×


Գագիկ Գինոսյան. «Ով մեր հույսը մեզնից վանում է, ազգի թիվ մեկ թշնամին ու դավաճանն է»

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը BRAVO.am-ի հետ զրուցել է ազգային գաղափարախոսության, հույսներս մեզ վրա դնելու եւ մտավորականների առաքելության մասին:

- Պարոն Գինոսյան, պատերազմը միայն կռվի դաշտում չի լինում, այլ նաեւ՝ մշակութային, կարեւոր է այդ դիրքերը եւս չզիջել: Ինչպիսի՞ն է իրավիճակն այդ ուղղությամբ:

- Մենք ինքնության կռվում պարտվում ենք՝ բանակում չկա գաղափարախոսություն, չունենք ազգային կրթություն, ազգային մշակույթը վտարված է ցանկացած պետական միջոցառումից: Դաստիարակության հարցը որեւէ կերպ դրված չէ ու չի ասվում, թե ով է մեր քաղաքացին։ Նույնիսկ հեռուստատեսությունն օտարին ծառայող ու ազգը կազմալուծող է։ Առաջին արցախյան ազատամարտի 20-ից ավելի գաղափարական առաջնորդների թույլ չտրվեց ռազմաճակատից վերադառնալ։ Դավաճանները դրսից ուղղորդված ոչնչացրին ամբողջ սերուցքը, որն ազգին իսկապես կարող էր տանել անկախության ճանապարհով։ Հետագա մարտերի ժամանակ Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Արայիկ Մաթեւոսյանի, փառք Աստծո ողջ, բայց հաշմված Սարգիս Ստեփանյանի պես մարդիկ ունեցանք: Բոլոր այդ հերոսները տեսլական են ունեցել Նժդեհի, Լեոնիդի, Ավոյի կերպարով եւ գնացել են այդ ամենի հետեւից։

- Մշակույթի ոլորտում ինչո՞ւ ուժեղ անհատականությունների պակաս կա:

- Գրպանել են մտավորականին՝ կոչումներով, ֆինանսով կամ սպառնալիքով։ Ոչ մեկը չի ուզում այնպիսի բաներ հնչեն, որոնք դիմակներ կպատռեն. նախորդ իշխանության օրոք էլ էր այդպես, հիմա էլ: Նախորդ իշխանություններին ասել էի, որ ժամանակի ընթացքում միգուցե իրենց ամեն ինչ կներեն, երկու բանից բացի՝ մտավորականության գրպանման եւ երիտասարդների կուսակցականացման։ Եթե ուսխորհրդի նախագահը հայտնվում է պատգամավորական բազկաթոռին, այնտեղից նախարար դառնում ու ակադեմիկոսներին կառավարում, որոնք 50 տարի գիտություն են արարել, էլ ինչո՞ւ մյուսները պիտի սովորեն, որ ակադեմիկոս դառնան. նրանք այդ ամենին հասնելու հակընթաց ճանապարհ են տեսել:

- Ի՞նչ է մնացել մտավորականությունից ու ինչպե՞ս պետք է այն գործի:

- Մտավորականություն կա, բայց ամբիոնից զրկված է: Մշակույթի գործիչն իմպոտենտ է, եթե բացառապես մշակութային գործիչ է մնում: Բանավեճի ժամանակ մեկն ասաց. «Իմ երաժշտությունը գրում եմ ու որպես մտավորական առաքելությունս կատարում, ինձնից ոչինչ չեն կարող պահանջել»: Պատասխանեցի.«Կներեք, միգուցե, հանճարեղ երաժշտական գործիչ եք, բայց ոչ՝ մտավորական, որովհետեւ մտավորականն ազգի խիղճն է»։ Մտավորական լինելը հասարակական պատասխանատվություն է ու ազգի խիղճը լինելու առաքելություն։ Ակնհայտ է, չէ՞, Արցախում սեպտեմբերի 19-ից սկսած մի քանի օր սպանդ էր, ու քանի՞ մտավորական ձայն հանեց, կամ մենք՝ որպես պետություն, այդ մասին գոռացի՞նք աշխարհին։

- Որո՞նք են հնարավոր ելքերը, նույն կերպ շարունակելն անհնար է. եթե ուզում ենք ապրել, պարտավոր ենք փոխվել:

- Մեզ ստիպում են նույն կերպ շարունակել։ Լեոնիդի, Գորգիսյանի, Ավոյի տեսակը բավարար չի լուսաբանվել: Մենք հաղթել ենք որակով, ոգով ու գաղափարախոսությամբ: Եթե Գեւորգ Չավուշն ու Անդրանիկն էլ հանճարեղ ռազմավարներ չլինեին, նրանց մեկ ամսում կոչնչացնեին: Այնտեղ Հրայր Դժոխքի պես գաղափարախոս կար, Չավուշի պես՝ ոգու մարդ, Անդրանիկի պես՝ իմաստուն ղեկավար, ոչ թե ամեն մեկն իր համար էր։

Ամենավտանգավորը հիմա այն է, որ մեզ խաղաղությամբ են սպառնում։ Էլի մի քանի հարյուր տղա, խաղաղ բնակչություն ու երեխաներ զոհվեցին, անգամ՝ նույն ընտանիքից երկու եղբայր, հարյուր հազարից ավելի բռնագաղթածներ եղան, դա է խաղաղությո՞ւնը։ Դրա համար էլ առաջին նախագահից սկսած՝ Գարեգին Նժդեհին չեն սիրում, որովհետեւ նրա մտքերը իրենց ու այսօրվա իշխանությունների մահն են։ Դրա համար էլ Նժդեհից սարսափում են. նա 1955 թ.-ի դեկտեմբերին է մահացել, 70 տարի կարելի՞ է մի դիակից վախենալ։ Պարոնայք, դուք 700 տարի էլ կվախենաք, ճիշտ էլ կանեք, որովհետեւ այդ մարդն ավելի ողջ է, քան դուք։


- Դուք ինչպե՞ս եք Ձեր թվարկած բոլոր բացթողումների դեմ պայքարում ու երիտասարդներին կրթում. պարի, խոսքի, մեծերին հիշելու ու նրանց գաղափարախոսությանը ծանոթացնելու միջոցո՞վ:

-Դե, բաներ կան, որոնք գաղտնիք են, ու դրանց մասին չեմ բարձրաձայնի:

- Եթե դրանք մարտավարական նշանակություն ունեն, իհարկե, մի բացահայտեք (ծիծաղում ենք,-հեղ.):

- Խնդիրն ինքնության մեջ է: Ազգի դեմ հանցագործություն ու սրիկայություն են հայկական սերիալները, որոնք հանցագործություն ու լպիրշություն են քարոզում, ներսից ոչնչացնում:

- Կարծում եք՝ հատո՞ւկ չեն նկարահանվել ֆիլմեր մեր մեծերի կամ կարեւոր հաղթանակների մասին, որոնք կարող էին բարձրացնել ոգին:

- Կամ էլ վատ են նկարել: Նժդեհի մասին երկու ֆիլմ կա՝ մեկը մյուսից վատը: Առաջինը՝ «Զանգեզուրը», ԽՍՀՄ-ի ժամանակ Համո Բեկնազարյանն այնքան դիվանագիտորեն է արել, որ անունը չհնչի եւ կերպարը հակասական ստացվի՝ դիտողի մոտ այն երբեք Նժդեհի հետ զուգահեռներ չի առաջացնում: Եթե հրաժարվեր նկարել, իրեն կգնդակահարեին, բայց կարողացավ իր հանճարն այնպես օգտագործել, որ պատմության մեջ տականք չմնա: Իսկ վերջին տարիներին նկարահանված «Նժդեհ»-ում նրանից ոչինչ չկա, միայն մի դրվագ եմ սիրում, երբ ընկերներս «Դրդո» են երգում։ 1987 թ.-ից Նժդեհ եմ կարդում, հայերին՝ դաշնակներին, հնչակներին, նաեւ ռուսական աղբյուրներ, թե ինչպիսին է եղել, առյուծի բաժինը հենց Նժդեհի մտքերն են: Ֆիլմում այնպիսի ծիծաղելի դրվագներ կան նրա մասին: Ոչ մի նժդեհագետի հետ չեն խորհրդակցել, նպատակ են ունեցել «պլպլան» բան ստանալ:

- Քանի որ Նժդեհից խոսեցինք, կարծում եք՝ նման մարդիկ ու հերոսներ մեր մեջ կա՞ն ու կլինե՞ն, ի՞նչն է նրանց այդքան յուրահատուկ դարձնում։

- Ազգի արգանդը երբեք չի ամլանում. Լեոնիդից, Մոնթեից, Թաթուլից, Գորգիսյանից մեկը, հավանաբար, Նժդեհ կդառնար, որովհետեւ նա էլ մեկ օրում չէ այդպիսին դարձել: Դա միայն մարդկային ոգու հանճար չէր, նաեւ՝ փորձառություն, բայց չթողեցին, որ մյուսներն էլ դառնան նրա պես, որովհետեւ ազգի մեջ նման կերպարների առկայությունը սպառնալիք է կայսրությանը։


- Իսկ համակարգն ու ժամանակը նրանց հաղթել կարողանո՞ւմ են, թե միեւնույն է՝ հասցնում են իրենց առաքելությունը կատարել։

- Հերոսի կոչումը պալատական որոշումներով չի լինում. տալիս է ժողովուրդը, եւ կնիքը դնում է ժամանակը: Իրենց կոչումն էլ է տալու ժողովուրդը. եթե այսօր վախենում է ասել, վաղն անպայման է անելու։ Դեռ պատերազմից հետո եմ ասել՝ մելիք Ֆրանգյուլի պես են գերեզման ունենալու: Սյունիքում իրարից ոչ հեռու 2 գերեզման կա՝ Մխիթար Սպարապետի ու մելիք Ֆրանգյուլինը: 300 տարի անց հայ զինվորը կամավոր ծնկի է գալիս ու երդում տալիս Մխիթար Սպարապետի շիրիմին, իսկ մելիք Ֆրանգյուլի շիրիմը, որն ի տարբերություն Մխիթարի՝ սերունդ ուներ, այն էլ՝ նույն գյուղում, թույլ չեն տվել ցանկապատել ու գերեզմանի ճանապարհից դուրս է, որի վրա մինչեւ հիմա մարդիկ իրենց բնական կարիքներն են հոգում:

- Շատ բաներից խոսեցինք, բայց Ձեր անելիքներից այդպես էլ չասացիք՝ հայկական պարերն ի՞նչ կարող են անել ոգին ամրապնդելու ու մեզ միասնական դարձնելու առումով:

- Դա էլ հատուկ քաղաքականություն էր, որ դեռ խորհրդային ժամանակներից պարը թռվռոց է դարձել, երգը՝ կլկլոց. ավելի լավ էր ոչ թե Կոմիտաս երգել, այլ «Կոլխոզնիկ յարը», ոչ թե հայոց ռազմապարն ու «Իշխանացը» պարել, այլ՝ կինտոների։ Իսկ ո՞վ է կինտոն, մի հարբեցող, անհասկանալի կերպար, շուկայի վերավաճառող, որը ոչ մի արհեստ չունի։ Ամբողջ ազգին կինտոյացրին, դա էլ հերիք չէր, այդ ամենը հասավ նաեւ Սփյուռք: Հրավերների ժամանակ ինձ պարի խմբի իրանահայ ղեկավարը հարցնում է.«Վրացական պարը գիտե՞ք, իսկ մոլդովակա՞ն»։ Ես ազգային պարերով եմ զբաղվում, դրանց հետ ի՞նչ գործ ունեմ: «Գնչուակա՞ն էլ չգիտեք»,- ճշտում է: «Տղա, մենք գնչու կամ թափառաշրջիկ չենք, ինչի՞ չես Պարսկահայքի քո «Իշխանացը», «Քաջաց խաղը» պարում»։ Խորհրդային ժամանակներից ծիծաղելով ասում էին՝ «պարողները ոտքերով են մտածում», 20 տարուց ավելի չարչարվեցինք, որ այդ կարծրատիպը ոչնչացնենք ու ցույց տանք՝ սա գաղափարի, ոգու ու ինքնության մշակույթ է: Հիմա նորից են փորձում շեղել եւ տաշի-տուշիի վերածել։ Մշակույթն իրականում առ ոչինչ է, եթե քո ինքնությունը չի կերտում ու ուրվագծում, եւ կապ չունի՝ կերպարվեստ է, ճարտարապետություն, երգ, թե պար:

- Ո՞րն է այս դեպքում պարի ազդեցիկ ու մշակույթ պահող կողմը, ինչպե՞ս է այն ներգործում մարդանց հոգիների ու մարմինների վրա:

- Պարը դրանցից ամենազորեղն է, որովհետեւ կերպարվեստը մեկը նկարում է, մյուսները՝ նայում, շուրջպարերը բոլորն են պարում, հետո այն միակն է, որտեղ հոգին ու մարմինը կատարելապես ներդաշնակ են։ Երբ համայնքը փակ շրջանով պարում է, ամեն մի զարկի հետ նույն դարձումն են անում, նույն թռիչքը, հետ կամ առաջ քայլը, բոլորը քիչ թե շատ նման հոգեվիճակում են, եւ համասեռ հոգեւոր դաշտ է ստացվում: Այն ուզում են ամեն կերպ տրոհել, որովհետեւ եթե ես ու դու բազուկ-բազկի պարում ենք, իրար հետ չենք կռվելու։ Տրոհվել ենք անհնարինության աստիճանի. ոչ մեկը չի հասկանում՝ ով ում խաղն է խաղում, ով է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Թուրքիայի լրտեսը։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Հայաստանում Թուրքայի լրտես կարող է լինել, այն էլ՝ հայ մարդ։ Եթե ամեն օր միասին նույն շուրջպարը պարենք, միմյանց հոգին այնքան պարզ կիմանանք, այնքան թափանցիկ:


- Ի՞նչ անենք այս դեպքում, ամբողջ ազգը պարի՞, որ խմբավորումներ ու միմյանց նկատմամբ անվստահություն չլինի։

- Ոչ միայն պարով պետք է զբաղվել, այլ այն ամենով, ինչը կարող է նպաստել ազգային ինքնությունը վերագտնելուն:

- Թվարկենք՝ որոնք են դրանք:

- Հայոց լեզվի սրբացումն ու ընկալումը, թե այն որքան կարեւոր է, հայոց պատմության, մշակույթի ու աշխարհագրության գիտակցումը։ Հայրենիքի պաշտպանության գիտակցումը: Մարդիկ կան, որ մինչեւ հիմա չգիտեն՝ Արցախը Հայաստա՞ն էր, թե չէ, այդ 7 շրջանը Արցախի՞նն էին։ Ամենատգիտությունն այն է, որ իշխանությունը ԽՍՀՄ-ի տրոհումից հետո եղած քարտեզներով է հաշվում, մինչդեռ նրա կազմավորման ժամանակ Լաչինը Հայաստանի կազմում է եղել։ Ոչ մեկը պատմական փաստ չի հանում, որ 1918-1920 թթ. Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։

- Պարոն Գինոսյան, որտեղի՞ց է լինելու մեր փրկությունը, Դուք լուսավոր ի՞նչ կետ եք տեսնում, կա՞ որեւէ հուսադրող բան։

- Ամեն ինչ էլ կա: Մենք աշխարհի կոկորդին մնացած ոսկոր ենք, եւ դեռ աշխարհի շատ սերունդներ պիտի խեղդվեն։ 1915 թվականին քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Ցեղասպանություն եղավ, նույնն էլ հիմա էր: Սպասում էին, որ Փելոսին կգա, արդյունքում Ադրբեջանը գոնե մեկ մետր հետ գնա՞ց Ջերմուկից. միայն ինչ-որ հորդորներ են հնչում:


- Մեր հույսը մեզ վրա է պետք դնել, դա միանշանակ է։

- Եվ ով մեր հույսը մեզնից վանում է, ազգի թիվ մեկ թշնամին ու դավաճանն է, որովհետեւ ոչ մեկը չի գալու, որտե՞ղ են եկողները։ Պետք է մորթեն, վերջում գան մեզ վրա «Տեր, ողորմեա՞» կարդան, ՄԱԿ-ն էլ այդպես Արցախում հայտնվեց: Եղնիկներում զոհված ընկերոջս դիակը 10 օր չէինք կարողանում բերել, պատկերացնո՞ւմ եք՝ այդքան օր տանը հոգեհանգիստ էր, բոլորը լարված սպասում էին, ու ասացին. «Որոշվել է այստեղ՝ եղբայրական գերեզմանում, թաղել»։ Դուք երկիրն օտարին եք հանձնում, թուրքի սմբակների տակ եղբայրական գերեզմանը ո՞րն է։ Մեզ մնում է վրեժ, բայց այսօրվա վրեժը պարտություն է, եթե չենք նախապատրաստելու ու կրթելու սերունդ, որը գալու է իրենց հայրերի վրեժը լուծելու: Հավաստիացնում եմ՝ տասնյակ հազարավոր երիտասարդներ կան, որոնք իրենց հոր վրեժը լուծելու են, կոկորդներդ կրծելու են, պարոնայք, որովհետեւ այդ տղերքի որբությունը ձեր խղճի վրա է, Արցախի որբությունը ձեր խղճի վրա է:

- Ի՞նչ է պետք անել, որ էլ արյուն չհեղվի ու պատմությունը նորից ոչ մի դեպքում չկրկնվի։

- Անհնար է, բայց առաջին արյունը Սողոմոն Թեհլերյանի վարքով ու Շահան Նաթալիով, վրեժխնդրության Աստծով պիտի լինի: ԱՍԱԼԱ-ի արձանը լավ են կանգնեցրել, սխալվեցին, բայց արդեն ուշ է։ Մինչեւ Թալեաթին սպանելը, առաջին զոհը եղել է Վահե Իսհանին (Եսայան), ով թուրքին 600 հայ մտավորականի տեղը մատնել է։ Թող բոլոր այդ Իսհանիներն իմանան, որ առաջին գնդակն իրենց ճակատին է զետեղվելու, ինչպես ֆիդայիները կասեին։ Մենք չենք մեռնելու, այդ հույսը թող չունենան, Նժդեհն է ասում. «Մահ չկա տիեզերքում» կամ «Հնարավոր չէ մարել այն, ինչ էությամբ անմարելի է՝ հայի ոգին»։ Չեք հաղթելու, պարոնայք, դուք ուղղակի վատ հոտ եք թողնում, այն ցնդում է, բայց մենք մնայուն եք, որովհետեւ մենք ոգի ենք։ Տղերքը Եռաբլուրում ավելի ողջ են, քան՝ դուք, որովհետեւ նրանք չհանձնեցին Արցախը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարներն՝ Տիգրան Մադոյանի եւ «Կարին»-ի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW