×


Խանդիկյանը բեմադրել է «Լորենցաչչո»-ն․ փակ պրեմիերան, 23 կերպարներն ու մինիմալիստական լուծումները

1530-ականներ, Ֆլորենցիա։ Քաղաքում իշխում են Մեդիչիները։ Հասարակական ու քաղաքական ինչպիսի իրավիճակ էր տվյալ ժամանակաշրջանում՝ պատմականորեն ու գեղարվեստորեն նկարագրված է ֆրանսիացի հեղինակ Ալֆրեդ դը Մյուսեի «Լորենցաչչո» պիեսում։ Երեւանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել են պիեսը․ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ համանուն ներկայացման ռեժիսոր Արմեն Խանդիկյանն ասում է՝ թեման արդիական է մեր իրականությունում։ «Լորենցաչչո»-ի նախադիտմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է բեմում ու հետնաբեմում, ինչպես նաեւ զրուցել դերակատարների հետ։


«Ներկայացնում եմ պիեսի իմ տարբերակը։ 23 գործող անձ կա, դեկորը մինիմալիստական է, բեմադրությունը լիովին փոխանցում է այն, ինչ ուզում էր ասել Մյուսեն։ Փորձերի ընթացքում արտիստների հետ, որոնց մեծ մասը թատրոնի նոր սերունդն է, ստեղծել ենք կերպարներ, յուրահատուկ բեմական աշխարհ ու մթնոլորտ։ Այս գործում չկան չար կամ բարի կերպարներ, բոլորը մարդիկ են՝ իրենց ճշմարտությամբ ու մտքերով։ Ինձ համար իրոնիկ տրագեդիա է»,- ասում է Խանդիկյանը։


Պիեսը ռեժիսորին դեռ ուսանողական տարիներից է հետաքրքրել։ Իսկ աշխատել սկսել են 2016 թվականից, երբ դերասան Արտաշես Մխիթարյանի հետ թարգմանել են ու հայաֆիկացրել։ Փորձերը մեկնարկել են նախորդ տարվանից։ Բեմադրության իր տարբերակում Խանդիկյանն օգտագործել է ասույթներ իր եղբոր՝ Տիգրան Լեւոնյան-Խանդիկյանի գրքից, ինչպես, օրինակ, այս մեկը. «Ամբոխը, Ռենցո՛, սկզբունք չունի, ոչ ոք չգիտի, թե նա ինչ կանի իմ վերջից հետո, ինքն էլ չգիտի: Զգո՛ւյշ ամբոխից»: Ի դեպ, իր այս ներկայացումը ռեժիսորը նվիրել է եղբոր հիշատակին։


Լորենցո Մեդիչիի կերպարում հանդես է գալիս Արտաշես Մխիթարյանը։ Մեր զրույցում նա անկեղծացավ, որ սա իր առաջին մեծ դերն է՝ հաշվի առնելով այն երկար ու դժվարին աշխատանքը, որ արվել է իր կերպարը ստեղծելու համար․ «Հետաքրքիր ու ծանր փորձեր էին։ Թվում է՝ շատ ավելի բարդ է, երբ միանգամից 23 հոգի է ներգրավված ներկայացման մեջ, բայց նաեւ հեշտ էր, քանի որ իսկապես շատ համախմբված էինք՝ «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով։ Ամենակարեւոր փաստերից մեկն այն է, որ չորս սերունդ է աշխատում բեմում՝ ավագ, միջին, երիտասարդ, ու վերջում կտեսնեք երեխայի։ Կրթելու, հոգատարություն ցույց տալու գործառույթը շատ կարեւոր է ռեպերտուարային թատրոնի համար»։


Դիանա Մալենկոն, որ հանդես է գալիս մարքիզուհու կերպարում, ուշ է միացել կազմին. արդեն բեմական փորձերն էին տարվում։ Սակայն Արմեն Խանդիկյանի հետ երկար զրույցներից հետո կարողացել է հասնել այն կետին, որտեղից պիտի միանար ընթացող աշխատանքներին․«Տիպիկ կնոջ կերպար է՝ տղամարդկանց հետ իր խնդիրներով, մտածմունքներով, նաեւ շատ խելացի է, հետաքրքրվում է քաղաքականությամբ եւ լավագույնն է ցանկանում թե՛ իր երկրի, եւ թե՛ դուքսի համար։ Մի կարեւոր պահ կա, երբ դուքսն ասում է՝ «Ինչո՞ւ ես խառնվում քաղաքականությանը, խաղա քո դերը, քո գեղեցիկ, կանացի դերը»։ Մարքիզուհու կերպարը, կարծում եմ, յուրահատուկ է նաեւ նրանով, որ որոշակի ֆեմինիստական տարր ունի»։


«Լորենցաչչո» ներկայացման պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 4-ին։ Դրամատիկական թատրոնում արդեն սպասում են իրենց հանդիսատեսին՝ միասին մտածելու, ժպտալու, մտահոգվելու եւ ծիծաղելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW