×


Երեք փոքրիկ գդալ շաքարավազ. հանդիպում Տիգրան Մանսուրյանի եւ Աննա Արեւշատյանի հետ

Սեւ թեյ եւ երկու գդալ շաքարավազ, իսկ եթե գդալը փոքրիկ է՝ մեկ գդալ ավելի։ Տիգրան քեռին, ինչպես հաճախ են իրեն դիմում, թեյն այսպես է սիրում խմել։ Երբ նրան ուղեկցում էի «Զանգակ», ասաց.

- Չգիտեմ՝ տիկին Արեւշատյանն ինչ նախընտրություն կունենա, բայց պիտի խնդրեմ՝ ինձ համար թեյ գտնես։

Պայմանավորվեցինք։

Առաջին թեյի համեմատ երկրորդը խնդրեցի մի փոքր ավելի քաղցր պատրաստել։ Եվ հենց այդ մեկն էլ ճիշտ այնպիսին էր, ինչպիսին նախընտրում էր մաեստրոն։ Ինչի՞ց հասկացա։ Կում արեց, գլխով արեց ու ժպտաց։

Աննա Արեւշատյանը եւ Տիգրան Մանսուրյանը


Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները պարզապես երաժշտական երկերի ամբողջություն չեն, այլ երկխոսություն հայ բանաստեղծության, հոգեւոր երաժշտության, պատմական հիշողության եւ ժամանակակից աշխարհի հետ։ Նրա երաժշտությունը կենդանի նյութ է, որը վերաիմաստավորում է իր ներսում կրող անցյալի մի ստվար ժառանգություն՝ դրան հաղորդելով նոր հնչողություն։

Կոմպոզիտորին նվիրված մենագրությամբ երաժշտագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արեւշատյանը փորձել է բացահայտել այս ստեղծագործական բազմաշերտությունը: Գրքի ստեղծման ընթացքում հեղինակը շուրջ երկու տարի առավել մանրամասն ուսումնասիրել է նրա ստեղծագործությունները, պարտիտուրներն ու ձայնագրությունները՝ փորձելով մեկ ամբողջության մեջ ներկայացնել ոչ միայն Մանսուրյանի երաժշտական ժառանգությունը, այլեւ նրա գեղագիտական հայացքներն ու ստեղծագործական մտածողությունը։ Մենագրությունը նախատեսված է ոչ միայն երաժշտագետների, այլեւ ավելի լայն լսարանի համար՝ նպատակ ունենալով մասնագիտական բովանդակությունը ներկայացնել հնարավորինս մատչելի ձեւով։

Աննա Արեւշատյանը


Արեւշատյանը պատմեց, որ գրքի գաղափարն առաջացել է 2020-2021 թվականներին՝ Վենետիկում գտնվելու ընթացքում, երբ նա սկսել է ուսումնասիրել Մանսուրյանի վերջին տասնամյակների ստեղծագործությունները։ Սկզբում նախատեսել էր աշխատանքն ավարտել վեց-յոթ ամսում, սակայն ուսումնասիրությունը տեւել է շուրջ երկու տարի։ Նա մանրամասն ուսումնասիրել է կոմպոզիտորի պարտիտուրներն ու նոտաները, ինչպես նաեւ ունկնդրել ձայնագրությունները։

Երաժշտագետը նշեց, որ Մանսուրյանի հետ ծանոթացել է Երվանդ Երկանյանի միջոցով, որի հետ հետագայում ամուսնացել է, իսկ ավելի ուշ դարձել է նաեւ Մանսուրյանի ուսանողուհին։ Դասախոս-ուսանող հարաբերությունները տարիների ընթացքում վերածվել են բարեկամական շփման, որը շարունակվում է մինչ օրս։

«Մենք 1971 թվականից ծանոթ ենք, եւ ինձ թվում էր, թե ամեն ինչ գիտեմ նրա մասին: Բայց երբ սկսեցի խորությամբ ուսումնասիրել, տեսա, որ սա, ասես, այսբերգի միայն գագաթն է: Այնքան բան կար եւ այնքան գործեր կային, որոնք ինձ անծանոթ էին, եւ որոնց մանրամասնորեն ծանոթանալու եւ ուսումնասիրելու կարիք կար»,- ասում է Արեւշատյանը:

Աննա Արեւշատյանը եւ Տիգրան Մանսուրյանը


Մանսուրյանը կինոյի ոլորտում աշխատել է տարբեր ռեժիսորների հետ, բայց դրանց շարքում գրքի հեղինակն առանձնացնում է կոմպոզիտորի աշխատանքը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար։

«Ի տարբերություն այլ ֆիլմերի, որոնք շատ ավելի մեղեդային են, եւ որոնց երաժշտությունը գրվել է ֆիլմի կերպարներից ստացած անմիջական տպավորությամբ, այստեղ մեծ դաշտ էր բացվում ձայնի հետ փորձարարության համար։ Շատերի, այդ թվում՝ իմ կարծիքով, այդ աշխատանքը փայլուն է կատարված․ այստեղ հնչում են ե՛ւ հեղինակային, ե՛ւ ազգագրական երաժշտություն, ինչպես նաեւ աղմուկների ու տարբեր հնչյունների ձեւափոխված զանազան համակցություններ»,- նշում է Աննա Արեւշատյանը։

Տիգրան Մանսուրյանը


Գրքում կա նաեւ կոմպոզիտորի անդրադարձն այս ֆիլմի երաժշտության ստեղծման ընթացքին. «Ես գրում էի պարտիտուրը, վայրկյանաչափ ցույց տվող մեկ լարի վրա՝ ինչպես լվացքի պարանին, կախում էի տարբեր լաթերի նմանվող առանձին ձայներ կամ ձայնամիացություններ։ Մկրատով կտրված ֆրազը երբեմն շատ ավելի մեծ էներգիա ունի իր մեջ, քան այն ֆրազը, որը հասնում է իր տրամաբանական ավարտին ու մարում»։

Երբ հարցրին՝ ֆիլմերի երաժշտությունը գրելիս կարդացե՞լ է սցենարները, Մանսուրյանը պատասխանեց. «Դաշնամուրի մոտ եմ նստել, սցենարը կարդացել եմ, սցենարը գցել եմ դաշնամուրի տակ ու սկսել եմ գրել»: Բոլորը ծիծաղեցին։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW