×


Մի մարդասպանի պատմությունը՝ «Գոյ»-ում

Միայնությունը, թերեւս, մարդու ամենամեծ վախերից մեկն է։ Դու մենակ ոչինչ չարժես, քեզ չեն նկատի, որքան էլ հանճար լինես։ Եվ չնայած քեզ համար ապրելու տարրական միջոցներ չկան, իսկ մայրդ հրաժարվում է անգամ իր գիրկն առնել ու քեզ մահվան է մատնում, դու կառչում ես կյանքից քո համառ ճիչով։ Զյուսքինդը միայնությունը մի կերպարի մեջ է սեղմել՝ Գրենույի։ Նա բեմում հայտնվեց իր մահից հետո. նրան բեմադրիչ Արինա Արարատյանն էր նկատել ու սկսել սցենարական աշխատանքները.

     - Երեկ նստել ու փորձում էի հիշել՝ ինչու հենց այս գործը: Անկեղծ, չեմ հիշում՝` ինչ պատահեց ինձ հետ, որ սկսեցի աշխատել «Օծանելիք» վեպի սցենարի վրա։ Հիմա, եթե վերլուծենք, կասեմ՝ այս երկրագունդը սիրո մեծ պակաս ունի։


Գրենույը սիրված լինելու բանաձեւի փնտրտուքի մեջ էր դեռ ծնված օրվանից։ Նա շնորհ ուներ․ օժտված էր յուրահատուկ հոտառությամբ, որ հասու էր միայն իրեն, եւ հենց այդ շնորհն էր բանալին։

     - Ոչինչ չի արդարացնում սպանությունը, բայց պատճառը սիրո պակասությունն է, դրա փնտրտուքները։ Ես ստացա այն, ինչ պլանավորում էի։


Օտարված լինելը խելքը թռցնելու պես բան է։ Սերն ու Աստված խորթ էին Գրենույին, եւ նա առանց խղճի խայթ զգալու կսպաներ՝ իր բաժնին տիրանալու համար։

Նա կարճ ժամանակահատվածում կարողացավ տիրապետել օծանագործության նուրբ արհեստին եւ այն արարչության վերածեց։ Իր գեղեցիկը ոչ ոքի հասանելի չէր, ինքն էր այն զգում։ Բույրերը, որոնք ինքն էր ճանաչում, շատերը կերազեին անգամ պատկերացնել դրանց մասին։


Նա գնում էր կարմրահեր ակնթարթի ետեւից, որն իր գլուխգործոցի գլխավոր բաղադրիչը պիտի դառնար։ Գրենույի կերպարն Արսեն Ազիզյանն է կերտել, ով նրա մաշկի մեջ է ու ապրումակցում է.

     - Գրենույին խղճում եմ. մենակ էր, հանճար էր, բայց՝ մենակ։ Եթե ունենար մեկին, ով սեր կտար, ինքն իր հանճարը կծառայեցներ ավելի բարի նպատակի։ Իսկ այս դեպքում ինքը ստեղծեց այդ սերը եւ դեռ ավելին՝ իրեն պաշտում էին։


Հոկտեմբերի 22-ին «Գոյ» թատրոնի բեմում Գրենույը եւս մեկ անգամ կառչեց կյանքից, սողալով Փարիզի գորշ արվարձաններում՝ գտավ իր երանության բանաձեւն ու մեռավ։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW