×


Մահացել է ազատամարտիկ, ազգային երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը

61 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ), հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Մկրտիչ Մկրտչյանը ծնվել է 1962 թ. ապրիլի 24-ին՝ Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում: 1988 թ. ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիա:

1990 թ. Մկրտիչ Մկրտչյանը միանում է Թաթուլ Կրպեյանի գլխավորած Գետաշենի ինքնապաշտպանական ջոկատին, Գետաշենի անկումից հետո տեղափոխվում Շահումյանի շրջան եւ ընդգրկվում Վերիշենի ջոկատում, իսկ Շահումյանի անկումից հետո տեղափոխվում Մարտակերտ:

Հետագայում Մկրտիչ Մկրտչյանն ընդգրվում է Շուշիի առանձին գումարտակի կազմում՝ մարտական գործողությունների մասնակցելով Մարտակերտի, Կովսականի (Զանգելան), Ֆիզուլու, Քարվաճառի շրջաններում: 1993 թ. մարտի 7-ին Մանիքլու գյուղի մատույցներում վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը մասնակցել է նաեւ 2016 թ. քառօրյա եւ 2020 թ. 44-օրյա պատերազմներին: 2020 թ. հոկտեմբերի 2-ին Մատաղիսում ծանր վիրավորվել է:

Մկրտիչ Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ էր, պարգեւատրվել է ԼՂՀ «Արիություն» եւ ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալներով: Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում:

Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW