×


«Ուզում եմ ներթափանցել երազներիդ մեջ». Վիլլասոնի եւ դե Մեստղի անզուգական երեկոն Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի վերջին համերգն ազդարարեցին աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը եւ տավղահար Քսավիեր դե Մեստղը:

Նրանք առաջին անգամ հանդես եկան Երեւանում եւ կատարեցին «Լատինական սերենադ» ծրագիրը՝ ներկաներին պարգեւելով գեղեցիկ եւ բարձրաճաշակ երաժշտություն:

Ռոլանդո Վիլլասոնը եւ Քսավիեր դե Մեստղը


Աշխարհի հռչակավոր օպերային թատրոններում առաջատար նվագախմբերի հետ բացառիկ ելույթներ ունեցած Վիլլասոնը ողջ երեկոյի ընթացքում գերեց իր անզուգական ձայնով եւ հումորով: Տենորը նախ խոստովանեց, որ երջանիկ են Երեւանում ելույթ ունենալու համար:

«Մտահղացումը Քսավիեր դե Մեստղինն է, որը շատ տարիներ առաջ կատարել է Ալբերտո Գինաստերայի կոնցերտն, ու երեկոյին ներկա է եղել նրա այրին: Համերգից հետո նա Քսավիերին առաջարկել է դաշնամուրի եւ վոկալի համար գրված ստեղծագործությունները փոխադրել տավիղի եւ տենորի համար։ Ծնվեց «Լատինական սերենադ» համերգային ծրագիրը, եւ ինձ համար մեծ պատիվ է դրա մի մասը կազմել։ Շատ երգերի անդրադարձանք, ուսումնասիրեցինք ձեռքի տակ եղած երգացանկերն ու երկարատեւ աշխատանքի արդյունքում ընտրեցինք այն գործերը, որոնք լավագույնն էին տավղի եւ վոկալի համար»,- պատմեց Վիլասոնը:

Ռոլանդո Վիլլասոնը


Նա հետաքրքիր, երբեմն էլ հումորով ներկայացնում էր կատարումների բովանդակությունը։ Նշեց, որ «Մանուշակները» շուտ թառամող ծաղկի մասին է, որը կարողանում է իր մեջ պահել ողջ կենսունակությունը եւ մարդկանց օգնել դիմանալ մինչեւ հաջորդ գարուն: Իսկ «Աղավնին սխալ էր» երգը թռչնակի մասին է, որն անընդհատ սխալներ է թույլ տալիս՝ հյուսիսի փոխարեն հարավ թռչում, ցամաքի փոխարեն ծովի ալիքների մեջ խորանում, մարդու սիրտն էլ թռչնի բույն կարծում:

Պարզվում է՝ լատինաամերիկացիներն ուռենու մասին սեփական տարբերակն ունեն, որը ներկայացված է «Վարդն ու ուռին» երգում: Ուռենին սիրահարվում է իր կողքին աճող վարդին, որին աղջնակը պոկում է, տանում, եւ կարոտից ծառը կռանում է, լալկան դառնում:

Քսավիեր դե Մեստղը


Վիլլասոնն ու դե Մեստղը կատարեցին Լատինական Ամերիկայի ժողովրդական երաժշտությունից ոգեշնչված գործեր ու համերգային ծրագրի առաջին հատվածի վերջնամասում ներկաներին մտովի տեղափոխեցին Կուբա, Վենեսուելա եւ Կոլումբիա։ Երեք ստեղծագործություններն էլ սիրո մասին էին, իսկ վերջինը՝ սերենադ, որը տղան կատարում է իր սիրեցյալի պատշգամբի առաջ՝ ասելով. «Ուզում եմ ներթափանցել երազներիդ մեջ, որպեսզի արթնացնեմ քեզ, բավական է քնես»։

Ապա Վիլասոնը հանդիսականներից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանում սերենադ երգելու ավանդույթ կա. «Իսկ ահա մենք Մեքսիկայում ունենք, ես էլ կնոջս համար գիշերը ժամը մեկին կիթառով երգել եմ, բայց հետո վրաս դույլով ջուր լցրին, կատակում եմ՝ առանց ջրի է եղել»։

Ռոլանդո Վիլլասոնը եւ Քսավիեր դե Մեստղը


Համերգային երկրորդ մասը սկսվել է արվեստի մասին ստեղծագործություններով, հաջորդել է ժողովրդական եւ դասական երգերի խառնուրդը: Երաժիշտները կատարել են Սիլվիո Ռոդրիգեսի գործերը, որը Վիլլասոնի համար յուրահատուկ կոմպոզիտոր է: Հենց նրան է 12 տարեկանում տենորը բացահայտել ու ոգեշնչված ինքն էլ ցանկացել օպերային երգիչ դառնալ: Առանձնապես հիացմունքով պատմեց Զալցբուրգի համերգի մասին, որին ներկա է եղել նաեւ Ռոդրիգեսը:

«Մեծ գրող եւ դիվանագետ Ֆերնանդո դել Պասոն մի անգամ ասել է. «Մենք Լատինական Ամերիկայում 2 հայրենիք ունենք՝ երկիրը, որտեղ ծնվել ենք, եւ ամբողջ մայրցամաքը»։ Այս նախաձեռնության շրջանակում հասկացա, որ մենք իրականում մի ավելի մեծ հայրենիք ունենք՝ արվեստն ու երաժշտությունը, որոնք միավորում են բոլորիս։ Արվեստի սիրելի հայրենակիցներ, հույս ունեմ, որ վայելեցիք համերգը, անչափ շնորհակալ եմ ձեր ներկայության համար: Պետք է նշեմ, որ աշխարհում ամենագեղեցիկ այբուբենն ունեք, ինչի համար շնորհավորում եմ ձեզ»,- ասաց Վիլլասոնը:

Ռոլանդո Վիլլասոնը եւ Քսավիեր դե Մեստղը


Բարձրակարգ վիրտուոզ Քսավիեր դե Մեստղն ամբողջ ընթացքում լուռ էր, նա ներկաների հետ խոսում էր իր տավղի աննման հնչունների շնորհիվ՝ հուզում էր, ոգեշնչում, հիացնում ու ջերմացնում:

Համերգի ավարտից հետո էլ հանդիսականները չէին ցանկանում նրանց բաց թողնել՝ բուռն ծափահարությունները մի քանի րոպե չէին դադարում, արդյունքում երաժիշտները մի քանի գործ էլ կատարեցին, վերջինը «Կյանքն» էր:

Իսկ նվեր ստացած ծաղկեփնջերը դե Մեստղն ու Վիլլասոնն անսպասելիորեն նետեցին դահլիճ, մինչ այդ տենորը հասցրել էր մի քանի ծաղիկ հանել փնջից ու այն նվիրել առաջին շարքում նստած աղջնակին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW