×


Ինչ է հայտնի «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող խմբի եւ երգի մասին

Նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը՝ «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

«Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան եւ Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի արտիստներից, իրենց երաժշտությանը նաեւ հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն եւ ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարեւորության, ինքնավստահության եւ լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին»,- նշված է հաղորդագրությունում:



Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Աիդան 9 տարեկան է, սիրում է K-pop ու Hip-hop ոճերը, լսում է BlackPink, Triple Charms, BTS խմբերին, հաճախել է պարի եւ վոկալի դասերի, երազում է ունենալ պարի եւ վոկալի սեփական դպրոցը: Ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով:

Նենսին 11 տարեկան է, երգարվեստից բացի, հետաքրքրված է նկարչությամբ, K-pop-ի սիրահար է՝ Black Pink, BTS: Հաճախում է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելը նրա մեծ երազանքն է:

Սյուզաննան 10 տարեկան է, սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում բարձր առաջադիմությամբ, նվագում է դաշնամուր: Հաճախում է նաեւ գեղարվեստական մարմնամարզության: Սիրում է ժամանակակից երգեր եւ ազատ ոճի պարեր: Սյուզաննայի լավագույն ընկերն իր շնիկն է, որն էլ առաջինը լսում է նրա բոլոր երգերը:

Կամիլան 11 տարեկան է, հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, նվագում դաշնամուր եւ թմբուկ: Վոկալով զբաղվում է 4 տարեկանից: Սիրելի արտիստներն են Բրունո Մարսը, Մայքլ Ջեքսոնը, իսկ կոմպոզիտորը՝ Յոհան Սեբաստիան Բախը: Երազում է դառնալ հայտնի երգչուհի:

Նանեն 11 տարեկան է, 4 տարեկանից զբաղվում է երգով ու պարով, սիրում է աշխատել տեսախցիկի հետ: Նկարահանվել է երաժշտական ծրագրերում, գովազդային տեսահոլովակներում: Հոբբին նկարչությունն է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW