×


Խարդախություն, մեծ գումարներ եւ սեր․ «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Խորամանկություն, խարդախություն, մեծ գումարներ, շահերի բախում եւ մաքուր սեր, որը պետք է փոխի, կոտրի եւ նորից ապացուցի իր զորությունն աշխարհի խարդավանքների մեջ. նոյեմբերի 30-ից մեծ էկրան կբարձրանա «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» ֆիլմը, որի պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը:

Ֆիլմում հինգ արկածախնդիր խաբեբա ծրագրում են թալանել ամերիկացի միլիոնատիրոջը, բայց ծերուկն էլ պակաս հնարամիտը չէ եւ ունի խորամանկ քայլերի իր զինանոցը: Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով՝ սկզբում նախատեսվել է 16 մասից բաղկացած սերիալ նկարել, բայց հետո հասկացել են, որ կարող է 90 րոպե տեւողությամբ լավ ֆիլմ ստացվել։


«Աշխարհում շատ կան այսպիսի ֆիլմեր, բայց մեզ մոտ չկար: Մեր հանդիսատեսը սովոր է կատակերգությունների, բայց սա այդ դեպքը չէ: Ֆիլմի ավարտն ուրախ է, իսկ ուղերձը՝ կարեւորել բարձր, բարոյական արժեքները»,- նշեց Միտոյանը:

Փողի, մարդասիրության ու խաբկանքի խաչմերուկում սերն է, որը փոխում է, իսկ այս ամենը մեկ ֆիլմում հավաքելու գաղափարը ռեժիսոր Արշո Հարությունյանինն է: Խոսելով դերասանների ընտրության ու ֆիլմի մասին՝ ռեժիսորն ասաց․ «Իրենք իմ երազած դերասաններն են, դրա համար մի վայրկյան անգամ չեմ կասկածել նրանց ընտրության հարցում։ Այս նախագիծն իմ կյանքի ամենաձգձգվածն է՝ շուրջ երկու տարի, բայց չեմ դժգոհում, քանի որ ընթացքում կարողացա վայելել։ Շատ կուզեմ, որ հանդիսատեսը հավանի: Եթե ինչ-որ բան չստացվի, չհավանեն, ապա մեղավորը ես եմ. այդ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։


Ֆիլմի ամենաբացասական հերոսին՝ Մանուկին, մարմնավորում է Ռաֆայել Երանոսյանը։ Նրա կերպարն ավարտել է Երեւանի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, բայց գործում չի հաջողել ու որոշել է բեմադրել իր կյանքը։

«Այս ֆիլմում կա ամեն ինչ՝ դրամա, կրքեր, վախ եւ այլն, իսկ իմ կերպարն այս ամենի կենտրոնում է։ Արշոյի հետ բախտ ունեցել եմ աշխատել վաղուց, բայց այս անգամ մի քիչ այլ էր՝ գուցե մենք ենք մի քիչ մեծացել եւ հասունացել։ Նկարահանումները բարդ էին. ցրտին լողավազան եմ մտել ու հետաքրքիր այլ քայլերի դիմել, իսկ հետեւանքն այն էր, որ մի քիչ հիվանդացել էի, բայց չէ՞ որ արվեստը զոհեր է պահանջում»,- կեսկատակ նշեց Երանոսյանը։


Լուիզա Ներսիսյանը մարմնավորում է խաբեբա եւ խորամանկ, նրբագեղ կնոջ, ով սիրում է խաղալ իր սցենարով, չի սիրում ենթարկվել, բայց նաեւ օրենքից դուրս քայլեր չի անում։ Դերասանուհին այս դերը շատ սիրել է. «Ներքուստ զգացել եմ, որ այդ պահին ես այդ կինն եմ, հանդիպել եմ նման խոչընդոտների ու պետք է հասկանամ՝ ինչպես լուծել խնդիրը։ Միշտ էլ հետաքրքիր է բնավորություն ունեցող կերպար մարմնավորելը, սիրում եմ լինել գործող անձ, այլ ոչ թե զոհ, որին պետք է գան եւ փրկեն»։

Կերպարներից յուրաքանչյուրը ցանկանում է այս կյանքից քաղել առավելագույնն, ինչն էլ բերում է շահերի բախման։ Ֆիլմի կեսից անսպասելիորեն փոխվում է, այսպես կոչված, «ֆիլմի տղան» ու հայտնվում է Սոս Ջանիբեկյանը, որը սկսում է խլել Երանոսյանի կերպարի կյանքում եղած գեղեցիկն ու հնարավորությունները։


Խաբեբաների շարքում ամենաազնիվը Վիկտորյա Սահակյանի կերպարն է. «Եթե անկեղծ լինեմ՝ նկարահանվելիս բացարձակ պատկերացում չունեի՝ ինչպիսին կլինի կերպարս վերջում, քանի որ որպես սերիալ էինք նկարում։ Չէի ուզի խոսել դերիս մասին, քանի որ եթե ասեմ՝ ստացվել է, կասեն՝ ինչու է գնահատում, ասեմ՝ չի ստացվել, կասեն՝ ով է այս դերասանուհին, որի կերպարը չի ստացվել»։

«Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» ֆիլմի սցենարը գրել է Արշո Հարությունյանը սցենարիստ Նարեկ Ավագյանի հետ։ Ֆիլմում ներգրավված են նաեւ Քեն Դավիդյանը, Լեւոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Գրիշա Աղախանյանը եւ այլք:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW