×


«Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է». Երեւանը վայելեց հանրահայտ DJ Tiësto-ի հիթերը

Հանգստյան օրերին Երեւանում էր համաշխարհային ճանաչում ունեցող DJ Tiësto-ն: Velotrack+ տարածքում հոլանդացի արտիստի համերգը տեղի ունեցավ Fast Fest-ի շրջանակում: Առաջին անգամ կազմակերպված փառատոնի մասին BRAVO.am-ին պատմել է Mezzo Production-ի տնօրեն Անի Սաղոյանը։

«Tiësto-ն աշխարհում առաջինն է համարվում: Երեւի, Արմին վան Բյուրենից բացի, Հայաստան նման կարգի դիջեյ դեռ չէր ժամանել։ Իր սոլո ծրագրով ներկայացավ, ինչի շուրջ սովորաբար շատ բարդ է համաձայնության գալ։ Բանակցությունները երկար են տեւել. տեխնիկական ռայդերն ամբողջությամբ արտերկրից է»,- նշել է Սաղոյանը։


Նա ընդգծել է, որ փառատոնը շարունակական է լինելու, փորձելու են որակյալ երաժշտություն մատուցել ու այնպես անել, որ Հայաստանը երաժշտական միտումներից հետ չմնա. «Ամբողջ աշխարհում էլեկտրոնային երաժշտությունը մեծ համբավ է վայելում ու հատկապես՝ երիտասարդների շրջանում, չենք ուզում այդ առումով հետ մնալ։ Mezzo Production-ը զարգացնում է ջազ ու ռոք երաժշտություն, նաեւ հատուկ ցանկացանք, որ այս փառատոնը ստեղծվի երիտասարդների համար»։


Մինչ հայտնի հյուրը հարթակ կբարձրանար, հավաքվածներին տաքացրել ու նրանց համար ելույթ են ունեցել դիջեյներ Հայաստանից՝ Leo-ն, Guevo-ն եւ Շանթը, եղել է նաեւ հյուր Վրաստանից՝ Նիկը։

Իսկ ժամը 21:00-ից ուղիղ 2 ժամ իր երաժշտությունը կատարեց DJ Tiësto-ն։ Երեկոն անցավ հետաքրքիր լուսային շոուի ուղեկցությամբ։


Tiësto-ն հայտնվեց վահանակի մոտ՝ բոլորին ոգեշնչելով անդադար պարել ու վայելել սիրելի երաժշտությունը: Ընթացքում չէր մոռանում ստուգել ներկաների տրամադրությունն ու հարցնում էր, թե ինչպես են իրենց զգում։

«Ուրախ եմ առաջին անգամ Հայաստան այցելելու համար։ Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ ու հիանալի է»,- խոստովանեց 54-ամյա երաժիշտը։


Նա միակն է, որ արժանացել է «Բոլոր ժամանակների մեծագույն դիջեյի» կոչմանը, 2015 թվականին «Գրեմմի» է ստացել «Լավագույն ռեմիքս» անվանակարգում, ստեղծել է բազում հիթեր ու շարունակում է իր երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։

Fast Fest-ի կազմակերպիչներն են Fast Bank-ը եւ Mezzo Production-ը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW