×


«Երաժշտությունն օգնում է, որ վերքերը լավանան». մի քանի դրվագ՝ «Եռալեգենդ երեկո»-ից

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ հնչում էին Սթիվի Ուանդերի, Ուիթնի Հյուսթոնի եւ Սելին Դիոնի հանրահայտ երգերը՝ Էստրադային սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ։ «Եռալեգենդ երեկո» խորագրով համերգի մեներգիչներն էին Գոռ Սուջյանը, Արամ MP3-ը, Սրբուկը, Սյուզաննա Մելքոնյանը, Մարկ Հայրապետյանը, Սեդա Սեյրանյանը եւ Մադլենը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Հայրապետյանն ասաց, որ հայ կոմպոզիտորների գործերին տեւական ժամանակ անդրադարձել են, իսկ այս ձեւաչափով առաջին անգամ են ներկայանում լսարանին.

    - Երեքն էլ համաշխարհային երաժշտության հիմնասյուներից են, մեծ հարստություն են թողել: Նպատակ ունենք շարունակել «Եռալեգենդների» շարքը։


Դիրիժոր Քավե Զյուլեն, մի պահ պտտվելով, բռնեց Մադլենի հայացքը, ստացավ համաձայնությունը եւ տվեց առաջին չափը։ Մադլենն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում․

    - Հայերի համար երգել եմ Ֆրանսիայի բեմերից: Այստեղ իմ ելույթով շատ տպավորված եմ: Հուսով եմ՝ նորից հանդես գալու առիթներ կունենամ։


Արտիստներից Գոռ Սուջյանն ինտերակտիվ ելույթ ունեցավ՝ ներգրավելով հանդիսատեսին երաժշտական փորձություններում․

    - Ուրախ եմ, որ ընդհանրապես համերգներ լինում են։ Կարեւոր են այսպիսի միջոցառումները: Խոսքը բնավ անտարբերության մասին չէ. երաժշտությունն օգնում է, որ վերքերը լավանան։


Իսկ Սեդա Սեյրանյանն իր ելույթից հետո բացեց նաեւ որոշ փակագծեր՝ կապված իր գործունեության հետ․

    - Շուտով կներկայացնեմ Էլվինա Մակարյանի երգերից մեկը՝ նոր գործիքավորմամբ եւ մոտեցումով, եւս երկու երգ ունեմ, որոնցից մեկն ինձ համար է գրված եւ մեր ժամանակների մասին է, իսկ մյուսի մասին դեռ չեմ ասի (ժպտում է,-հեղ.):


Միջոցառումն ավարտվեց, երբ հաղորդավար Ժակը բեմ հրավիրեց բոլոր արտիստներին՝ Սթիվի Ուանդերի «Isn’t She Lovely» երգի ուղեկցությամբ։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW