×


Լուսանկարը՝ Վսեվոլոդ Տարասեւիչի Ղուկաս Չուբարյանը՝ Մաշտոցի արձանը ստեղծելիս, 1960-ականներ

«Մաշտոցի արձանն իր ճակատագիրն էր». Ղուկաս Չուբարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը Մատենադարանում

Մեսրոպ Մաշտոցի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Հովհաննես Թումանյանի եւ մոնումենտալ այլ հուշարձանների հեղինակ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել Մատենադարանում: Հյուրերի թվում էին անվանի քանդակագործի ընկերները, բարեկամները, ինչպես նաեւ ստեղծագործություններից մեկի բնորդուհին՝ տիկին Անահիտը։

«Կյանքիս առաջին 7 տարիներն ապրել եմ Նալբանդյան փողոցի վրա գտնվող պապիկիս ու տատիկիս տանը, որտեղ ապրում էր նաեւ Ղուկասը։ Նա սկսեց իմ քանդակի վրա աշխատել, երբ 7 տարեկան էի։ Այնպես ստացվեց, որ մորս հետ պետք է մեկնեի Մոսկվա եւ վերջին օրը շուրջ 6 ժամ նստած մնացի հյուրասենյակի սեղանին, որպեսզի նա կարողանար ավարտել քանդակը։ Առաջին տարբերակը գիպսից էր։ Հետո Ղուկասն այն նորից քանդակեց, բայց արդեն թրծակավով, ու ես մինչ օրս այդ մեկն իմ տանն եմ պահում»,- պատմեց նա։  


Տիկին Անահիտը սրտնեղում է, որ Չուբարյանի անվան թանգարան չկա. «Արդյո՞ք Ղուկասը գնահատվել է ըստ արժանվույն, ցավոք, չեմ կարող ասել, սակայն, եթե ինչ-որ բան այն չի եղել, ապա դրանում նաեւ իր մեղավորությունը կա, որովհետեւ արտակարգ համեստ մարդ էր։ Ցավոք սրտի, գործերից շատերն ուղղակի կորան, քանի որ հիմնականում կավից եւ գիպսից էին։ Նա սեփական քանդակները ստորագրելու սովորություն էլ չուներ: Ուրախ եմ, որ հենց Մատենադարանում տեղի ունեցավ ցուցահանդեսը, որովհետեւ Մաշտոցի արձանը, որով հիմա հիանում են, իր գործերից մեկն է»:

Ղուկաս Չուբարյանի գործերն այժմ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում եւ տարբեր մասնավոր հավաքածուներում:


Մեզ հաջողվեց զրուցել նաեւ քանդակագործի դստեր՝ Անուշ Չուբարյանի հետ, որն իր հերթին նշեց՝ հոր աշխատանքներից շատերը մինչ այսօր պահվում են իրենց տան նկուղում:

Քանդակագործի դուստրն ասաց, որ եթե թանգարան բացելու գաղափարը հաջողվի իրագործել այնպես, ինչպես ինքն ու քույրն են ծրագրել, ապա հոր քանդակները եւ Հովհաննես Զարդարյանի՝ հորաքրոջ ամուսնու գործերը նույն տանիքի տակ կհայտնվեն։


Նա պատմեց, որ քանդակագործը ընտանիքում խստապահանջ էր, սակայն նույն ժամանակ թեթեւ բնավորության տեր մարդ էր. «Նա սեփական աշխատանքներով հիանալու սովորություն չուներ, հիանում էր միայն աշխատանքի ընթացքով»:

«Երբ միասին աշխատում էինք Մատենադարանի ցուցասրահներից մեկի համար նախատեսված որմնանկարի վրա, որը պետք է Ստալինի քանդակի փոխարեն տեղադրվեր, հայրս ամեն անգամ նայում էր որմնանկարին ու որեւէ սխալ գտնում, իսկ ես իրեն օգնում էի որմնանկարը ներկել։ Ինքս սխալ չէի գտնում, ու մինչ ավարտելն ամեն անգամ այնպես էինք վիճում, որ անգամ Մատենադարանի աշխատակիցները դեռ հիշում են։ Նկարներս հորս նախապես երբեք ցույց չեմ տվել, որովհետեւ եթե տեսներ, ապա դրանք ցուցահանդեսի չէին հասնի»,- կիսվեց Անուշ Չուբարյանը։


Բացման արարողության ժամանակ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ ցուցահանդեսի ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը։

«Երբ հորս հարցրել են՝ արդյոք Մեսրոպ Մաշտոցի քանդակն իր ամենասիրելի աշխատանքներից մեկն է, պատասխանել է, որ Մաշտոցի արձանն իր սիրելի արձանը չէ, այն իր ճակատագիրն է»,- եզրափակեց քանդակագործի դուստրը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Էվելինա Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW