×


Չնախատեսված ավարտ, հին եւ նոր դերասանների հարաբերություններ․ սիրային «Կին կոդ»-ի պրեմիերան

Տարբեր բնավորության ու խառնվածքի վեց կին եւ մեկ տղամարդ, հույսեր, հույզեր, սպասումներ, որոնք չեն արդարացվելու. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում «Կին կոդ» սիրային կատակերգության վերաբեմադրության պրեմիերան էր։ Սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամանյանը։

«Որոշեցինք վերաբեմադրել, քանի որ Ստեփան Ղամբարյանը, Ռոզի Ավետիսովան եւ Անի Խաչիկյանն այս շրջանում փոքր-ինչ ծանրաբեռնված են, բացի այդ, ինձ համար նոր մարտահրավեր էր փոփոխությունը։ Ներկայացումը ժամանակային ու թեմատիկ առումով էլ է թարմացվել ու ադապտացվել, քանի որ երբ դերասանները փոխվում են, ներկայացումը, կարելի է ասել, նորից ես բեմադրում»,- նշեց Գոջամանյանը:

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը


Առաջին հայացքից միայն դպրոցական հուշերով իրար հետ կապված վեց ընկերուհին բացահայտում են իրենց կապող մեկ այլ ու նոր պատճառ, որի շնորհիվ էլ յուրաքանչյուրը գտնում է կնոջ իր կոդն ու բանաձեւը։ Մելոդրամայի տանող կատակերգության մեջ այս անգամ զբաղված են Օլյա Հակոբյանը, Քեթրին Մանասյանը, Էվա Խաչատրյանը եւ Զիրոյանը, դե, իսկ նախորդ դերասանական կազմից՝  Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ Ռիփփի Նավասարդյանը:


«Իմ կերպարը բազմաշերտ է. մուտք է գործում որպես ավելի գրոտեսկային կերպար, բայց ընթացքում դառնում է ավելի հասարակ ու առօրեական։ Մասնագիտությամբ դերասանուհի է։ Արագ ինտեգրվեցի թե՛ տեխնիկապես, թե՛ հոգեհուզական տեսանկյունից, ինչի համար շնորհակալ եմ. բոլորն առանց զլանալու արեցին ամեն ինչ, եւ ես հասկացա՝ ինքս ինչ պետք է անեմ»,- պատմեց Օլյա Հակոբյանը։

Թեեւ փոքր-ինչ վատառողջ էր, բայց հանդիսատեսին նույն մեծ էներեգիայով ներկայացավ Զառա Սահակյանը։ Նրա կերպարը ոչ միայն հոգեհուզական առումով է հագեցած, այլ նաեւ բեմում չափազանց ակտիվ է:


«Այսօր ամեն ինչ արեցի, որ ներկաները ստանան այն էներգիան, որի համար եկել են, իսկ ես էլ զգացի նրանցը։ Բեմում  եւս յուրահատուկ էներգիա կար։ Երկու կազմով ու տարբերակով էլ սիրում եմ այս ներկայացումը, բայց նոր խաղընկերներս շատ հետաքրքիր են, քանի որ ամեն դերասան իր ռիթմն ու գույնն է բերում ու քոնն էլ փոխում։ Վաղուց եմ այս ասպարեզում, բայց այս ներկայացումն ինձ հնարավորություն տվեց խաղալ տրագիկոմիկ մի կերպար, որն ունի շատ շերտեր»,- ասաց Զառան։

Դե, իսկ ներկայացման միակ տղամարդը, ով գալիս ու մեծ իրարանցում է առաջացնում բեմում եւ ապահովում ներկայացման զգացմունքային կուլմինացիան, Զիրոյանն է։


Դերասանը դիտել է ներկայացումը Ստեփան Ղամբարյանի մասնակցությամբ․ «Որ ասեմ՝ դերի հանդեպ նկրտումներ ունեի, այդպես չէ։ Սեդրակն առաջարկեց, նախ ճշտեցի, թե ինչու Ստեփանը չի շարունակում, հասկանալով, որ ոչ մի խնդիր չկա, համաձայնեցի, քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը։ Ամեն մի դերասան դերն իր տեսանկյունից է պատկերացնում ու ռեժիսորի ուղղորդմամբ ստանում վերջնականը։ Զգում եմ ամեն տեսարանն իմ ձեւով՝ պահպանելով միզանսցենային գիծը։ Այս տեսակով հանդիսատեսին դեռ չէի ներկայացել»,- նշեց Զիրոյանը։


Պրեմիերան հանդիսատեսի համար անցավ հարթ, բայց բեմում եղան նաեւ անսպասելի իրավիճակներ՝ Զիրոյանն ավարտին կատարեց բոլորովին այլ երգ։ Ներկայացումից հետո ռեժիսորն ու դերասանը նշեցին՝ գուցե այսուհետ հենց այսպես էլ ավարտեն ներկայացումը։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW