×


Սեղանի շուրջ՝ «սեւազգեստ կանանց» ու Գոռ Կիրակոսյանի հետ. հանգուցյալը, սիրուհիներն ու ֆլամենկոն

Սեպտեմբերի 15-ին Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան է: Այն նախատեսվում էր ցուցադրել 2022 թվականի աշնանը, սակայն սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո հետաձգվեց: BRAVO.am-ը զրուցել է ռեժիսորի ու դերասանուհիների՝ Ելենա Վարդանյանի, Լուիզա Ներսիսյանի, Դիանա Մալենկոյի, Իվետա Մուկուչյանի, Ռոզի Ավետիսովայի եւ Ռոմելա Սարգսյանի հետ:

- Գոռ, ինչպե՞ս ծնվեց «Սեւազգեստ կանայք» ֆիլմի մտահղացումն ու ո՞նց որոշեցիք, որ հենց այս գեղեցիկ կանայք են մարմնավորելու գլխավոր կերպարներին:

Գոռ. Գաղափարը ծնվել է դեռ «Ազնիվ գողեր» ֆիլմից առաջ: Դավիթ Բաբախանյանն է առաջարկել ֆիլմ նկարել, որում թաղմանը կմասնակցեն հանգուցյալի սիրուհիները: Հետաքրքիր դրվագներ էր մտածել, թե սյուժեն ինչպես կարող է զարգանալ, ու ինձ շատ դուր եկավ: Մինչ ես նկարում էի «Ազնիվ գողերը», Աշոտ Աբրահամյանը գրեց սցենարը: Հույս ունեի դրանով զբաղվել 2020-ին, բայց նախ քովիդը եղավ, հետո պատերազմը: Ուժերս հավաքեցի, եկա Հայաստան ու 2021-ին նկարահանեցի: Լուիզային ու Դիանային միանգամից ենք պատկերացրել, Իվետայի դեպքում, անկեղծ, հույս չենք ունեցել, որ կհամաձայնի (Իվետան ծիծաղում է,-հեղ.), բացի այդ էլ, նրա դերասանական տաղանդին ծանոթ չէի:

Դիանա. Չէիր տեսել, հա՞, իր ֆիլմերը, բռնվեցիր:

Գոռ Կիրակոսյանը եւ Դիանա Մալենկոն


Գոռ. Չէ, տեսել եմ, բոլորն էլ նայել եմ:

Իվետա. Բոլո՞րը, բայց մեկ ֆիլմ է ընդամենը (բոլորս ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Մեկ կարճամետրաժն էլ ունես:

Դիանա. Աչքիս դու էիր մոռացել (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Իվետան ավելի շատ երգչուհի է, դրա համար համոզված չէի: Բայց իր բնակարանում հանդիպեցինք, ու առաջարկեցի միասին կարդալ սցենարը, որ տեսնեմ՝ կկարողանա իմ ուզածի պես զգալ կերպարը, անգամ այդ օրվանից համատեղ լուսանկար ունենք: Առաջին տողից հասկացա, որ այդ դերն Իվետայինն է: Իսկ Ռոզիի, Ռոմելայի ու Ելենայի դեպքում քասթինգ եմ անցկացրել, եւ նրանք հաղթել են բոլորին:

Ռոզի. Եվ փոշմանել (ծիծաղում ենք,-հեղ.):

Ռոզի Ավետիսովան


- Քանի որ դերասանական կազմից խոսեցինք, ինչպե՞ս դարձաք սեւազգեստ կանացից մեկն ու խաղացիք ձեր դերերը: 

Գոռ. Ամենահետաքրքիրը Լուիզայի պատմությունն է, իրեն հարցրեք:

Լուիզա. Ելենայից սկսենք, վերջ ի վերջո, առաջին կինը նա է (ծիծաղում ենք,-հեղ.):

Ելենա. Միակ կինը, ես կասեի:

Իվետա. Դե, մենք սիրուհիներն ենք:

Ելենա Վարդանյանը


Ելենա. Սցենարը կարդացին ինձ համար, քանի որ հայերենով չեմ կարողանում, միանգամից ասացի՝ պետք է այդ կերպարը ստանամ: Հայկական կինոյում իմ առաջին գլխավոր դերերից է: Սցենարը ռուսերեն տառերով գրեցի ու քասթինգի գնալիս տաքսիում փորձում էի սովորել. տանը չէի հասցրել, քանի որ փոքր երեխա ունեմ: Գոռի հետ ծանոթացանք, ու անցա դերիս. միայն մեկ բան գիտեի, որ պետք է արտասվեմ եւ ծիծաղեմ: Նայում էի տեքստին ու չէր ստացվում կարդալ: Հեռանալիս շրջվեցի ու ասացի. «Գոռ, սա իմ դերն է» (ծիծաղում է,-հեղ.): 2 օր ժամանակ տվեցին ու նորից կանչեցին քասթինգի, որ պատրաստված ներկայանամ: Երեւի, աչքերիս փայլն էր գրավել Գոռին, նա զգացել էր, թե որքան շատ եմ ուզում խաղալ:

Գոռ. Միանգամից զգացվեց, որ ցանկությունդ մեծ է:

Ելենա. Շատ մեծ, եւ նկարահանման ընթացքը հիանալի էր:

- Ընթացքին դեռ անպայման կանդրադառնանք, լսենք նաեւ մյուսների պատմությունը:

Ելենա. Հասկացա, դա կոչվում է լռիր (ծիծաղում ենք,-հեղ.):

Ելենա Վարդանյանը եւ Ռոմելա Սարգսյանը


Լուիզա. Դե, քանի որ Գոռ Կիրակոսյանի բոլոր գործերին հետեւել եմ, ոչ միայն էկրաններից գիտեմ նրա աշխատելաոճը, միշտ մեծ երազանք ունեի նկարվել նրա ֆիլմում: Ուզում էի համատեղ աշխատանքում ուժերս փորձել ու հասկանալ, թե նրա կադրում ինչպիսին կլինեմ, մանավանդ գիտեի, որ չի թողնում նույն ռեսուրսներն օգտագործել եւ պահանջում է նոր գույն գտնել քո մեջ: Եվ երբ ԱՄՆ-ից զանգահարեց ու պատմեց ֆիլմի մասին, սցենարը կարդացի:  

Գոռ. Ճիշտը պատմիր:

Լուիզա. Լավ, չկարդացի (ծիծաղում է,-հեղ.):

Գոռ. Սցենարը տվեցի, խոստացավ հենց այդ գիշեր կարդալ, բայց անցավ մեկ ամիս:

Լուիզա. Անցավ, որովհետեւ մենք ԱՄՆ-ում շրջագայության էինք:  

Լուիզա Ներսիսյանը


Գոռ. Հենց ինձ տեսնում էր, խոստանում էր այդ գիշեր կարդալ (ծիծաղում ենք,-հեղ.):

Լուիզա. Հենց ազատ ժամանակ գտա, կարդացի ու հավանեցի, վստահ էի՝ շատ լավ է ստացվելու, 2 ձեռքով համաձայնությունս տվեցի:

Իվետա. Սիրուհիների շարքը շարունակեմ ես (ծիծաղում ենք):

- Իվետա, Գոռը համոզված չէր, որ կխաղաք, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք այս ֆիլմում:

Գոռ. Ասա, թե որտեղ ենք հանդիպել՝ նավի վրա:

Իվետա. Ինձ էլ նավի վրա էր անընդհատ հարցնում, թե կարդացե՞լ եմ սցենարը:  

Գոռ. Քովիդի ընթացքում նույն նավի վրա էինք հայտնվել. Իվետան երգում էր, մենք էլ «Դեմք շոու»-ի հետ հումորային մասն էինք ապահովում:

Իվետա Մուկուչյանը


Իվետա. Քանի որ սցենարը չէի կարդացել, ամեն անգամ նավի վրա փորձում էի այնպես անել, որ ինձ չտեսնի, բայց մեկ է՝ գտնում էր (ծիծաղում է,-հեղ.): Միշտ երազել եմ շատ ֆիլմերում նկարվել ու փորձ ձեռք բերել: Գոռին որպես ռեժիսոր չէի ճանաչում, չգիտեի, որ այսքան մանրակրկիտ ու ճիշտ է աշխատում: Սկզբում շատ հուզված էի, որովհետեւ ամեն դեպքում պետք է քասթինգն անցնեի: Ֆիլմի շնորհիվ շատ-շատ բան սովորեցի: Սկզբում կերպարիս մազերն էի ուզում փոխել, այլ դիմահարդարում անել, շորը սրտովս չէր, հետո հասկացա, որ պետք է սուսուփուս ռեժիսորին լսել ու նրա հրահանգները կատարել: Քիչ-քիչ դարձա Անժելա՝ նրա բզիկները, բնավորության գծերն ու ձայնը գտա: Բայց չէի կարող լինել Անժելա, եթե Լուիզան, ավելի ճիշտ՝ Կատրինան, կողքիս չլիներ: Նայում էր աչքերիս մեջ, ու միանգամից Անժելա էի դառնում:

Լուիզա. Խաղընկերների այդ էներգետիկան այնքան կարեւոր է: Իմ ու Իվետայի միջեւ այդ կապը կար, առանց որի մեր ունեցած մի քանի կարեւոր հատվածները թերի կստացվեին: Ամենակարեւորն այն է, որ ընթացքից հաճույք ենք ստացել:

Ելենա. Իմ հիմնական տեսարանները Դիանայի հետ էին, դե, մայր ու դուստր ենք մարմանվորել, գրազով լացում էինք (ծիծաղում ենք,-հեղ.):  

Հասմիկ Բաբայանը, Ելենա Վարդանյանը եւ Ռոմելա Սարգսյանը


Ռոմելա. Քանի որ լացելու մասին խոսեցինք, անկեղծ, մտածում էի, որ գոնե այս ֆիլմում չեմ արտասվի, բայց էլի չստացվեց:

Դիանա. Գոռն ասաց, որ սցենար ունի եւ ինձ պատկերացնում է դերերից մեկում: Կարդացի ու բազմաթիվ առաջարկներով զանգեցի իրեն: Երկար լսելուց հետո հարցրեց, թե կերպարիս մասին ինչ եմ մտածում եւ կարո՞ղ եմ խաղալ: Պատասխանեցի. «Այ, դա չգիտեմ, պետք է փորձենք»: Հետո պետք է քասթինգին գնայի, ինչն այս կյանքում իմ ամենամեծ սարսափներից է, իմ կարծիքով՝ վատ ստացվեց:

Ելենա. Միեւնույն է՝ իմից վատը լինել չէր կարող (ծիծաղում ենք,-հեղ.):  

Դիանա. Բայց մի հատված կար, որ Գոռը հավանեց. այդ պահն իսկապես զգացել էի:

Գոռ. Ողջ քասթինգը նկարել եմ ու պահում եմ (զարմացած ձայներ,-հեղ.): Դիանան ֆիլմում հոր նկարի հետ մենախոսություն ունի, այդ կտորի առաջին տարբերակը 45 րոպե խաղաց: Բայց հետո ավելի կարճ արեց ու ցույց տվեց, որ կարող է իմ պատկերացրածը ստանալ:


Ռոզի. Ինձ Գոռը չզանգեց Միացյալ Նահանգներից (ծիծաղում է), բայց իսկապես, ինչի՞ չզանգեցիր: Քասթինգով եմ հաստատվել: Գոռի նախորդ ֆիլմերը տեսել էի ու գիտեի, որ կատակերգություն նկարելու վարպետ է: Նա իմ կերպարի հետ կապված ամեն ինչ արդեն պատկերացնում էր, որ մազերս խուզելու են, մոտոցիկլետ եմ վարելու, ամառվա շոգին զուգագուլպայով երկարաճիտ կոշիկներ եմ հագնելու: Չէի սպասում, որ ինձ կհաստատի, որովհետեւ ինչպես միշտ թվաց՝ ամեն ինչ շատ վատ եմ արել:

- Գոռ, հե՞շտ եք հաստատում դերասաններին, թե՞ մի լավ տանջելուց հետո եք հայտնում որոշումը:

- Սովորաբար, 2 անգամ եմ կանչում քասթինգի: Գաղտնիք ասեմ, եթե հասկանում եմ, որ համապատասխանում են դերին, մեկ անգամ էլ եմ ուզում փորձել, որ զգացողություններս 100 տոկոսով տեղն ընկնեն:

Ռոզի. Ինձ էլ 2-րդ անգամ կանչեցիր, փաստորեն դրա համար էր:

Դիանա. Մի րոպե, ինչո՞ւ ես այդ դեպքում ինձ մեկ անգամ կանչել (ծիծաղում է,-հեղ.):

Ռոմելա Սարգսյանը


Ռոմելա. Ինձ քասթինգի մասնակցելու համար զանգահարեց Տաթեւ Կետիկյանը, բայց խաբել էր ու Ռոզիի կերպարի համար կանչել:

Գոռ. Որովհետեւ Տաթեւը միանգամից չէր կարող ասել, որ մերկապար ես պարելու:

Ռոմելա. Սպասում էի իմ հերթին ու խոսակցություններ լսեցի, թե Ռոմելային Լիզայի կերպարը չի սազի, թող Մարին լինի, որը գրեթե կիսամերկ պարելու է: Հրաժարվեցի դերից, բայց տեքստը տվեցին ու համոզեցին մտնել ռեժիսորի մոտ:  

Ռոզի. Գիտեին, որ ինքը քեզ կհամոզի (ծիծաղում ենք,-հեղ.):

Ռոմելա. Գոռը չթողեց Լիզայի տեքստը կարդալ ու միանգամից հարցրեց, թե շարժվել գիտե՞մ:

Դիանա. Դե, շարժվիր (ծիծաղում ենք,-հեղ.):


Ռոմելա. Գոռը պատմեց կերպարի մասին, էլի չհամաձայնեցի խաղալ, բայց տեքստը տվեց, որ տանը ծանոթանալուց հետո վերջանական որոշում կայացնեմ: Իվետայի երգերից մեկն ուղարկեց ու պարելու տեսանյութ ուզեց: Ուղիղ մեկ շաբաթ մտածում էի՝ ինչպես պարեմ, որ Գոռին դուր գա: Ընկերուհուս տուն էի գնացել ու որոշեցի փորձել: Իվետայի երգով ոչինչ չստացվեց, ուրիշը միացրինք, եւ իրենց խոհանոցի երկար սեղանին փորձեցի ինչ-որ շարժումներ անել: Գոռը նայելուց հետո պատասխանեց. «Այնպես կուզեի սեղանից ընկնեիր» (ծիծաղում ենք,-հեղ.):

Ելենա. Լավն էր:

Գոռ. Պարզապես ուզում էի այն տեսանյութերից լինի, որում ընկնում են (ծիծաղում է,-հեղ.): Իմ բախտը միշտ բերել է, որ կարողացել եմ գտնել ճիշտ դերասանների: Այս դերասանուհիներն իմ ուզած էներգիան հաղորդել են, դրա համար էլ ընտրվել են:

- Ի՞նչ տվեց ձեզ ֆիլմը, նկարվելու ընթացքում որեւէ բան սովորեցի՞ք կամ կարողացա՞ք ձեզ որպես դերասանուհի այլ կերպ տեսնել:

Լուիզա. Լրիվ նոր բան սովորաբար չես անում, պարզապես ներսիդ գույներն ես սկսում ակտիվացնել:

- Դուք Իվետայի հետ ֆիլմում ֆլամենկո եք պարում, առանց սովորելու հաստատ չէր ստացվի:

Լուիզա. Ի դեպ, հրաշալի ենք պարում (ծիծաղում ենք,-հեղ.):

Դիանա. Իսկապես շատ լավ կտոր է:

Իվետա Մուկուչյանը


Իվետա. Շատ լուրջ ենք մոտեցել մեր ֆլամենկոյի պայքարին, ֆիլմում կտեսնեք ու կհասկանաք, թե ով է ավելի լավ պարում (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Ռոմելան 2 ամիս գնացել է պարի դասերի:

Ռոմելա. Կեսից զանգահարեցի Գոռին ու ասացի, որ էլ չեմ կարող, քանի որ ընթացքը բավական ցավոտ էր: Բայց նա չթողեց թուլանալ, բացատրեց, որ չի կարող ինձ ֆիլմից հանել: Ի՞նչ կարող էի անել, ենթարկվեցի ու սովորեցի: Գոռը ցույց էր տվել մերկապարի հագուստը, մոտ 19 սմ կրունկով կոշիկները տվել էր, որ տանը դրանցով քայլեմ ու սովորեմ: Այդ տեսարանն ավելի ուշ էինք նկարելու, ողջ ընթացքում կրկնում էր դրա մասին, այնպես էի վախեցել:  

Ռոզի. Դերասաններից մի քանիսը հեշտ են ազատվել, միայն պարել են, իսկ ինձ հարցրել են, թե մոտոցիկլետ քշել կարողանո՞ւմ եմ: Առաջարկեցին սովորել, ընդամենը 20 օր ունեի: Իհարկե, չսովորեցի, քանի որ խելացի ու հեռատես եմ. հենց առաջին օրը դուբլյորն ընկավ ու ծունկը վնասեց, այդ պահին հասկացա, թե ինչքան ճիշտ արեցի:


- Գոռ, Դուք հիմնականում տղամարդկանց հետ եք աշխատել, հե՞շտ էր արդյոք այսքան կանանց հավաքել մեկ ֆիլմում:

Լուիզա. Հիմա փոշմանել է եւ ուզում է ուղղել այդ սխալը (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Միշտ ավելի հեշտ էր սցենարի համար տղամարդկանց երկխոսություններ գրել, բայց այս անգամ Աշոտի հետ փորձում էինք կանանց պես մտածել, ինչն ամենաբարդն էր: Նախկինում երբեւէ չէի արել ու չգիտեի՝ կկարողանամ կանանց հետ ֆիլմ նկարել:

Դիանա. Շատ դաժան էր, պատկերացրեք՝ այդքան կնոջ սանրվածքն ու դիմահարդարումն անընդհատ շտկելու կարիք կար, պետք էր ուշադիր լինել հագուստի հարցում:  

Գոռ. Նրանց մազերի պատճառով շատ եմ տանջվել, որ կադրում անընդհատ նույնը լինեն, դրա համար էլ օգնականս խնդրեց մյուս անգամ ճաղատ տղամարդկանց նկարենք (ծիծաղում ենք,-հեղ.):

Լուիզա. Կերպար ստանձնելիս մտածում եմ, որ պետք է մասնակցեմ նրա հագուստի ու սանրվածքի ստեղծմանը: Գոռի դեպքում պարզապես հետեւում էի նրա ասածներին, որովհետեւ ամեն կերպարի կոշիկից մինչեւ մազերի հարդարանքը մանրամասն պատկերացնում է, էսթետիկական ճաշակ ունի:


Իվետա. Անգամ գույների առումով է ամեն ինչ հստակ:

Գոռ. Բոլորի մազերը ներկել եմ ու կտրել: Ռոզին ամենաշատն է ինձ տանջել՝ չէի կարողանում համոզել, որ սանրվածքը փոխելու ենք:

Ռոզի. Չէի համոզվում, բայց միեւնույն է՝ շարունակում էր նկարներ ուղարկել, թե ինչ կարելի է ստանալ: Համաձայնեցի, որ մի քիչ սափրենք, բայց կամաց-կամաց ավելացրին ու արդյունքում շատ ստացվեց:   

Գոռ. Վերջում իմ ուզածը եղավ, բայց արդեն ինքն էր առաջարկում, որ ավելի շատ կտրենք (ծիծաղում ենք,-հեղ.):

Ռոզի. Արդեն ազարտի մեջ էի ընկել:

- Քանի որ արտաքինից խոսեցինք, բոլորդ սեւ զգեստով եք ու շատ տարբեր, ո՞ւմ հագուստն ու տեսքն էր գրավիչ ամեն մեկիդ համար:

Ելենա. Ինձնից բացի, բոլորին հավանում էի, քանի որ առաջին անգամ էր, որ առանց կարմիր շրթներկի էի եւ երկար մազերի, 50-ականների ոճով իսկական տիկնոջ էի վերածվել: Նայում էի իրենց ու հիանում, իսկական գեղեցկուհիներ, բացի այդ էլ, դանդաղ քայլելով էին հայտնվում կադրում:


Դիանա. Ես էլ հենց Լենայինը կնշեմ, որովհետեւ ասես ուրիշ ժամանակաշրջանի կերպար լինի, շատ սիրուն էր անգամ առանց կարմիր շրթներկի: Մեկ էլ Լուիզին կնշեմ:

Ռոմելա. Իմ կերպարի հագուստից պատմեմ՝ երկար ժամանակ բանակցությունների մեջ ենք եղել Գոռի հետ, նախապես ասել էր, որ կիսատաբատ ու տոպ կհագնեմ, բայց հետո կարճացրեց, ապա մի քիչ էլ, մի քիչ էլ, ու բավական բաց ստացվեց:

Ելենա. Բայց փոխարենը երկարաճիտներդ լավ էլ առանձնանում էին (ծիծաղում ենք,-հեղ.):

Իվետա. Իմ հագուստի հետ շատ դժվար համակերպվեցի: Չէի հարմարվում նաեւ, թե ինչու մազերս պետք է այդպիսին լինեն, հետո երբ կերպարը հասկացա, դա էլ ընդունեցի:

Դիանա. Այսպես ասեմ՝ ամենասեքսին Իվետն էր, ամենաէլեգանտը՝ Լուիզը, ամենաքուլը՝ Ռոզին, ամենանուրբը՝ Ռոմելը, ամենահամովը՝ Ելենը:


Ելենա. Ամենաիդեալականն էլ դու էիր:

Իվետա. Դինուլը ոնց էլ ներկայանա, միշտ լավն է ու սիրուն: Ինձ համար ամենագրավիչը Լուիզի կերպարն էր, նաեւ շատ էլեգանտ:

Լուիզա. Դե, առաջին սիրուհին էի, պետք է լավ երեւայի: Բայց շատ զվարճալի է, որ Դիանան մեր կերպարները, որպես իր հոր սիրուհիների, քննարկում է, արդեն հասկանում ես, չէ՞, պապայիդ (ծիծաղում է,-հեղ.):

- Գանք հանգուցյալին, առաջին անգամ չէ, որ Ձեր ֆիլմի կենտրոնում հենց նա է հայտնվում: Ինչպե՞ս էր Ալբերտին (Արտյոմ Մարկոսյան,-հեղ.) մահացածի դերում նկարելը:

Դիանա. Մահացու (ծիծաղում ենք,-հեղ.):

Լուզիա. Ո՛չ գվվում են, ո՛չ բվվում:


Գոռ. Մարդիկ միշտ կարծում են, որ հանգուցյալի դերը հեշտ է, պառկում են ու ոչինչ չեն անում, բայց դեռ իմ առաջին ֆիլմից («Մեծ պատմություն փոքր քաղաքում»,-հեղ.) գիտեի, թե ինչ է մեզ սպասվում. Հրանտ Թոխատյանի հետ այդ ամենի միջով անցնել ենք: Արտյոմին շատ էի բացատրել, որ իսկապես տանջվելու է: Բոլոր դուբլերի ժամանակ իրավունք չուներ շնչելու, քանի որ պառկած դիրքում միանգամից նկատվում է՝ փորը սկսում է շարժվել: Սովորաբար, իրենց չեմ թողնում դագաղից դուրս գալ, որովհետեւ կա՛մ անհետանում են, կա՛մ էլ կոշիկները կեղտոտում:

Դիանա. Ծիծաղելի էր, որ դագաղի մեջ պառկած էր ու մեկ էլ քրտինքը դեմքով հոսում էր:

Ռոզի. Դադարի ժամանակ մեկ էլ հանկարծ խոր շունչ էր քաշում (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ո՞նց էր հանգուցյալի հետ խաղալը, բոլոր կանանց հենց նա է միավորում ու համոզում գալ իր թաղմանը:

Ելենա. Ինձ համար կատարյալ խաղընկեր էր՝ պառկած ու լուռ: Աղջիկներն են ավելի շատ խաղացել հետը:

Լուիզա. Իվետան է շատ գոհ Արտյոմի հետ խաղից (ծիծաղում է,-հեղ.):

Իվետա. Այդ ամենի մեջ մի քիչ հեգնանք կա, ըստ դերի՝ այդ մարդու հետ կյանքի մի ամբողջ շրջան էի անցկացրել, բայց իրականում սիրածիս չգիտեի (ծիծաղում է,-հեղ.): Նրա հետ կտորը ամենավերջում ենք նկարել ու մի քանի ժամում, բայց իսկապես հետաքրքիր անցավ:


- Ինչո՞վ է առանձնանալու այս ֆիլմն ու ի՞նչ է սովորեցնելու կամ տալու մարդկանց:

Գոռ. Ինձ համար ֆիլմն ավելի շատ ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է: Ոչ մեկն էլ չգիտի իր ճակատագիրն ու թե երբ կարող է մահանալ: Ֆիլմը հիմնված է այն գաղափարի վրա, որ կյանքը ոչ թե ապրած օրերի քանակն է, այլ՝ ունեցած պահերի:

Իվետա. Երեւի, հայկական կինոյում ձեռագրով է առանձնանալու, շատ տարբերվող է:

Գոռ. Հասմիկ, իսկ քեզ համար ինչպիսի՞ն էր ֆիլմը, արդարացրի՞ր հանգուցյալին:

Ես. Ինձ հետաքրքիր էին նրա մտքերը կյանքի ու ամեն պահը ապրելու մասին եւ խորհուրդները: Բոլորին էլ փորձել է անկեղծ սիրել ու իրենից հետո որեւէ լավ հիշողություն թողնել: Այլ բան է, թե որքանով է դա լավ կամ ճիշտ, կամ մարդիկ ինչպես կընկալեն:

Դիանա. Արդարացնելու կամ քննադատելու խնդիր չկա, կյանքն ամեն մեկի դեպքում տարբեր կերպ է դասավորվում:


Լուիզա. Եսասեր է այն առումով, որ շատ մարդկանց կյանքում է ուզում տպավորություն ու հետք թողնել: Այս կերպարին հաջողվել է անգամ իր մահից հետո երջանկացնել նրանց: Փոքրիկ իշխանի պես պատասխանատու է այն մարդկանց համար, որոնց ընտելացրել է: Այդ առումով իրեն արդարացնում եմ, որովհետեւ ոչ մի գործ կիսատ չի թողել, բոլորի մասին հոգ է տարել:  

Ռոզի. Բացի այդ էլ, ամեն ֆիլմից պետք չէ սպասել, որ այն պարտադիր պետք է ուսուցողական լինի:

Լուիզա. Գոռը եզրագծով է գնացել. այս պատմությունը մի քիչ այլ կերպ ներկայացնելու դեպքում Ալբերտը կարող էր լկտի, ցոփ ու շվայտ ստացվել: Ռեժիսորն իր ուզածն է ներկայացրել, դրա համար ֆիլմը նայելուց հետո երբեք չես մեղադրում:

Ելենա. Ամեն մեդալ 2 կողմ ունի, չեն լինում շատ լավ կամ շատ վատ մարդիկ, ամեն ինչ հարբերական է ու կախված նրանից, թե ինչպես ենք մենք դա տեսնում: Նման ֆիլմերը պետք է լինեն, որպեսզի ուրախացնեն մարդկանց: Ինչպես նաեւ այն իրավիճակները, որոնք սովոր ենք քննադատել, այլ տեսանակյունից կնայենք:  

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Նկարահանման վայրը՝ Rosemary Yerevan

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW