×


Հովիկ Աֆյան. «Հայրենիքը նախ եւ առաջ ինքնասիրությունն է»

«Կարմիր», «Քաղցր կյանք», «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակ, արձակագիր Հովիկ Աֆյանը նոր գիրք է գրել՝ «Ծովից ծով»: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է իր մտահոգությունների, ծանր ժամանակներում հույսը չկորցնելու, հայ ժողովրդի ուժի, պատերազմի ժամանակ սիրելու ունակությունը չկորցնելու եւ սահմանամերձ Բագարան գյուղում ստացած ոգեշնչման մասին:

- Հովիկ, Ձեզ համար ինչի՞ց է սկսվում հայրենիքն ու ինչպե՞ս պետք է ամեն մեկը սովորի իսկապես սիրել այն:

- Ամեն մեկը չի կարող սիրել հայրենիքը: Ամեն մեկը պարզապես սիրել չի կարող: Մեկի բախտը չի բերում, մյուսի ուժերից է վեր, երրորդն, առհասարակ, սիրելուց ավելի եկամտաբեր զբաղմունքներ է գտնում, որոշում, երբեմն էլ պեղում:

Մի անգամ ասել եմ, որ հայրենիքն ինձ համար սկսվում է հոր հետ զրույցներից, բայց մորի՛ց, ու երեւի դրա համար շատերը չունեն հայրենիք: Հիմա չգիտեմ, բայց եթե հայրենիքն ինչ-որ տեղից ու պահի սկսվում է, ուրեմն ավարտվում էլ է: Մինչդեռ իրավունք չունի, չի կարող, չպետք է: Հայրենիքը, երեւի, տանում է ու հակառակը՝ թույլ չի տալիս գնալ: Նկատի չունեմ՝ երկրի սահմաններից դուրս, նկատի ունեմ՝ ինքդ քեզնից հեռու: Հայրենիքը, երեւի, ինքնասիրությունն է՝ նախ եւ առաջ: Այդքան փոքրացել է ու այդքան մեծ է:


- Վերջերս գրառում էիք արել Արմավիրի մարզի Բագարան գյուղ Ձեր այցի մասին՝ մասնավորապես նշելով.«Աշակերտներն ամեն մեկը մի օրում, իրար փոխանցելով, կարդացել էին «Արեգակ» ընթերցասրահի միակ ու հրաշալիորեն մաշվող «Կարմիրը» ու կանչել ինձ՝ խոսելու։ Երեք ժամ խոսեցինք։ Երեք ժամ սովորեցի։ Այդ թվում գրել ու ամենակարեւորը՝ հավատալ»։ Ինչո՞վ լցվեցիք այնտեղ ու այդ ինչպե՞ս գրել սովորեցիք:

- Նոր մարդիկ տեսա: Ոչ միայն մինչ այդ պահն անծանոթ, այլ նոր մտքերով, աշխարհով, աշխարհի ընկալմամբ մարդիկ տեսա: Իսկ նոր մարդիկ միշտ են լցնում ու գրել սովորեցնում, առնվազն գրելու թեմա տալիս, թեմա եւ ուժ, հավատ, որ գրածդ ինչ-որ բանի կամ որեւէ մեկին պետք է: Գիտե՞ք, հիմա հաճախ են հանդիպում միջոցառումներ, որտեղ սովորեցնում են վեպ գրել, կամ պատմվածք, սյուժե մշակել... Իմ կարծիքով՝ գրել սովորեցնում են սովորական մարդկային զրույցները: Բառիս բուն իմաստով սովորեցնում են: Լսում ես մարդուն ու հասկանում՝ այ, կերպարդ հենց դա պետք է ասի: Դու մինչ այդ զրույցը չէիր հասկանում, թե ինչ, դրանից հետո հասկացար:

- Իսկ ինչպիսի՞ն են գյուղի մարդիկ ու ի՞նչ անհանգստություններ եւ երազանքներ ունեն:

- Նայած գյուղ: Մենք գյուղեր ունենք նաեւ Կոտայքի մարզում, որտեղ շատերն անհանգստանում են, օրինակ, գազարի բերքի համար: Կոնկրետ Բագարան գյուղը հայ-թուրքական սահմանին է, հենց դիմացը՝ Արաքսից այն կողմ թուրքական Հալըքըշլաղ գյուղն է, որտեղ մինարեթ կա: Այդ մինարեթից ամեն օր նամազի կանչող ձայն է հնչում, այդ թվում՝ Բագարանի դպրոցում, որի պատուհաններից երեւում են թուրքական գյուղի տներն ու մարդիկ: Պարզ է, չէ՞, ինչ անհանգստություններ ունեն իմ տեսած գյուղի մարդիկ ու ակնհայտ են, չէ՞, նաեւ նրանց երազանքները: Նրանց, որ ապրում են Արաքսի ափին, որի այն կողմում էլ առաջ Հայաստան էր: Ի դեպ, երբ գյուղացիներից մեկին, ով ինձ սիրով ցույց տվեց դպրոցի տեղը, ասացի. «Էն կողմում էլ է Հայաստանը», պատասխանեց. «Բա պատկերացնո՞ւմ ես՝ ինչ մեծ երկիր ենք ունեցել, որ հազար տարվա պատմության բոլոր դարերում հող ենք տվել ու դեռ հող ունենք»:


- Ամեն երկրի ապագայի համար չափազանց կարեւոր են երեխաները, այնտեղի «արեւ դպրոցում», ինչպես Դուք եք գրել, լավատեսության ի՞նչ  շողեր տեսաք:

- Ամեն անգամ, երբ կարդացող մարդ եմ տեսնում, լցվում եմ լավատեսությամբ: Ինձ թվում է, որ ահա ավարտելու է գիրքն ու փոխելու, փրկելու է աշխարհը: Իսկ «արեւի դպրոցում» ես կարդացող մարդ չէ, մարդկանց տեսա: Երեխաների: Մի աղջիկ, օրինակ, ասաց, որ գիրք է գրում՝ մոտիվացիոն: Ընդ որում՝ ինքն իր առաջ նպատակ է դրել, որ մինչեւ այս տարվա վերջ պետք է ավարտի: Իհարկե, խորհուրդ տվեցի նրան գիրք գրելիս վերջնաժամկետներ չսահմանել, բայց գիտե՞ք, այդ աղջիկը հավատում է մարդկանց, իր ուժին՝ բան փոխելու ուժին, հակառակ դեպքում գիրք չէր գրի, չէ՞:

- Ձեր կարծիքով՝ այսօր դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում ինչի՞ մասին պիտի խոսել ու սովորեցնել:

- Պիտի խոսել կորցնելու մասին եւ պիտի սովորեցնել չկորցնել: Հող: Ոչ մի դեպքում, բոլոր միջոցներով: Պիտի խոսել այն ճանապարհի մասին, թե ինչո՞ւ մենք, որ այս հողերում բնիկ, նստակյաց ժողովուրդ ենք համարվում, ամենաշատն ենք գաղթել ու գաղթում այս հողերից: Թուրքերը, որոնց քոչվոր-եկվոր ենք ասում, նստել, մնում են, մենք կանգնել, գնում ենք: Ինչո՞ւ է այդպես: Հայերենի գրեթե բոլոր տառերը ներառող հապավումով նախարարություն ունենք, կարծում եմ՝ կարող ենք երկու-երեք ամիս նստել ու հասկանալ՝ ինչու է այսպես ու ինչ է պետք անել, որ էլ այսպես չլինի:

- Ինչպե՞ս եք Ձեր դստեր հետ նոր իրականության մասին խոսում ու նրան ամեն ինչ բացատրում:

- Առայժմ խուսափում եմ: Ամեն դեպքում նրա հետ այս թեմայով զրույցներ չեմ նախաձեռնում, որովհետեւ նոր իրականության բացատրության կարիքն ինքս էլ ունեմ: Բայց մի անգամ հարցրեց. «Հիմա էլ իմ մկրտության եկեղեցի՝ Գանձասար չե՞նք գնալու»: Ասացի՝ գնալու ենք: Հարցրեց՝ ինչպես, ասացի՝ մեր մեքենայով: Ի դեպ, մենք մեքենա չունենք: Դեռ:


- Ինչի՞ պակասն եք զգում մեր հասարակությունում ու ինչո՞ւ ենք այսքան անմիաբան եւ պառակտված դարձել:

- Գայթակղությունը մեծ է ասելու՝ անմիաբան ու պառակտված մեզ դարձրել են, բայց հետո հիշում եմ Խորենացու «Ողբ»-ն ու մտածում՝ լավ, բա 5-րդ դարում ինչո՞ւ էինք այսքան անմիաբան ու պառակտված, կամ 10-րդ դարում, կամ 20-րդ դարի սկզբին... Մենք չենք սովորում՝ ունենալով, ընդ որում, երկու մեծագույն ուսուցիչ՝ սեփական սխալների անվերջանալի շարանն ու քոչվորից նստակյաց դարձած թշնամի:

- «Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից»,- «Կարմիր»-ում գրել եք Դուք: Էլ ի՞նչ են փոխում ու մեզ ինչպիսի՞ն են դարձնում պատերազմները:

- Մարդուն նույնիսկ Աստված չի կարողացել փոխել, իսկ պատերազմը կարողանում է, պատկերացնո՞ւմ եք... Պատերազմները, որքան էլ ցինիկ հնչի, մարդուն իջեցնում են Բաբելոնի աշտարակից ու հիշեցնում, որ ինքը գործ չունի վերեւների հետ, որ ինքը Մովսեսի պատվիրանները պահողը չէ, խախտողն է, որ ինքը ստամոքս ունի, որն, ասում են, խանգարում է մարդուն դառնալ Աստված: Բայց մյուս կողմից, պատերազմի ժամանակ ամենահաճախն են ասում. «Ես սիրում եմ քեզ»: Իրար են ասում, թե հայրենիքին, երեւի, կարեւոր չէ:

- Ինչո՞ւ մարդիկ չեն դադարում պատերազմել. աշխարհը շարունակում է «գլխակեր» մնալ, իսկ «դաշտերում կարմիրը ավելի շատ է, քան կանաչը»։

- Որովհետեւ պատերազմը մարդկության բնական վիճակն է, նրան առաջ մղող ամենազիլ մղումը: Որովհետեւ շատերի համար այծի միսն ավելի համեղ է, քան կաթը եւ հարեւանն ավելի հարուստ է, քան ինքը: Որովհետեւ մարդկությանը հերոսներ են պետք, որովհետեւ աշխարհում այն օրից, երբ տղամարդը դադարեց որս անել, առաջացավ տղամարդու ճգնաժամ, ձանձրույթ, երբ ինքն այլեւս չի հասկանում՝ ինչի համար է, քանի որ այլեւս չկա մի բան, որը չի կարող անել կինը, այդ թվում՝ առանց տղամարդու:

- Մշակույթի դերն այս դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի ու ի՞նչ կարող է անել:

- Իմ սիրած գրականության մասին կասեմ, իսկ այն անցյալի մասին է: Եվ ինչպես մեր արտագաղթած բարեկամների տներում հին ալբոմների մեջ պահվող լուսանկար, անցյալի մասին պատմող գրականությունը մի կարեւոր դեր ունի՝ մարդուն հիշեցնել, որ ինքը մարդ է, հետո արդեն հային հիշեցնել, որ ինքը հայ է, տղամարդուն հիշեցնել, որ ինքը տղամարդ է... Հիշեցնե՛լ: Ընդամենը:


- Մտավորականներն ի՞նչ պարտականություն պետք է դնեն իրենց ուսերին ու ինչո՞ւ մինչ այս չեն արել:

- Մտավորականները պետք է խոսեն: Բայց շատերն այսօր ասում են, որ նրանք լուռ են, նույնիսկ չկան: Տարօրինակ է, բայց ոչ մեկը չի ասում՝ իսկ մտավորականը երբ խոսում է, նրան լսո՞ւմ են: Գիտե՞ք, մի յուրահատկություն ունեն մտավորականները՝ նրանք խոսում են նաեւ մահից հետո, օրինակ, երբ Թումանյանն ասում է՝ փրկությունը ներսից է գալու ու նաեւ նշում, թե ինչու, երբ Չարենցը գրում է՝ դոփում են ձիերը՝ նկատի չունենալով ձիերին: Այնպես որ, եթե մահն անգամ չի լռեցնում մտավորականին, ապա ինչպե՞ս կարող է աղետը լռեցնել նրան: Գուցե, պարզապես չենք լսում եւ, կներեք, չենք հասկանում... Դե, մարդը հո չի հայհոյում, որ հարյուր հազարավորները լսեն, դիտեն ու «ա՜խ, սրտիցս» էր ասելով՝ հասկանան: Մտավորականը, իմ պատկերացրած, հասարակությանն ապտակողն է, իսկ ապտակողներին մարդիկ չեն սիրում:

- Արցախը կորցնելու, պառակտված լինելու, չկրթվելու պատճառների ակունքները որտեղի՞ց են սկիզբ առել:

- Երկու բառից: Այդ բառերը մեզ ասում են մեր մայրերն ու հայրերը, մանկապարտեզի ու դպրոցի մանկավարժները, նույնիսկ բանակում են ասում: Հետո մեր կանայք ու ամուսիններն են ասում, վերջում էլ մեր երեխաներն են մեզ ասում: «Խելոք մնա»՝ իմ կարծիքով, հենց այս երկու բառն են մեր կորուստների ակունքը: Ինչո՞ւ խելոք մնանք, այսինքն խեղճանա՞նք, վերմակից դուրս ոտքներս չհանե՞նք... Բա ինչպե՞ս չկորցնենք ու ինչպե՞ս ձեռք բերենք աշխարհում, որտեղ ոչ մեկը խելոք չէ՝ մեզնից բացի:  

- Ինչի՞ց է պետք սկսել շտկվել ու դրանում ամեն մեկն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ:

- Մի հեշտ բան կա: Պետք է հենց՝ վաղվանից չէ, այսօրվանից, այս պահից, բոլորս մեր իսկ շուրջը ինչ-որ բան փոխենք դեպի լավը: Մեր շուրջը եւ մեր ներսում: Սա իսկապես հեշտ բան է, բայց նաեւ անհնարին ու դրանով իսկ գայթակղիչ:

- Դուք ինքներդ ի՞նչ եք անում ու ինչպե՞ս եք փոխվել վերջին իրադարձություններից հետո:

- Ես էլի գիրք եմ գրել, բայց այս մեկը Հայաստանի մասին չէ:

- Լույս է տեսել Ձեր նոր գիրքը, որի մասին այս խոսքերով էիք հրապարակում արել. «Ես էլ ասում եմ՝ ինչքան շատ փոսի մեջ մնանք, այնքան անհնարին կդառնա դուրս գալը եւ այնքան սովորական՝ մեռելահոտը: Ու ուժասպառության բղավոցների հարատեւությունն իրականում դավաճանություն է: Ի դեպ, գիտե՞ք, թե ինչու ենք ողջ «մահվան մեքենայում» եւ դեռ ինչքան ենք ողջ մնալու: Ես գիտեմ»։ Երկու հարց ունեմ՝ ինչի՞ մասին եք գրել եւ այդ ի՞նչ գիտեք:

- Ծովի մասին եմ գրել գրքում: Իսկ գիտեմ այն, որ Հայաստանում երազանքները ծովից ծով են:


- Հովիկ, ինչո՞ւմ է մեր ազգի ուժն ու ինչպե՞ս այն ի նպաստ մեզ ծառայեցնել:

- Մեր ազգի ուժը... «Չարի վերջը» հիշեցի, երեւի, դա գրելն է մեր ազգի ուժը ու կկու չլինելու արդյունքում է հնարավոր այդ ուժն ի նպաստ մեզ ծառայեցնել:

- Եվ վերջում, ի՞նչ կասեք մեր հայրենակիցներին:

- Նվաճե՛ք: Աշխարհի ամենասիրուն աղջկա կամ տղայի սիրտը: Աշխարհի ամենաբարձր լեռան գագաթն ու ամենակապույտ ծովի ափը: Նվաճելը հանցագործություն չէ, ունեցածը կորցրելն է հանցագործություն:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW