Ժամանակակից բանաստեղծ եւ սցենարիստ Երեմ Կարապետյանը (Եր Կար) BRAVO.am-ի «Բացահայտում» շարքի նոր հերոսն է ու իսկապես իր անհատականության տարբեր շերտերն է բացել:
- Արվեստի երեք գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա։
- Երեքը քիչ է, բայց փորձեմ առաջինը մտքիս եկածներն ասել՝ Ժան Կոկտոյի «Օրփեոսի եռագրությունը», «Բհագավադ-գիտան ինչպես որ է»-ն եւ Վասիլի Կանդինսկու «Կետը եւ գիծը հարթության վրա»-ն:
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։
- Ասում են, որ ես խոհանոցում նորարար եմ ու կարողանում եմ քարից հաց քամել։
- Գրելու հետ կապված առաջին հիշողությունը։
- Յոթ տարեկան էի, ուսուցչուհիս հանձնարարել էր քառյակ գրել բնության մասին։ Անգամ պահել եմ տետրի այդ էջը, որտեղ տառասխալներով բստրել եմ իմ առաջին տեքստը։
- Իսկ առաջին արձագա՞նքը, երբ հասկացաք, որ դիպչում եք մարդկանց հոգիներին։
- Մարդկանց հոգիներին դիպչելը խաբուսիկ է։ Ես գրել եմ այն, ինչից ցանկացել եմ ազատվել. մեծ բան չի։ Չգրելն ավելի օգտակար է: Առաջին արձագանքը «Գրանիշ» գրական համայնքից էր։ Այս հարթակում մի հարկի տակ կան իմ սիրելի հայ ժամանակակիցներից գրեթե բոլորի գործերից։ Հրաշալի կատալոգ է՝ ընտրելու համար, թե ում եք ուզում կարդալ արդեն ֆիզիկական գրքով։
- Ստեղծագործելու ամենասիրելի կողմերը։
- Նոր տարածքներ սարքելն ու քանդելը։ Իմ մեջ ապրող երեխայի մանկամիտ հավատը, թե մի նոր բան է հորինելու, եւ մեծահասակի հիասթափությունը, երբ հասկանում է, որ հեծանիվ հնարավոր չէ հորինել։
- Իսկ ամենադժվարնե՞րը։
- Ժամանակը զգալը, ճիշտ լեզուն ու սեփական ձայնը գտնելը։ Ինձ համար գրողը պետք է լինի պերֆորմատիվ: Թեեւ թատրոնը, ֆիլմերը, խաղերը, համացանցը գրականությունից խլեցին նրա գլխավոր դերը, այժմ տեքստը խոր վերաիմաստավորման փուլում է։ Մոտենում է մի ժամանակաշրջան, երբ գրականությունը վերադառնում է իր բուն առաքելությանը։ Հուսով եմ։
Եր Կարը
- Երեք գրող, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել։
- Կարեն Անտաշյանի «Դզոնը» հասկացրեց ինձ թողնել թուղթ ու գիր անելը։ Ֆրանց Կաֆկան ստիպեց ամեն ինչում տեսնել իմ մեղքը։ Հայտնվեցի լաբիրինթոսում, որտեղ ես ինքս իմ դատավորն եմ ու զոհը։ Կանդինսկին, Մալեւիչը, Խոսե Օրտեգա ի Գասեթն ու էլի շատերը սովորեցրին ճանաչել սահմանները, որոնք չկան, բայց եւ դուրս գալ դրանցից ու ինձ նայել զրոյից։
- Հայ հեղինակների ամենասիրելի գործերը։
- Շատ են. երեքի մեջ չեմ տեղավորվի: Աննա Դավթյանի «Խաննա»-ն, Ավագ Եփրեմյանի «Վարք. սեւագրություն»-ը, Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք»-ը, Լեւոն Խեչոյանի պատմվածքները, Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա»-ն, Տիգրան Պասկեւիչյանի բանաստեղծությունները, Հենրիկ Էդոյանի անժամանակ տեքստերը, Վարդան Դանիելյանի դոկումենտալ պոեզիան... Սիրում եմ բոլորին։ Հերթում կան գրողներ, որոնց դեռ ձեռքս չի հասել: Կներեք, ազիզներ։
- Ժամանակակից հայ գրականությունն ու պոեզիան՝ մի քանի բառով։
- Բազմաձայն, զարմանալի մոգական, ինքն իրեն բացահայտել փորձող։
- Գրող, որի հետ դեմ չէիք լինի երեկոյան զրուցել։
- Կուզեի զրուցել Օլդոս Հաքսլի հետ, հարցեր ունեմ նաեւ Արմեն Շեկոյանին։ Ի դեպ, «Ակտուալ արվեստ» հրատարակչությունն «Իմ Շեկոյանը» նոր ժողովածու ունի։ Կարելի է վերցնել եւ զրուցել։ Իսկ եթե ոչ գրող, ապա հերթում են Կանդինսկին, Բոսխը, Պազոլինին...
- Իսկ ամենահետաքրքրող հարցը, որ կտայիք։
- Ինչո՞ւ։
- Երեք հեղինակ, որ կավելացնեիք դպրոցական ծրագրում։
- Ավագ Եփրեմյան՝ չնայած բառը պետք է թաքցնի բանաստեղծությունը օտար աչքերից։ Կարեն Անտաշյան՝ մեր ժամանակը բոլորովին ուրիշ լեզվով հնչեցնելու համար... Մարինե Պետրոսյան։ Մարինեն շատ հետաքրքիր է։
- Երեք բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի ստեղծագործություն։ Իսկ Ձե՞րը։
- Դարակազմիկ՝ ինչ, ինչպես, ինչու։ Իմոնք դեռ չունեմ, որովհետեւ դեռ մի երեւելի բան չեմ ստեղծել՝ բացի գրական կեղծանունից։
- Ձեր գրած որեւէ աշխատանք ներկայացնելու հետ կապված առաջին ապրումները։
- Զարմանալիորեն, իմ ներքին երեխայի ու ծնողի հետ հաշտության միակ պահերն են դրանք։
Եր Կարը
- Ինչի՞ մասին այսօր առաջին անգամ կպատմեք, կխոստովանեք։
- Ես միշտ անում եմ այն, ինչ օրգանիզմս թելադրում է: Դրանում է իմ ֆենոմենը։
- Ո՞ւմ խոսքերն են Ձեր գլխում հնչում ամենադժվար պահերին։
- Սարգիս Փարաջանյանի «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով»-ը։
- Ո՞վ է Ձեզ ամենալավը ճանաչում։
- Տարիների հետոն ցույց տվեց, որ ծնողներս։ Նրանց հետ ընկերությունը փրկեց ինձ ինձնից։
- Ո՞րն է ամենասովորական բանը, որը Ձեզ երջանկացնում է։
- Քրոջս տղայի հետ ամենասովորական խաղ-զրույցը։
- Եթե կարողանայիք մեկ օրով փոխանակվել որեւէ մեկի կյանքի հետ, ո՞ւմ կընտրեիք։
- Վերածննդի Իտալիայից՝ ցանկացածի։
- Եթե Ձեր հեռախոսը հինգ րոպեով հայտնվեր իմ ձեռքում, ո՞ր հավելվածը չէիք ցանկանա, որ բացեմ։
- Նոթերս. այնտեղ իմ փորձարկումներն են բառերով։
Եր Կարը
- Մոլորակի վրա ամենալավ տեղը։
- Էջմիածնի իմ տունը, որ սարքել է վարպետ Շիրակը։
– Երեք վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում։
- Երեւան, Արցախ, Վերոնա։
– Երեք անհրաժեշտ ապրում։
- Բաց թողնելը, բարձրաձայն պոեզիա կարդալը, վերացական աշխարհից հետո եկող դառնահամը։
- Երեք ոգեշնչող հանգամանք։
- Արվեստը, մարդիկ, ճանապարհները։
- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ։
- Ընկերներս: Նրանք քիչ են, բայց նրանց հայ են ասում (ծիծաղում է,-հեղ.):
Եր Կարը
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել։
- Հիմա շատ եմ նկարում, բայց, այ, լավ տիրապետելը չէր խանգարի։
- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել։
- Ազատվել ուշ քնելու սովորությունից, ձեռք բերել սպորտով զբաղվելու սովորություն։ Շուտ չձանձրանալ։
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ։
- Արամ Ավետիսը։ Նյարդաբան է Արամը, բայց ոչ թե հանգստացնում է նյարդերդ, այլ ավելի է սրում։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին։
- Կասեն, որ լուսավոր մարդ եմ, բայց մութ կողմերս բացահայտելուց հետո ինքս այդպես չեմ տեսնում։ Կարծում եմ՝ ոչ լավն եմ, ոչ էլ վատը։
- Ձեր երբեւէ ունեցած ամենագեղեցիկ ու քննարկված նկարը։
- Նկար, որտեղ բոլորին թվում է, թե ես մերկ եմ, բայց չեմ։ Հանգստացեք (ծիծաղում է,-հեղ.):
Եր Կարը
- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ։
- Այս մեկը:
- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում։
- Ունեմ մի քանի գաղափար, որոնց իրականացման համար փողն է պակասում (ծիծաղում է,-հեղ.): Շուտով...
– Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ։
- Գոհություն շատ ունեմ իմ մեջ. շնորհակալ եմ հանգամանքներին, որոնց մի փոքր այս կամ այն կողմ լինելու պատճառով ես չէի ծնվի։
– Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք։
- Նետվել բարձրությունից. սիրտս առիթմիկ է, գուցե կանգնի։
- Ո՞ւմ հետ կուզեք այս ձեւաչափով հարցազրույց կարդալ, եթե դեռ չենք արել։
- Հասմիկ Սիմոնյանի:
- Ի՞նչ է պետք հասցնել անպայման անել մինչեւ տարեվերջ։
- Գնալ Կապան։
- Ինչի՞ բույրն առնել։
- Իմ պատրաստած բիսքվիթի, սիրածի մաշկի, առավոտյան Պեսկարայի։
Եր Կարը (Հեղինակ՝ Էլեն Մարգարյան)
- Ի՞նչ շոշափել։
- Առողջական տեսանկյունից՝ մարմնիդ վրա կան կետեր, որոնց մերսումը փրկում է օրդ, տրամադրությունդ, երբեմն՝ կյանքդ։
- Ի՞նչ զգալ։
- Իմաստի վերջնական անիմաստությունը։
- Ի՞նչ դիտել։
- «Բեքրումս» ֆիլմը:
- Ի՞նչ լսել։
- «Shortparis» խումբն ինձ հետապնդում է արդեն քանի տարի։
- Ի՞նչ սովորել։
- Անգլերեն: Շուտով նաեւ չինարենը շատ պետք կգա։
- Եվ մի խորհուրդ Ձեզնից՝ մեզ։
- Միշտ ու ցանկացած դեպքում սիրել ու շատ կարդալ։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Եր Կարի անձնական արխիվից


×
213






