Պատանի հանդիսատեսի թատրոնում օրերս 9-րդ անգամ խաղացին Դավիթ Հարությունյանի «Խենթը» ներկայացումը: Րաֆֆու համանուն վեպի հիման վրա ստեղծված նոր բեմադրությունը հանդիսատեսն այնքան է հավանել, որ թատրոնում որոշել են այն նախատեսվածից ավելի շատ ցուցադրել:
«Ամեն ժողովուրդ իր պատերազմը պիտի կռվի»
«Խենթը» ներկաներին տեղափոխում է հեռավոր 1870-ական թվականներ՝ Բայազետի պաշարված բերդում մի խումբ հայեր, ամեն կողմից շրջափակված լինելով, սակավաթիվ զենքով եւ ուտելիքով, շարունակում են դիմադրել: Հանձնվել չեն կարող, քանի որ թշնամին այն գրավելով՝ կշարունակի առաջխաղացումը դեպի Երեւան: Այդ ժամանակ է, որ Վարդանը կամ Խենթը համարձակվում է օգնության խնդրանքով նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին:
Ապա ներկայացման դեպքերը ծավալվում են դրանից մեկ տարի առաջ՝ տանուտեր Խաչոյի մեծ ու հյուրընկալ տանը, որտեղ ապրում են նրա 4 որդին՝ կանանց ու երեխաների հետ, եւ դուստրը՝ Լալան, որը տղայի հագուստներ է կրում եւ Ստեփանիկ կոչվում: Նա սարսափում է, որ որեւէ թուրքի կամ քրդի բաժին կընկնի ու ստիպված կլինի քրոջ պես ինքնասպանություն գործել:
Խաչոյի տունը Հայաստանի հավաքական կերպարն է հիշեցնում, որից անհագուրդ կերպով հարկեր են կորզում քրդերը, ամեն կերպ օգտագործում թուրքերը, իսկ ռուսների նկատմամբ հավատը շարունակում է ամուր մնալ: Այդ տան հարկի տակ ապրող մարդկանց ու այնտեղ հայտնված հյուրերի՝ պայքարի կողմնակից Վարդանի ու նրա ընկերների՝ Միքայել Դուդուկչյանի եւ Մելիք Մանսուրի շուրթերից բազմաթիվ ճշմարտություններ են հնչում՝ «Նորից խաբվեցինք բարեկամի կողմից», «Մենք զինեցինք հակառակորդին», «Հայը զենք չի սիրում», «Անմիաբանություն է մեր միջեւ», «Միայն կաշառել ու հպատակվել գիտենք», «Այստեղ աղջիկ ծնվելն Աստծո պատիժ է», «Սա մեր երկիրն է, ոչ թե Թոմաս Էֆենդիների ու Ֆաթթահ Բեկերի», «Միակը, որ կարող է փրկել ստրկացած ժողովրդին, զինված զինվորն է», «Ոչ մեկը չի գա մեզ փրկելու, ամեն ժողովուրդ իր պատերազմը պիտի կռվի», «Հայերը վերջնականապես չեն կորցրել իրենց վճռականությունն ու արժանապատվությունը»:
«Պետք է պատրաստվել պատերազմին, նոր զենքեր ունենալ ու գոտեպնդվել»
Մինչ ներկայացման սկսվելը զրուցում ենք ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ, նա «Խենթը» 12 տարի առաջ էլ է բեմադրել Պատանի հանդիսատեսի թատրոնում, բայց այլ կազմով ու մատուցմամբ, հիմա ամբողջովին փոխել է:
Ներկայացման մասնակից 27 դերակատարների համար 40-ից ավելի զգեստներ ու կոշիկներ են կարվել: Բեմանկարչական աշխատանքը կատարել է Գարեգին Եվանգուլյանը, երաժշտությունը գրել է Վահան Արծրունին, իսկ հագուստները հեղինակել՝ Մարիա Թադեւոսյանը:
«Իրադարձությունները ու տագնապները բերեցին նրան, որ նորից անդրադառնամ այս գործին: Այսօր ամեն թատրոն որեւէ բան պիտի ասի, մանավանդ, երբ չարորակ միտում է ծիլեր տալիս՝ քիչ-քիչ ազգայինի նկատմամբ երկրպագունությունն ու սերը կորչում է: Տարօրինակ քամիներ են պտտվում, ու դա ինձ դուր չի գալիս: Շատ զգույշ եմ եղել պիեսում հայկականությանը վերաբերող վատ գծերի հետ, որոնք վեպում ավելի շատ են. կարդում ես ու գետինը մտնում»,- ասել է Հարությունյանը:
Պատմում է՝ ներկայացման ավարտը փոխել են ու նաեւ Լալային ողջ թողնել, քանի որ նա խորհրդանիշ է: Ռեժիսորը նաեւ նշում է, որ ստեղծագործության շատ դրվագներ ասես նոր գրված լինեն՝ Րաֆֆին շատ խոր է ուսումնասիրել հայերին, բայց տարիների ընթացքում թշնամին ու նրա նկրտումներն էլ բնավ չեն փոխվել:
«Հստակ ուղերձ ենք տալիս, որ պետք է պատրաստվել նոր իրադարձություններին ու պատերազմին, նոր զենքեր ունենալ, գոտեպնդվել, կառուցել ու կահավորել ունեցածը: Ծանր ներկայացում է, ոչ հաճելի տեսարաններ կան, բայց փորձել ենք ամեն ինչ չափավոր անել, քանի որ հիմնականում պատանի հանդիսատեսի հետ գործ ունենք: Լուրջ հարց է, թե երեխաներին ինչ պիտի ցույց տանք, չեմ ասում՝ բոլորը հերոսապատումներ բեմադրեն, բայց վատ չէր լինի, որ ամեն թատրոն նման մեկական գործ ունենա»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
Կարծում է՝ մարդկանց նախ եւ առաջ հարկավոր է կրթել, որպեսզի առողջ միջավայրում կարեւոր մտքեր ծնվեն: Շատ է ցավում, որ հայերն անընդհատ լքում են հայրենիքը, քանի որ մնալու եւ նորը կառուցելու դեպքում ամեն ինչ այլ կլիներ.
«Երեւի, մոլորակի միակ ժողովուրդն ենք, որ 10 միլիոն ենք, բայց հայրենիքում հազիվ 3 միլիոնն է ապրում: Մեծ բանակ է պետք. մեր սահմանները հիմա ավելի են երկարել ու խոցելի դարձել: Հասկանում եմ, որ ուզում են իրենց տրված կյանքն արժանապատիվ ապրել, հոգնում են ամեն ինչից ու հիասթափվում: Շեղբի վրայով ենք քայլում, ու ավարտը կարող է տխուր լինել: Բայց լավի սպասումով ենք ապրում ու ստեղծագործում, ամեն մարդ իր գործով որեւէ կարեւոր բան պիտի անի: Փորձել եմ այս ներկայացմամբ մի աղյուս դնել, ու կարծում եմ՝ ստացվել է. բազմաթիվ արձագանքները դրա վկայությունն են: Ոգեւորվածությունը մարդկանց դեպի թատրոն է մղում, չեն գալիս պարզապես նայելու, այլ տխրում են, արտասվում, հուզվում, մտածում, քաջալերվում, բազմաթիվ հարցեր տալիս: Իրենց սրտից էլ է, քանի որ ներկայացումը նաեւ մեր իրականության մասին է»:
Հարությունյանը հույսը դնում է սերունդների վրա, որպեսզի հնարավոր լինի տիրող մշուշից դուրս գալ, անզոր վիճակը հաղթահարել եւ չվախենալ խենթերի պես գործել.
«Հզոր ուժեր են մեր կոկորդին նստած ու առիթ են փնտրում որեւէ բան պոկելու: 90-ականներին փառահեղ հաղթանակ եղավ, բայց այն բավական չխնամվեց, գուցե անուղղելի քաղաքական վրիպումներ էլ ունեցանք: Թշնամին էլ հմուտ ու խորամանկ էր, ու հասցրեց ավելի լավ պատրաստվել, բայց հավատում եմ հայ ժողովրդի ներուժին ու մտքին: Շատ եմ ուզում, որ կրթությանը լուրջ զարկ տրվի, հասարակության գրագիտության սանդղակը բարձրանա: Հոգեւոր առումով էլ ենք բավական հետ ընկել ու տարրալուծվել, տուրք ենք տալիս զանազան անհասկանալի օտար բաների»:
«Խենթերի կարիք ունենք, որովհետեւ այլ կերպ գոյատեւել չենք կարող»
Ներկայացման ավարտից րոպեներ անց էլ իրենց տպավորությունների ու «Խենթ»-ի ասելիքի մասին պատմեցին Վահան Միրաքյանն (Վարդան) ու Ցողիկ Մարտիրոսյանը (Լալա):
- Ինչպիսի՞ն է եղել ստեղծագործական ընթացքն ու ինչպե՞ս եք կարողացել գտնել ձեր կերպարներին:
Ցողիկ. Դպրոցական տարիներին էլ խաղացել եմ այս դերն ու այն մեծ ոգեւորությամբ ընդունեցի։ Սկզբում չէր ստացվում՝ պետք է նաեւ տղա ներկայանայի, վախենայի, ուժեղ լինեի, սիրեի, շատ բարդ էր այդ ամենը համատեղել, ժամանակ պետք եղավ, որ գտնեմ անհրաժեշտ որակները: Փորձերի ընթացքում նաեւ շատ վնասվածքներ եմ ստացել: Կերպարիս ասելիքը մեկն է՝ պետք է ունենալ այնպիսի ուժեղ տղամարդիկ, որ կանայք չվախենան. Լալան իր միակ փրկությունը Խենթի մեջ է փնտրում։ Եթե բոլոր տղամարդիկ ուժեղ լինեին, կկարողանայինք ե՛ւ հող պահել, ե՛ւ փրկվել։ Կանայք էլ պարտավոր են իրենց տղամարդկանց կողքին լինել եւ նրանց ուժ տալ։
Վահան. Դերը ստանալուց հետո շատ ոգեւորված էի ու մեծ էր ցանկությունս լիովին կերպարանափոխվելու, բայց ոչ միայն արտաքնապես, նաեւ՝ ներքուստ: Բազմաթիվ մարդկանց ու իրական հերոսների եմ ուսումնասիրել, նրանց կենսագրությունները կարդացել ու ամեն մեկից որեւէ բան վերցրել: Փորձել եմ հասկանալ, թե ինչպիսին կլիներ այսօրվա երիտասարդությանն ակնահաճո Խենթի կերպարը։ Դեռ ներկայացման ազդեցության տակ եմ, դժվար է շատ բան ասել: Ինչպես պրեմիերային էինք լարված մտել բեմ, այս անգամ էլ գերլարված էինք ու լրիվ սպառվեցինք:
Ցողիկ. Մինչեւ վերջին խազը տրվում ենք:
Վահան. Իմ իրական հոգեվիճակին բավական ուշ եմ վերադառնում, ներկայացումից հետո լռակյաց եմ դառնում։
- Ո՞րն է ձեզ համար ամենաազդեցիկ ու տպավորիչ տեսարանը, որ ստիպում է նաեւ հուզվել:
Ցողիկ. Վահանի հետ խաղալն ինձ համար շատ հեշտ է, տարիների փորձ ունենք, բեմում նրան վստահում եմ ու այս ներկայացման մեջ իմ հենարանն է: Ամենահուզիչ կտորներից է, երբ Լալան Վարդանին խնդրում է իրեն ուրիշ երկիր տանել եւ փրկել բոլոր թուրքերից ու քրդերից։ Այդ տեսարանում ուզում եմ կառչել նրանից ու պոկ չգալ, ներկայացումից հետո գնում եմ տուն ու գոյություն չեմ ունենում։ Բեմում քիչ դաժանություններ ենք ցույց տալիս, բայց եղածն էլ մեզ սպառում է։
Վահան. Գագաթնակետն ինձ համար ներկայացման միջնամասն է, երբ արդեն այլ տեսքով հայտնվում եմ տանուտեր Խաչոյի տանը, եւ սկսում են էմոցիաների վայրիվերումները։ Հատկապես սիրում եմ Լալայի եւ Միքայել Դուդուկչյանի հետ կտորները, ամեն անգամ պատրաստվում եմ նաեւ Թոմաս Էֆենդիի հետ մեր կռվի տեսարանին։
- Քանի որ դահլիճում հիմնականում պատանիներ են լինում, ի՞նչ կուզեք՝ նրանք քաղեն ներկայացումից:
Վահան. «Խենթ»-ի հիմնական ասելիքն է, որ վեհագույն գաղափարը հայրենիքն է ու այնտեղ ապրող անհոգ, գեղեցիկ, օրինակելի ընտանիքը։
Ցողիկ. Այս պահին Վարդանների կարիք շատ ունենք. Խենթեր պիտի լինեն, որովհետեւ այլ կերպ մենք գոյատեւել չենք կարող։
- Ու վերջին տեսարանի մասին, որն ասես կոչ լինի՝ «Միանում, մեկ ենք դառնում», երբ վանքի ու բերդի քարերի ձուլվելու մասին զրույցից հետո սկսում եք քարերը շրջանաձեւ իրար փոխանցել, ու աննկատ դրանք զենքերի են փոխակերպվում:
Ցողիկ. Դրա նախորդող տեսարանում վատ վիճակում եմ լինում՝ դողում եմ, արտասվում, բայց կուլիսներում ամեն անգամ նայելիս փշաքաղվում եմ ու հուզվում: Հասկանում եմ, որ այդ տողը մեզ հիմա պետք է՝ անհրաժեշտ է միանալ ու մեկ դառնալ։
Վահան. Ավարտի մասին խոսելիս պետք է մի քիչ գլուխ գովեմ, քանի որ այն իմ գտած վերջաբանն է ու շատ պատահական է ստացվել: Մեր խաղընկերներն այդ օրը փորձի չէին եկել ու պարզապես շատ ուզեցի վերջին նախադասությունը՝ «Միանում, մեկ ենք դառնում» անընդհատ կրկնել, ինչն այդպես էլ թողեցինք: Բերդն ու ամրոցն ինքնապաշտպանության խորհրդանիշ են, այսինքն՝ մեր հավատն ու զենքը իրար հետ պետք է ձուլված լինեն, ներկայացման վերջաբանն էլ այդ մասին է։ Կարծում եմ՝ այսքանից հետո հանդիսատեսն էլ կարող է չգալ «Խենթը» նայելու, ամբողջը պատմեցինք (կատակում է, ծիծաղում ենք,-հեղ.)։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: