×


Արմինե Հարությունյանն՝ Ադրբեջանի կողմից «ահաբեկիչ» որակվելու մասին

Ադրբեջանն «ահաբեկիչ» է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին` ՈՄԱ-ի կազմակերպած 10-օրյա դասընթացներին մասնակցելու համար: ՀԿ-ն հրավիրել է միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու ապատեղեկատվության դեմ եւ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի սանձեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

«Հարությունյանն ընդամենը ցանկացել է սովորել առաջին բուժօգնություն եւ ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում եւ խոշտանգում են։ Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է նրա լուսանկարը եւ ներկայացնում որպես ահաբեկիչ՝ դարձնելով քննադատության թիրախ»,- նշված է ՈՄԱ-ի հայտարարության մեջ:


Aysor.am-ի հետ զրույցում մոդելը նշել է, որ տեսել է ադրբեջանական լրահոսում իր նկարներն ու իր մասին գրածները. «Ոչ մի բան չունեմ ասելու, ինձ համար այդ ամենը ոչինչ չի նշանակում: Անցած տարի էլ, այս տարի էլ մասնակցել եմ ՈՄԱ-ի 10-օրյա վարժանքներին։ Ոչ մի բան չեմ պատրաստվում անել՝ նույնիսկ միջազգային ասպարեզում։ Չեմ ուզում դրան անդրադառնալ։ Այդ ամենն ինձ համար ոչինչ չի նշանակում»:

Ավելի վաղ Հարությունյանը BRAVO.am-ին ասել էր, որ մարտավարական հմտություններ է սովորել, կրակային պատրաստություն եւ առաջին բուժօգնություն. «Համարում եմ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում բոլորը պարտավոր են իմանալ այդ գիտելիքները։ Ամեն օր առավոտյան ժամը 6-ից մինչեւ 12-ը պարապում էինք ու տարբեր փորձությունների միջով անցնում»:

Արմինե Հարությունյանը ճանաչում է ձեռք բերել 2019 թվականին, երբ մասնակցել է Gucci ցուցադրությանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW