×


Բժշկի «կաբինետում» փորձ անելով եւ փայտ գողանալով դեպի «Ալմաստ»-ի բեմադրություն

1933 թվական, հունվարի 20, Երեւան: Տեղի է ունենում Հայաստանի պետական օպերային թատրոնի պաշտոնական բացումը: Բեմի վրա հանդիսավոր կանգնած է հեղափոխական, կուսակցական եւ պետական գործիչ Արամայիս Երզնկյանը: Մի քանի վայրկյան էլ, եւ հնչում են Հայաստանի պետական օպերային թատրոնի բացման խոսքերը, որ հետո պիտի դառնային շատ վերնագրերի եւ հոդվածների թեմա:

«Սա նոր հաղթանակ է սոցիալիստական շինարարության հաղթական ուղիում մեր կատարած մի շարք նվաճումների վրա, ուր հայ ժողովուրդն իր դարավոր ցավի եւ վշտի երգի տեղ պիտի երգի ուրիշ երգեր՝ աշխատանքի եւ ուրախության» (Բազմավեպ, Հայ պետական նուագաթատրոնը, Վենետիկ, 1933 թվական, համար 2, էջ 96):

Դեռ չբացված օպերային թատրոնի թիվ 1 հրամանը

Պետական օպերային թատրոն ստեղծելու մասին ավելի որոշակի սկսել են խոսել 1932 թ.-ի գարնանից: Ամառվա վերջին արդեն նշանակվել էր ապագա թատրոնի տնօրենը՝ գրականագետ եւ թատերական գործիչ Մամիկոն Գեւորգյանը: Նրան էլ հանձնարարվել էր ստեղծագործողներ, տեխնիկական անձնակազմ հավաքելու ամբողջ գործը:

«Հրավիրելով իր առանձնասենյակը՝ Մամիկոն Գեւորգյանը զրուցեց հետս ու արձակեց նորաստեղծ թատրոնի թիվ մեկ հրամանը, որով դիրիժորի պարտականությունները դրվում էին ինձ վրա: Հենց այդ օրը հայտնեց նաեւ, որ թատրոնը բացվելու է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով, եւ ներկայացումը ղեկավարելու եմ ես»,- ասել է երաժշտագետ Գեւորգ Բուդաղյանը:

18-ը մարտի, 1916 թվական: Ռոմանոս Մելիքյանը Ալեքսանդր Սպենդիարյանին ծանոթացնում է «հմայիչ մի մարդու»՝ Հովհաննես Թումանյանի հետ:

Ստեղծագործական խումբն աստիճանաբար էր հավաքվել: Արշակ Բուրջանյանին հրավիրել էին իբրեւ ռեժիսորի, եկել էին նաեւ խմբավար Բ. Նիկոլսկին, բալետմեյստեր Վ. Պրեսնյակովը, նկարիչ Մ. Արուտչյանը: Ալմաստի գեղարվեստական ձեւավորումը հանձնարարվել էր Մարտիրոս Սարյանին, պարերի բեմադրությունը՝ Վահրամ Արիստակեսյանին:

Լուսանկարը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ Մարտիրոս Սարյան, «Ալմաստ» օպերայի համար կատարած էսքիզներից


«Շտապ գործուղվեցի Մոսկվա՝ Մեծ թատրոնից բերելու «Ալմաստ»-ի կլավիրն ու պարտիտուրը: Պարտիտուրը վերցնելն, իհարկե, հեշտ էր: Դժվարն ապահով տեղ հասցնելու պատասխանատվությունն էր: Փաթաթելով հին մոմլաթի մեջ մեծարժեք կապոցը՝ վիմատիպ կլավիրի երկու օրինակ, դրեցի գլխիս տակ եւ բարեհաջող Երեւան հասցրի: Մոսկվա-Երեւան երթուղին այն ժամանակ ձգձգվում էր չորսուկես օր եւ լի էր անըմբռնելի անակնկալներով»,- պատմել է Գեւորգ Բուդաղյանը:

«Սպենդիարյանը ճաշերին երբեմն մեր տուն էր գալիս: Երեկոները հայրիկի հետ էր անցկացնում: Հետաքրքրվեց «Անուշ» պոեմով. ուզում էր ձայնագրել, բայց նյութը նրան անծանոթ թվաց: Որոշեցին ամռանը միասին Լոռի գնալ... Հետո հայրիկը կարդաց «Փարվանա»-ն, որը կոմպոզիտորը հավանեց եւ ավելի հարմար գտավ օպերայի համար, բայց նկատեց՝ սյուժեն փոքր է. «Լավ բան է, բայց սեղմ է գրված. ծավալվելու տեղ չկա, լիրիկան շատ է...»»,- «Հուշեր եւ զրույցներ» գրքում պատմում է Թումանյանի դուստր Նվարդը:

1932 թ.-ի օգոստոսին օպերային թատրոնի բացման գործնական նախապատրաստությունն էր: Փորձասենյակներ չկային, նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը լրիվ կազմավորված չէին, ամբողջությամբ չէին հավաքվել նաեւ մեներգիչները: Նույնիսկ շենք դեռ չէին գտել օպերային թատրոնի համար: Այնուամենայնիվ, հենց այս իրադրության մեջ էլ ստիպված էին պարապել երգիչների եւ երգչախմբի հետ: Նվագախմբի առաջին փորձին մասնակցում էին հազիվ 17 երաժիշտ: Սակայն «Ալմաստ» օպերայի փորձերը սկսելու փաստը եւ Սպենդիարյանի երաժշտությունից ստացած տպավորությունը շուտով դեպի նվագախումբ բերեցին նաեւ ուրիշ երաժիշտների: Հիմնականում դրանք Երեւանի Կոնսերվատորիայի դասախոսներ եւ ուսանողներ էին: Նվագախմբի ընդհանուր թիվը հասել էր 35-ի, եւ երաժիշտների ավելի մեծ քանակ ընդգրկելու հնարավորություն այլեւս չկար ոչ միայն ֆինանսական, այլեւ այլ նկատառումներով:

Լուսանկարը՝ Սպենդիարյանի տուն-թանգարան Առաջին հրավիրատոմսը


«Խնդրում էր, որ հայրիկը որոշ տեղեր ընդարձակի, երգեր ավելացնի եւ այսպիսով իրեն հնարավորություն տա օպերա գրելու: Հայրիկը կարծես թե գլխի ընկավ նրա ցանկացածը եւ կարդաց «Թմկաբերդի առումը»: Սպենդիարյանը ուրախացած տեղից վեր կացավ. «Այո՜, սա այն է, ինչ ես ուզում եմ»»,- պատմել է Նվարդ Թումանյանը:

Օպերային ներկայացումների համար առանձնացվել էր բանվորական թատրոնի շատ անհարմար շենքը, ուր հատկապես նվագախմբի համար խիստ նեղվածք էր: Մինչ շենքը հարմարեցվել էր օպերային ներկայացումներին, բոլոր փորձերն անց էին կացվել կա՛մ Կուլտուրայի տան (փոքր դահլիճի) ու Կոնսերվատորիայի փոքր սրահներում, կա՛մ էլ ուր պատահեր, նույնիսկ արտիստների սենյակներում (այն ժամանակ նրանցից համարյա ոչ ոք բնակարան չի ունեցել):

«Հիշում եմ՝ ինչպես ռեժիսոր Արշակ Բուրջալյանին «Ալմաստ» օպերայի երաժշտությանը ծանոթացնելու համար հավաքվեցինք բժիշկ Լեւոն Ադամյանի (թավջութակահար Գ. Ադամյանի հայրը) բնակարանում, որ իր բոլոր հարմարություններով ու բավական բարեհնչուն ռոյալով սիրով մեզ էր տրամադրված: Գործող անձանց վառ կերպարները բոլորին հմայեցին, իսկ «Ալմաստ»-ի դրամատիկական գեղեցիկ երաժշտությունն ուղղակի ոգեւորեց»,- ասել է Գեւորգ Բուդաղյանը:

«Սպենդիարյանը խնդրեց, որ հայրիկն ամբողջ պոեմը բառացի թարգմանի իր համար: Առանձնապես հավանել էր նախերգանքը: Ոգեւորված քայլում էր եւ արտասանում. «Հե՜յ, պարոննե՛ր…» ու չէր կարողանում շարունակել, դիմում էր հայրիկին. «Ну, как дальше, парон Ованес?»: Նա հայերեն չգիտեր, խնդրում էր, որ նորից կարդա: Նախերգանքից բացի, հավանել էր խնջույքի տեսարանը, Թաթուլի երազը եւ դավաճանության հատվածը: Խնդրում էր Թաթուլի համար որոշ երգեր գրել, որպեսզի նրա դերերգը հարստանա եւ ամբողջանա»,- հիշել է Թումանյանի դուստրը:

Լուսանկարը՝ Սպենդիարյանի տուն-թանգարան Սպենդիարյանը՝ հայ մտավորականների հետ


Չնայած սահմանափակ ու դժվարին պայմաններին՝ օպերան յուրացվել էր ամբողջությամբ ու խնամքով: Նկարագրված դժվարություններն օրինաչափ էին ու անխուսափելի, ինչպես ամեն նոր գործի սկիզբ, երբ չկան հաստատված ավանդներ, զգալի փորձ եւ, վերջապես, անհրաժեշտ պայմաններ:

Մամիկոն Գեւորգյանը կազմակերպչի իր հիմնական գործն ավարտելուց հետո խնդրել է ազատել իրեն թատրոնի տնօրենի պարտականություններից: Նոր տնօրեն էր նշանակվել երիտասարդ, եռանդուն ու պահանջկոտ Գեւորգ Հովհաննիսյանը:

«Հայաստանի պետական օպերային թատրոնը հայտարարում եմ բացված»

1933 թվական, հունվար: Ցուրտ ձմեռ: Հանրակացարանը չէր տաքացվում: Օպերային երգիչները հաճախ անկողին էին մտնում հագուստով: Ալմաստի գլխավոր փորձից հետո ոգեւորված եւ հուզված տուն էին վերադարձել: Հաջորդ օրը թատրոնի բացումը պետք է լիներ:

«Երկուսով նստած՝ մինչեւ ուշ գիշեր պոեմն արարների էին բաժանում, պատկերներ գծում: Սպենդիարյանը պոեմի պատմական կողմով էր հետաքրքրված: Հայրիկը պահարաններից զանազան գրքեր էր հանում, հատվածներ կարդում ու բացատրում: Կողք-կողքի նստել էին թախտին՝ «զրույցի սեղանի» շուրջը: Հայրիկը հանգիստ կարդում էր ու թարգմանում, իսկ Սպենդիարյանը, հանգիստը կորցրած, լսում էր եւ ամեն հատվածից հետո տեղից վեր կենում, թեթեւ քայլերով սենյակի մի ծայրից մյուսը գնում՝ իրեն-իրեն խոսելով՝ «Շահի գահը, վիշապները, աշուղի երգերը՝ հիասքա՜նչ, հիասքա՜նչ»,- պատմել է Թումանյանի դուստրը:

«Գ. Բաղդասարյանը, Շ. Տալյանը, Մ. Գասպարյանը եւ ես ընդամենը մի քանի խոսք էինք երգելու, բայց շատ էինք մտահոգված, թե ինչ անենք, որ ձայներս լավ հնչի: Հանրակացարանի մոտ կահույքի ֆաբրիկա կար: Այնտեղից տախտակ գողացանք: Հիմա մտածում էինք, թե ինչ անենք, որ փայտը կոտրելու աղմուկը չհասնի պահակին»,- պատմել է օպերային երգիչ, դերասան Դավիթ Պողոսյանը:

Ու… որոշել են խմբով երգել: Սենյակը տաքացել է, տրամադրությունները՝ նույնպես: Հետո սկսել են խոսել գլխավոր փորձից, վիճել են, կատակներ արել:

«Որոշեցին, որ ամռանը հայրիկը գնա Ղրիմ՝ Սուդակ՝ Սպենդիարյանի ամառանոցը, որպեսզի լիբրետոն այնտեղ գրեն»,- պատմել է Նվարդ Թումանյանը:

«Ներկայացման սկսվելուց երկու ժամ առաջ բոլորս արդեն թատրոնում էինք: Հուզված էինք, ոգեւորված, բարեւում էինք՝ սովորականից ավելի ջերմ ժպտալով: Առանձնացանք գրիմանոց-խցիկներում: Ամենից շատ ինձ հետաքրքրում էր, թե ինչ է անում Իսեցկին: Գրիմս շուտ վերջացրի եւ մոտեցա նրա դռանը: Ճեղքից երեւում էր, թե ինչպես նա հետզհետե կերպարանափոխվում է գրիմի կախարդական ներգործությամբ: Մեկ էլ հանկարծ հուժկու ձայնով մի քանի ֆրազ երգեց: Իսկական Նադիր շահ էր»,- պատմել է Դավիթ Պողոսյանը:

Հետաքրքրությունից դրդված՝ Դավիթ Պողոսյանը մտնում է բեմ, որ վարագույրի անցքից նայի դահլիճին, բայց, ավա՜ղ, այդ «չարաբաստիկ անցքը» ձեռքից ձեռք էր անցնում...

«Ալմաստը»՝ բեմի վրա

Բանվորական թատրոնի լեփ-լեցուն եւ ցուրտ դահլիճ: Ուրախ աշխուժություն: Առանձնահատուկ երեկո, որի մասին երազել կարող էին միայն հայ ժողովրդի երաժշտական արվեստի լավագույն ներկայացուցիչները:

Լույսը մարեց, եւ ուրախ աշխուժությունը փոխվեց լարված լռության, որը լի էր հուզումնալից ապրումներով (Ավանգարդ, Երեսնամյա վերընթաց ճանապարհով, Հր. Ղափլանյան, 1963 թ., համար 16, էջ 3):

18-ը ապրիլի, 1916 թ., Յալթա: «Ես լցված եմ թիֆլիսյան ամենահաճելի տպավորություններով եւ մեծ ուրախությամբ կրկին այնտեղ կգնայի: Պարոն Թումանյանի պոեմներից ստացածս տպավորություններն ինձ հանգիստ չեն տալիս: Փափագում եմ իսկույն ձեռնամուխ լինել Թմկաբերդի իշխանուհու սյուժեով օպերա գրելուն»,- գրել է Ա. Սպենդիարյանը՝ Յու. եւ Ի. Սպենդիարյաններին:

Լուսանկարը՝ Սպենդիարյանի տուն-թանգարան Առաջին պաստառը


«Հանդիսավոր մասը վերջանալու վրա էր: Արամայիս Երզնկյանն ազդարարում է՝ Հայաստանի պետական օպերան հայտարարում եմ բացված»,- պատմել է Դավիթ Պողոսյանը:

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում «Ալմաստ» օպերայի հնչյունների ներքո բացվեց թավշյա ծանր վարագույրը՝ ազդարարելով հայ ազգային օպերային պետական թատրոնի ծնունդը (Երեկոյան Երեւան, Մարգարիտ Բրուտյան, Ետադարձ հայացք օպերայի 100-ամյակի առթիվ, 1971 թվական, համար 145, էջ 2):

20-ը հոկտեմբերի, Սուդակ: «Շատ հարգելի պարոն Հովհաննես, մտադիր եմ մոտավորապես մեկ ամսից գալ Թիֆլիս, այս անգամ կնոջս հետ, որպեսզի ծանոթանամ այն բոլորին, ինչ Ձեր խոստման համաձայն հասցրել եք անել՝ «Թմկաբերդի առումը» սքանչելի պոեմը դրամայի վերածելով, եւ որպեսզի հավաքեմ այդ սյուժեին անհրաժեշտ երաժշտական նյութ: Անկեղծորեն Ձեզ նվիրված, Ձեր երկրպագու՝ Ա. Սպենդիարյան»,- Թումանյանին գրել է կոմպոզիտորը:

«Հանդիսարանն ու բեմը այդպես էլ չհաջողվեց տաքացնել, բայց մենք բոլորս ջերմացած էինք զգում հայկական պրոֆեսիոնալ օպերային թատրոնի ծնման գիտակցությունից»,- պատմել է դիրիժոր Ռ. Ստեփանյանը (Ավանգարդ, Ձմեռային ջերմություն, Ռ. Ստեփանյան, 1963 թ., համար 16, էջ 3):

Երեւանում առաջին անգամ հայերենով հնչեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը»: Նադիր շահ երգում էր Լեւոն Իսեցկին (Հովհաննիսյան): Նրա գեղեցիկ ու թավշային բասը, հազվագյուտ արտիստական շնորհքի հետ զուգակցված, ուժեղ, անջնջելի տպավորություն էր թողել:

2-ը սեպտեմբերի: «Նախագահ Տեր-Դավթյանն առաջարկեց հայկական երաժշտության բոլոր նմուշները ցույց տալ ապագա օպերայի հեղինակին: Հավաքին ներկա էին դուդուկահարներ Գեւոն, Բագրատը, դհոլչի Շուլավերցին, դամքաշ Պիպինը, աշուղ Հազիրն՝ իր խմբով: Կլոր սրահում մենք ունկնդրեցինք «Մանանի երգ», «Արի Մանան», «Կողբա յայլի»: Շատ երգեր նա խնդրում էր կրկնել»,- հիշում է Միքայել Միրզոյանը:

«Հավաստի էր արեւելյան դեսպոտի դաժանությունը, գազանությունն ու խորամանկությունը, իսկ նրա թունոտ ու շողոքորթ ձայնը Ալմաստի հետ հանդիպման տեսարանում (4-րդ գործողություն) այսօր էլ, կարծես, հնչում է բոլոր նրանց ականջներում, ովքեր բախտ ունեցան լսել Իսեցկուն այդ օրը: Նադիր շահ երգում էր նաեւ Նիկոլայ Ֆոմինը, որ ապրում եւ աշխատում էր Երեւանում դեռ Սպենդիարյանի կենդանության օրոք»,- ասել է Գեւորգ Բուդաղյանը:

«Ալմաստ»-ի առաջին դերակատարներն են եղել Ե. Ռոմանովան (Մոսկվայի Ստանիսլավսկու թատրոնից) եւ Թ. Շահնազարյանը: Գայանեի դերերգը երկար տարիներ «անհերթափոխ» կատարում էր Ա. Անանյանը: Գուշակողի դերը երգում էին Մ. Սեդմարը եւ Ս. Վարդանյանը: Թաթուլի դերը երգում էին Հ. Վարդանովը եւ Ի. Կորսովը:

««Ալմաստ»-ի ստեղծման ընթացքը երբեք չընդհատվեց՝ ո՛չ խմբակի պարապմունքներին, ո՛չ ծանոթների հետ զրուցելիս, ոչ էլ նույնիսկ ուտելու պահին: Հանկարծ, միանգամայն անսպասելի, նա սկսում էր երգել կամ չափ տալ: Սակայն լինում էին պահեր, երբ կոմպոզիտորին թվում էր՝ թելը կորցնում է: Դաշնամուրին մոտենում էր, ինչ-որ հնչյուններ փնտրում: Կարծես թե չէր գտնում: Կողքին կեռասով լի ափսեն էր: Մի քանի հատ վերցնում էր, ծամծմելով քայլում սենյակում, հետո հանկարծ տեղից պոկվում էր ու արագ-արագ գնում դեպի ծովափ»,- հիշում է Մարիա Սպենդիարյանը:

«Վարդանովի ձայնը բավական հաճելի լիրիկական բարիտոն էր: Սակայն նա թատրոնում կատարվող ամեն ինչի հանդեպ արհամարհական վերաբերմունք ուներ եւ շուտով մեկուսացվեց երիտասարդ ու համերաշխ կոլեկտիվից: Ու երբ նա թողեց թատրոնը, բոլորս էլ սրտանց ուրախացանք»,- ասել է Գեւորգ Բուդաղյանը:

Ռուբենի դերերգը կատարում էր հմուտ, բայց ոչ այնքան հետաքրքրական երգիչ Ի. Գրիգորեւը: Նրան ավելի հաջողվում էին Բարթոլոն («Սեւիլյան սափրիչ») եւ Ցունիգան («Կարմեն»): Աշուղի դերը սովորաբար կատարում էր Արսեն Ավագյանը, ավելի հազվադեպ՝ Ա. Կարատովը: Վերջինիս ձայնի համար այս դերերգը բարձր էր, եւ արիան ստիպված կատարում էին մեկ տոն ցածր, այսինքն՝ դո մաժորում, որ նվագախմբում այնպիսի պայծառությամբ չի հնչում, ինչպես բնագրում (ռե մաժոր): Շեյխի դերերգով մեծ տպավորություն էր թողել Շարա Տալյանը:

1921 թ., Սուդակ: Սպենդիարյանին ձերբակալում են: «Հենց որ նրան ձերբակալեցին, մենք՝ սուդակցիներս, եկանք հավաքվեցինք բանտի չորս կողմը ու սկսեցինք բղավել. «Քարուքանդ կանենք ձեր բանտը եւ ամեն ինչ աշխարհում, եթե բաց չթողնեք: Ո՞ւմ եք ձերբակալել: Խելքներդ թռցրե՞լ եք»,- պատմել է Ե. Սերեդան (Մարիա Սպենդիարյանի գրառումներից):

«Մի շարք հեռավոր քաղաքներում Երեւանի մասին խոսք բացվելիս ինձ ամենից առաջ հարցնում էին քաղաքներին հատուկ երկու բանի մասին՝ օպերա եւ տրամվայ կա՞: Երկու հարցին էլ ցավով պատասխանում էի բացասաբար: Ուրեմն էլ ի՞նչ քաղաք՝ ասում էին մարդիկ: Եվ վերջապես 1933 թ.-ին ես կարող էի հպարտանալ: Երեւանում եւս ստեղծվեց օպերային թատրոն եւ… տրամվայ: Այո՛, քաղաքին բնորոշ այդ երկու բաներն էլ համարյա միասին ստեղծվեցին: Ինձ բախտավոր եմ համարում, որ հայկական օպերային թատրոնի ստեղծմանը մասնակցել եմ նաեւ ես՝ հանդես գալով Շեյխի դերերգով»,- ասել է Շարա Տալյանը (Ավանգարդ, Իսկ ձեր քաղաքում օպերա կա՞, Շարա Տալյան, 1963 թ., համար 16, էջ 3):

Օպերան ունկնդիրներին նվաճել էր բովանդակության խորությամբ, բարձր հայրենասիրությամբ եւ գունեղ, հուզիչ երաժշտությամբ, որը հարուստ էր ժողովրդական երգերի ինտոնացիաներով:

14-27-ը մայիսի: 1923 թ.: Ավարտվեց չորրորդ եւ վերջին գործողությունը: «Կնգուղավոր թիկնոցը ուսերին՝ հայրիկը գրանցում է «Ալմաստ»-ի 4-րդ գործողության երաժշտությունը»: (Մարիա Սպենդիարյանի օրագրից, Սովետական արվեստ, «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունից 1971 թ., համար 10):

Եվ ահա սկզբից մինչեւ վերջ էլեկտրական լիցքի նման անցած ներկայացումն ավարտվում է: Անպատմելի իրարանցում, հուզմունք, ոգեւորություն, ուրախությունից լցված աչքեր: Հետո դեպի բեմ բարձրացող հանդիսականների խուռն բազմություն... Շնորհավորանքներ, գրկախառնություն, համբույրներ...

«Չէ՞ որ այդ օրվանից հայ ժողովուրդն էլ ունեցավ իր ազգային օպերային թատրոնը»,- ասել է Դավիթ Պողոսյանը:

Երջանիկ Հարությունյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW