայել եմ համամարդկային խնդրի տեսանկյունից, ապա՝ ոչ: Առաջին հերթին այն քո մարմնով ես անցկացնում, բայց այստեղ շեշտը սիրո վրա է դրված»։


Իրադարձությունները զարգանում են Արամ Կարախանյանի մարմնավորած գեներալի տան նկուղում։ Դերասանն այս ներկայացման մեջ լուռ է, եւ երեւում են միայն նրա էմոցիաներն ու վերաբերմունքը։ Նրա խոսքով՝ փորձերի ընթացքում կերպարի ներքին աշխարհը կառուցվել է գործողությունների եւ վարքագծի միջոցով։

«Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու»-ի բեմանկարչությունն ու զգեստների ձեւավորումը կատարել է Հրաչ Քեշիշյանը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW