Հին երգերին նոր շունչ հաղորդելը, հայերենի զգացողությունն ու ապրումը երգի միջոցով փոխանցելը Արփիի ստեղծագործական ձեռագիրն է։ Երգչուհին գուսան Շահենի երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որում կտեսնեք նաեւ նրա որդուն: Նոր աշխատանքով կիսվելիս գրել է. ««Հայերենը» միայն կարդալն ու գրելը չէ, «Հայերեն» ապրել է պետք, «Հայերեն» սիրել, նվիրվել ու... մեռնել «Հայերեն»»։ Bravo.am-ի հետ զրույցում Արփին պատմել է երգի ընտրության եւ նման տեսահոլովակ ունենալու անհրաժեշտության մասին։
- Ինչո՞վ Ձեզ գրավեց Գուսան Շահենի այս երգը։
- Շահենն իմ սրտի գուսանն է․ նրա երգերը համահունչ են իմ զգացողություններին։ Միշտ սիրում եմ անդրադառնալ այն երգերին, որոնք քիչ են հնչել կամ գրեթե չեն կատարվել։ Այս երգի տեքստն ինձ միանգամից գրավեց: Երբ կարդացի այն, հասկացա՝ չի կարելի թույլ տալ, որ մնա գրքի էջերում ու տարիներով փոշի նստի վրան։
- Այսօր, սակայն, երգիչների մեծ մասն ընտրում է կոմերցիոն հնչողություն ունեցող երգեր։
- Ճիշտ ես: Այսօր շատ երգիչներ շահեկան երգերով են առաջ գնում, բայց ինձ համար կարեւոր են ստեղծագործության իմաստը, խոսքերն ու մեղեդին։ Այդ պատճառով էլ հստակ որոշեցի, որ այն պետք է լինի իմ երգացանկում։
- Հաճա՞խ եք մտածում հայերենի ու ազգային արժեքների պահպանման մասին։
- Համերգներով շատ եմ լինում արտերկրում, ու ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե որքան են որոշ ընտանիքներ հեռացել հայերենից, սիրտս ցավում է։ Վերջին շրջանում դա նկատում եմ նաեւ մեզ մոտ։ Ու ամեն անգամ ինձ հարց եմ տալիս․ «Ախր ինչո՞ւ են մեր սիրուն հայերենի հետ այդպես վարվում»։ Խոսքը միայն հայերեն գրել-կարդալու մասին չէ, այլեւ հայերեն ապրելու, հայերեն մտածելու, այն ամենը պահպանելու, ինչ պտտվում է հայերեն բառի շուրջ՝ մեր ընտանիքներում մեր արժեքները: Այսօր հայկականը շատ է ոտնահարվում։ Ցավով եմ ասում, բայց հենց դա էլ դարձավ այս երգը երգելու պատճառը։
Արփին
- Տեսահոլովակը նկարահանել եք Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։ Նրա բանաստեղծությունն է հիմք հանդիսացել, որն, ի դեպ, հնչում է երգի վերջում։
- Այո՛, դեռ երկու տարի առաջ Սիլվա Կապուտիկյանի թանգարանում գեղեցիկ հանդիպում ունեցանք, եւ միտքս միանգամից գնաց հենց այդ վայր։ Խոր կապ զգացի իմ ու տուն-թանգարանի միջեւ։ Սիլվա Կապուտիկյանն իմ ամենաճանաչված կատարումներից մեկի՝ «Մախմուր աղջիկ» երգի խոսքերի հեղինակն է, եւ այնտեղ իսկապես տան զգացողություն ունեցա։
2019 թվականին տղայիս հետ Թումանյանի տուն-թանգարանում նկարահանել էի «Ծիտիկի օրորը», որի խոսքերի հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Ցանկացա շարունակել թանգարաններում տեսահոլովակներ նկարահանելու ավանդույթը։ Այն ժամանակ տղաս մեկ տարեկան էր, իսկ հիմա արդեն տառաճանաչ է, եւ ուզում էի, որ անպայման զգար մեծ բանաստեղծուհու տուն-թանգարանի մթնոլորտը։ Գիտակցեր, որ գրում է հենց Սիլվա Կապուտիկյանի գրասեղանի մոտ նստած։
Ցանկացա տեսահոլովակով ցույց տալ հայերենի շունչը, արժեքը, հայ լինելու վեհությունը, որն ամբողջովին փոխանցում է տուն-թանգարանը։ Երգի գործիքավորումն արել է Գարեգին Առաքելյանը, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր, օպերատոր Տիգրան Պետրոսյանը։ Ուզում էի պարզ տեսահոլովակ, որում հայերենը պարզ երեւար՝ առանց ավելորդությունների։
- Արփի, որոշ ժամանակ առաջ փոքրիկ հոլովակ հրապարակեցիք, որում Խնձորեսկի ճոճվող կամրջի վրա երգում էիք «Սյունյաց սարեր» երգը, բայց այդպես էլ երգի ամբողջական տարբերակը չհրապարակվեց։ Ինչո՞ւ։
- «Սյունյաց սարեր» երգը նույնպես շատ քիչ է հնչել կամ վերջին անգամ կատարվել է շատ վաղուց։ Այսինքն՝ նոր մշակում ու նոր կատարում չկա։ Ձգձգումը կապված է տեսահոլովակի հետ, քանի որ լուրջ աշխատանք պետք է տարվի, որը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում։ Իմ պատկերացրած տեսահոլովակում պետք է ներկայացվի Սյունիքի ողջ գեղեցկությունը։
Գիտեք՝ ես սյունեցի եմ ուղն ու ծուծով։ Ցավոք, երգում կան տողեր, որոնք այսօր էլ արդիական են, եւ ձայնագրության ընթացքում շատ եմ հուզվել։ Հուսով եմ՝ այս գարնանն անպայման կնկարահանենք տեսահոլովակը, որը լավագույնս կներկայացնի Սյունիք աշխարհը։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Արփիի անձնական արխիվից
Посмотреть эту публикацию в Instagram


×
146






