«Մի կյանք, մի խոսք, մի ձայն»՝ ակումբային ձեւաչափով պոեզիա եւ երաժշտություն է հնչում։ Գաղափարի հեղինակը բանաստեղծ Պետրոս Հոկտանյանն է։ Բեմում են վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, Արսեն եւ Արթուր Սաֆարյանները։
«Սաֆարյան եղբայրների երգերում շատ է պոեզիան ու երգացանկն էլ կազմվեց այնպիսի երգերից, որոնցում կա երգեցիկ պոեզիա։ Խորագրի հեղինակն էլ իմ լավ բարեկամ Հասմիկ Թադեւոսյանն է․մի կյանք՝ պոետի կյանք, մի խոսք՝ դերասանի խոսք, մի ձայն՝ երաժշտություն»,- BRAVO.am-ին պատմում է Հոկտանյանը։
Դավիթ Հակոբյանը
«Համարձակ միտք էր պոեզիան տեղափոխել ակումբ, բայց ես որոշեցի օր ծերության գժվել ու մտնել ակումբային ձեւաչափի մեջ։ Շատ վախենալու էր, բայց... թատրոնում էլ է այդպես վախենալու»,- ասում է Դավիթ Հակոբյանը։
Արտիստն անկեղծանում է՝ եթե Պետրոսն առաջարկեր դահլիճում անել նման երեկո, հրաժարվելու էր. «Պոեզիան՝ հատկապես լիրիկական, չես կարող կանգնել 500 հոգու առաջ ու կատարել, այն ինտիմ երեւույթ է՝ ես եմ ու գիրքը։ Բեմից կարող եմ կատարել էպիկական գործ, որտեղ խաղ կա, բայց այստեղ խաղ չկա»։
Արսեն Սաֆարյանը, Դավիթ Հակոբյանը եւ Արթուր Սաֆարյանը
Արթուր Սաֆարյանը, որն իրենց երգերի, եւ ոչ միայն, խոսքերի հեղինակն է, ասում է՝ սկզբունքային է եղել, որ երաժշտության համար գրված խոսքերը պոետիկ լինեն. իր համար կարեւոր է երգի բովանդակությունը:
«Հատկապես գրավել էր Պետրոսի բանաստեղծության հետեւյալ տողերը. «Մի կյանքը քիչ է սիրելու համար, մի սիրտ ու հոգի տիրելու համար»։ Գուցե այս խոսքերը չեմ ասել երգերիս մեջ, բայց իմ շատ երգերում այդ գաղափարը կա։ Ընդհանրապես սիրելու համար մարդկային կյանքն արդար չէ իր տեւողությամբ. սերը տիեզերք է, իսկ պոեզիան մի միջոց է մոտենալու այդ սիրուն»,- ասում է Արթուր Սաֆարյանը։
Արսեն եւ Արթուր Սաֆարյանները
«Իսկապես հետաքրքիր ձեւաչափ է, կփորձենք երգն ու պոեզիան համակցել»,- ելույթից առաջ կուլիսներում նշում է երգիչ Արսեն Սաֆարյանն ու հավելում՝ կփորձեն այնպիսի երգ մատուցել, որի մեջ դարձյալ լինի պոեզիա։
«Ինձ համար շատ քիչ բան է մնացել հետաքրքիր այս իրականություն մեջ։ Ուրախ եմ, որ այսօր պոեզիան սկսել է հետաքրքրել երիտասարդությանը։ Իսկ ինձ համար շատ պատասխանատու է բեմում լինել վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի հետ»,- ասում է Սաֆարյանը, Հակոբյանն էլ հավելում է. «Ինքն էլ պակաս վաստակավոր չի»:
Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը
Ելույթից առաջ Հակոբյանը պատմում է, թե ինչպես ծանոթացավ Հոկտանյանի հետ. «Մի քիչ զրուցեցի հետը, տեսա, որ «մեր դասարանից» է, հետո հասկացա՝ դառնում է իմն ու այնքան հարազատ, որ անունը դրեցի «Համո Սահյանի ճուտ», ինքն էլ սիրով ընդունեց։ Հետո արդեն ելույթից առաջ նախապատրաստում է հանդիսատեսին. «Եթե դուք եկել եք կատարում լսելու, սխալվում եք. ես կարդալու եմ ինքս ինձ համար»։
Պետրոս Հոկտանյանը՝ կնոջ հետ
Իսկ երեկոյի ընթացքում հնչեցին ոչ միայն Հոկտանյանի՝ արդեն ճանաչված ստեղծագործություններից, այլ նաեւ` Գրողների միության անդամ,12 գրքերի հեղինակ Նորայր Գրիգորյանի գործերից։
Դավիթ Հակոբյանը՝ տիկնոջ, դստեր եւ թոռնիկի հետ
Նախագիծն այսքանով չի սահմանափակվելու, հաջորդիվ պոեզիան միախառնվելու է ջազ երաժշտության հետ, իսկ բեմում դերասան Սամվել Թոփալյանն է լինելու՝ ջազ երգչուհի Իլոնա Սագիեւայի հետ։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: