×


Լուսանկարը՝ Հայկ Սայադյանի

«Կտեր չենք ուտում, իրար չենք ուտում». Սայադյանի անիմացիոն նկարի կարեւոր ուղերձը

Նկարիչ, անիմատոր Հայկ Սայադյանը ներկայացրել է «Կտեր չենք ուտում, իրար չենք ուտում» անիմացիոն նկարը, որը նրա պատասխանն է ստեղծված իրավիճակին ու այն հաղթահարելուն: BRAVO.am-ի հետ զրույցում Սայադյանը պատմել է նկարի ստեղծման շարժառիթների, արվեստի կարեւոր ասելիքի ու միահամուռ ուժերով բոլոր ճակատներով պայքարելու անհրաժեշտության մասին:

Այս օրերին ամեն մեկը յուրովի է փորձում օգտակար լինել ու սեփական խոսքն ասել, Սայադյանն էլ արտահայտվել է իրեն հատուկ ոճով՝ անիմացիայով: Բայց մինչ նկարին անդրադառնալը, նախ խոսել ենք մեր շուրջը տիրող խառնաշփոթից:

«Ճգնաժամային իրավիճակներում պետք է հասկանալ՝ որն է քո սեփական ռեսուրսը, ինչ կարող ես փոխել՝ առանց այլ ճակատներում ուրիշներին խանգարելու։ Եվ որքան էլ անելանելի է իրավիճակը՝ ամենախանգարող հանգամանքը խուճապն է, ակնթարթային, հուզական արձագանքն ու քայլերը: Հենց այդ ամենի վրա էլ աշխատում է արտաքին ու ներքին թշնամու լայնածավալ մեքենան»,- ասում է Սայադյանը:

Հայկ Սայադյանը


Նա նշում է, որ ոչ միայն արվեստագետների, բոլորի խնդիրն է հնարավորինս զգոն լինել սոցիալական մեդիայում տարատեսակ նետումների հանդեպ, քանի որ տեղեկատվական գրոհները դեռ ավելի ինտենսիվ են դառնալու՝ փորձելով խուճապ, անզորության զգացում, արժեզրկում, ներքին թշնամանք ու պառակտում սերմանել:

Ապա անցում ենք կատարում նկարին, որի մեջ հեղինակը հատուկ միտք ու ասելիք է դրել. «Նկարում երկու հայ են, երկու եղբայր՝ Հայաստանն ու Արցախը՝ մեջք-մեջքի, ուս-ուսի, բազուկներով ու արմատներով իրար հյուսված: Ամբոխն անդեմ է ու մոխրագույն, ուզում է ինչ-որ բան շշնջալ նրանց ականջներին, իրար դեմ հանել եղբայրներին. դա նորություն չէ, պարզապես այսօր այս երեւույթն իր գագաթնակետին է հասել։ Ամբոխը դիտավորյալ է անդեմ ու անգույն նկարված. այդ դերում շատերն են` սեփական աշխարհաքաղաքական շահը հետապնդող գերտերություններից սկսած մինչեւ արտաքին ու հատկապես՝ ներքին թշնամու մեդիատեռորը»:

Սայադյանը բացատրում է, որ նկարում Հայաստանը բռունցքն է ցույց տալիս` ինչպես դա արել է միշտ, եւ բնական ու օրինաչափ է, երբ ավագ եղբայրը պաշտպանում է կրտսերին. «Իսկ Արցախ եղբայրը միջնամատն է ցույց տալիս ավագ եղբոր դեմ զազրախոսներին` արյունը ջուր չի դառնա»:

Համարում է, որ ինքնանպատակ մշակույթն ու արվեստը երկար կյանք չեն ունենում, իսկ երբ մշակույթը մեռնում է, մեռնում է նաեւ դրա կրողը՝ որպես ուրույն տեսակ։

«Մշակույթի ազգապահպան գործառույթն է իրավիճակային ադապտացիան եւ արտացոլումը տվյալ ժամանակի մեջ` դաշտ իջեցնելով ճիշտ, դիպուկ եւ պիտանի ուղերձներ։ Բնականաբար, այս պահին ամենատարբեր ճակատներով շատ ավելի ծանր, շոշափելի ու պիտանի աշխատանքներ են կատարվում: Բայց պատերազմները ոչ պակաս ինտենսիվությամբ շարունակվում են նաեւ մեդիադաշտում, այդ ոլորտի մարտիկների շարքերում կանգնած են նաեւ նրանք, ովքեր տիրապետում են զանգվածներին ուղերձ հղելու գործիքներին՝ արվեստագետներ ու մտավորականներ: Նրանք պիտի պարտադիր գործեն՝ խոսքները մեկ արած»,- ավելացրել է Սայադյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW