«Արամ Խաչատրյան» համերգասրահում դիմակահանդեսային տրամադրություն էր: Երաժշտասերները շտապում էին ունկնդրելու Ջուզեպե Վերդիի վառ ու դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը: Նոյեմբերի 3-ին հնչած օպերան Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի բարձրակետն էր:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, իր շուրջն էր հավաքել կատարողների հրաշալի կազմ՝ Մարսելո Պուենտե (Կոմս Ռիկարդո, Բոստոնի նահանգապետ, տենոր), Բոգդան Բաչու (Ռենատո, բարիտոն), Եվգենիա Մուրավյովա (Ամելիա, սոպրանո), Оլգա Պուդովա (Օսկար, սոպրանո), Յուլիա Մեննիբաեւա (Ուլրիկա, մեցցո-սոպրանո), Հովհաննես Ներսեսյան (Սամուել, բաս), Հայկ Տիգրանյան (Թոմ, բաս), Աշոտ Ղանթարջյան (Սիլվանո, բաս), Արամո Մամիկոնյան (Ամելիայի ծառան, տենոր), Ալեն Մանուկյան (դատավոր, տենոր):
Համերգասրահի ճեմասրահում հանդիսատեսին բաժանվում էին դիմակներ ու բարձր տրամադրություն, ոտք դնելով համերգասրահ՝ նրանք նույնպես դառնում էին պարահանդես-դիմակահանդեսի մասնակից: Թեեւ օպերան բեմադրված չէր, բայց թատրոնի ոգին թեւածում էր ամենուր:
Վերդիի երաժշտությունն այս օպերայում այնքան թատերական է, այնքան նուրբ ու դրամատիկ, որ անգամ առանց բեմադրության, միայն երաժշտության միջոցով աչքիդ առջեւ հառնում են լիբրետտոյում առկա բոլոր տեսարանները՝ սիրային կրքոտ եռանկյունին Բոստոնի կառավարիչ Ռիկարդոյի, իր քարտուղարի կնոջ՝ Ամելիայի եւ քարտուղարի՝ Ռենատոյի միջեւ, կախարդուհի Ուլրիկայի մահագույժ գուշակությունը, նահանգապետի դեմ հյուսվող նենգ դավադրությունը եւ շքեղ պարահանդես-դիմակահանդեսի ժամանակ վերջինիս սպանությունը՝ հավատարիմ ընկերոջ՝ Ռենատոյի կողմից, ով միացավ դավադիրներին կնոջ ու նահանգապետի սիրային կապը բացահայտելուց հետո:
Նվագախումբը, երգչախմբերը (Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբ), մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, անթերի էին հնչում, յուրահատուկ երաժշտական վայելք էին նվագախմբի երաժիշտների մենանվագները եւ երգիչների անսամբլները՝ այնքան գեղեցիկ, նրբորեն նյուանսավորված ու երաժշտական դրամատուրգիային համապատասխան էին նրանց կատարումները: Բեմի վրա մոտ երկուհարյուր երաժիշտ կար եւ մոնումենտալ tutti-ների ձայնային վիբրացիան ուղղակի արձագանքում էր ունկնդիրների սրտերում:
Համերգի ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափողջույններով ընդունեց երեկոյի հերոսներին: Բոլորը հրաշալի էին, հանդիսատեսի ֆավորիտը ռումինացի բարիտոն Բոգդան Բաչուն էր՝ Ռենատոյի դերակատարը: Եվ իրավամբ, այդ օրը նա փայլեց իր թավշյա ձայնի վոկալ տեխնիկայի վարպետությամբ, դերի երաժշտական ու դրամատիկ մեկնաբանման խորությամբ եւ բեմական ազդեցիկ կեցվածքով: Նրա խաղը էմոցիոնալ էր եւ, միեւնույն ժամանակ, զուսպ, առանց թատերական ու երաժշտական ավելորդ հավակնոտության:
Համերգի ավարտին զրուցեցինք պարոն Բաչուի հետ՝ խնդրելով կիսվել տպավորություններով ինչպե՛ս կատարումից, այնպե՛ս էլ Հայաստանում անցկացրած ժամանակից:
«Առաջին հերթին սա առաջին քրիստոնեական երկիրն է, օրհնված երկիր է, եւ իմ այստեղ գտնվելը այնպիսի իրադարձություն է, որ կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում: Ես այստեղ սիրեցի ամեն ինչ՝ մարդկանց, համեղ կերակուրները, ջերմությունը, որով դուք շրջապատեցիք ինձ: Այս ամենը մեջս գլխապտույտ զգացողություններ են առաջացնում, որոնք չեմ կարող բառերով նկարագրել: Շնորհակալ եմ ամեն ինչի համար եւ հույս ունեմ, որ կվերադառնամ: Ինչ վերաբերում է կատարմանը, նախ շնորհակալ եմ հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար: Վերդիի օպերաներում երգելը յուրահատուկ իրադարձություն է, Վերդիի բարիտոնը հատուկ տեսակ է, որը շատ եմ սիրում: Աշխատում էի հնարավորինս կառավարել ձայնս եւ խաղալ կոնտրաստների վրա՝ զուսպ լինել այն տեսարաններում, որտեղ հնարավոր է՝ պահելով ուժերս եւ էներգիաս այն դրամատիկ հատվածների համար, որտեղ պիտի ջախջախիչ հարված հասցնեի: Եվ զգում էի իմ բոլոր կոլեգաների, հսկայական նվագախմբի ու երգչախմբի հզոր շունչը: Սա ընդհանուր աշխատանք է, բոլորը գալիս են իրենց էներգիայով եւ միավորվելով կազմում են մի գեղեցիկ, հսկայական ծաղկեփունջ: Դա շատ տպավորիչ է, զորեղ ու սքանչելի, յուրահատուկ է»,- ասաց Բաչուն:
Արգենտինացի տենոր Մարսելո Պուենտեն շատ համոզիչ էր կոմս Ռիկարդոյի դերում, նա փայլուն կերպով ցուցադրեց դերի ինչպես դրամատիկ, այնպես էլ քնարական կողմերը, շատ տպավորիչ էր նաեւ նրա կատարմամբ կատակային «E scherzo od è follia»-ն: Պուենտեն այս դերերգը վերջին անգամ կատարել է 2019-20թթ. թատերաշրջանի ընթացքում՝ Բուենոս Այրեսի լեգենդար Կոլոն թատրոնում: Նա հանդես է գալիս այնպիսի օպերային թատրոններում, ինչպիսիք են Լա Սկալան, Լոնդոնի թագավորական, Փարիզի ազգային, Բեռլինի Deutsche Oper, Մադրիդի թագավորական եւ այլ հեղինակավոր թատրոններում: Նրա հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ինչպիսի տպավորություններ ունի համերգային կատարումից եւ ինչպես ստացվեց, որ ընդունեց Երեւանում ելույթ ունենալու հրավերը:
«Անսահման ոգեւորված եմ եւ շնորհակալ, որ իրականացավ իմ դեբյուտը Հայաստանում: Սա մի փորձառություն էր, որը երբեք չեմ մոռանա՝ աշխատանքը այս ֆանտաստիկ նվագախմբի հետ, հրաշալի դիրիժոր, մաեստրո Թոփչյանի հետ, այս երեկոն, որի ընթացքում կատարեցինք Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես»-ը, որը ես շատ եմ սիրում. այն կրկին մուտք գործեց իմ երկացանկ: Շատ ուրախ եմ, որ բացահայտեցի Հայաստանը, միշտ ցանկացել եմ գալ ու իմ աչքերով տեսնել այս երկիրը: Արգենտինայում մեծ հայ համայնք կա, ես մեծացել եմ հայերի շրջապատում, ունեմ հայ շատ ընկերներ, նրանք բոլորը սրտաբաց ու տաղանդավոր մարդիկ են: Լավ ծանոթ եմ ձեր պատմությանը, սիրում եմ հայկական համեղ խոհանոցը: Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ ու ծանր աշխատանք են կատարել այս հրաշալի համերգն իրականություն դարձնելու համար, շնորհակալ եմ նաեւ հանդիսատեսից. զգացի, որ նրանք իրապես մեծ բավականություն ստացան»,- ասաց Պուենտեն:
Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: