«Երբ սերը կա» պոեզիա-ներկայացման գլխավոր գործող անձինք դերասաններ Բաբկեն Չոբանյանն ու Նազենի Հովհաննիսյանն են, որոնք հայ անվանի պոետների ու ժամանակակիցների սիրո մասին ստեղծագործությունները մատուցում են սեփական տեսանկյունից ու հույզերով։
Մինչ ներկայացման մեկնարկը նրանք բացատրեցին, թե ինչու են ընտրել հենց այդ գործերն ու ինչու են ասմունքելու փոխարեն պարզապես կարդալու թղթից։ Մոտ մեկ ամսում ստեղծված ներկայացման համար 50 բանաստեղծություն է ընտրվել։
Նազենի Հովհաննիսյանը եւ Բաբկեն Չոբանյանը
«Համարձակություն ենք ունեցել անհանգստացնել ոչ միայն դասականներին, որոնց քաջ ծանոթ եք, ու դա կրկնապատկում է մեր հուզմունքը եւ պատասխանատվությունը, այլ նաեւ երիտասարդներին, որոնք շատ յուրօրինակ աշխարհ են ստեղծել։ Մենք չենք ասմունքելու ու խաղալու, Ձեզ հետ ապրելու ենք մի քանի ակնթարթ։ Ուզում ենք կամուրջ լինել այդ բանաստեղծների, նրանց ապրումների, սերերի, կարոտների, հույզերի ու ձեր միջեւ»,- բեմից ասաց Հովհաննիսյանը։
Բաբկեն Չոբանյանն էլ ավելացրեց, որ երկար են մտածել, թե ինչ տարբերակով ներկայացնեն գործերը. «Հասկացանք, որ ամենազնիվը լավագույնների գործերից սիրուն ծաղկաքաղ անելն է։ Կարդալու ենք, որովհետեւ մենք սովոր չենք պոեզիան անգիր անել՝ ասեք ուրիշի բառերը, մտքերն ու հույզերը քեզնով անես, իսկ այսպես ավելի անկեղծ է ստացվում»։
Բաբկեն Չոբանյանը
Նախ դերասանների մասնակցությամբ սիրո պատմություն ցուցադրվեց էկրանին՝ դրանում նրանց օգնեցին Պարույր Սեւակի «Սիրո ճանապարհ» եւ «Պատահաբար են պատահում կյանքում» գործերը:
«Ախ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար...
Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր եւ ինձ, եւ քեզ համար…»,-հնչեց Չոբանյանի կատարմամբ։
Հովհաննիսյանն էլ շարունակեց.
«Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...»։
Նազենի Հովհաննիսյանը
Ապա նրանք հայտնվեցին բեմում ու նստեցին բեմի տարբեր կողմերում տեղադրված սեղանների շուրջ՝ ջրի ու գինու բաժակներով, գրքերով ու թղթերով լի։ Մեղադրեցին իրար, անկեղծացան, սեր խոստովանեցին, բաժանման ցավից գոռացին, իրար փնտրեցին երկար ու չգտան, կորստի ցավը վերապրեցին, ուզեցին նորից սիրել ու վերջապես կարողացան։ Սերն ի վերջո հաղթեց ու նրանց նորից միացրեց։
Վերջին տեսանյութում նորից միասին էին Երեւանի փողոցներում՝միմյանց գրկած ու երջանիկ, իսկ դրա ապացույցը Համո Սահյանի «Կգամն» էր.«Եթե մինչեւ անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միեւնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ»:
Նազենի Հովհաննիսյանը եւ Բաբկեն Չոբանյանը
Ներկայացման բեմադրիչ Տիգրան Գյուլումյանը BRAVO.am-ին պատմեց` ցանկացել է դասականներին ու ժամանակակիցներին այնպես համադրել, որ նրանք լրացնեն միմյանց ու խոսեն սիրո լեզվով։
«Հիմքում սերն է, որը պոեզիայում շատ կա։ Ներկայացնում ենք բաժանում, պայքար, միացում ու վերջապես հաղթանակ։ Ուզում էինք ցույց տալ, թե պոետները ժամանակին ինչ են մտածել մերժված ու տառապող սիրահարների մասին, եւ ինչպես են գտել սերն ու դրա բերկրանքի կարեւորությունը։ Գրողները մարդիկ են, որոնք նույնպես սիրում են, պարզապես իրենց ապրումները նկարում են պոեզիայի միջոցով, եւ այդ նկարչության մեջ գտել ենք այն գույները, որոնք իրար լրացնում են»,- ասաց նա։
Գյուլումյանը նշեց, որ Չոբանյանի հետ արդեն 3-րդ անգամ է աշխատում նմանատիպ ձեւաչափով, իսկ Հովհաննիսյանի հետ առաջին փորձն է։ Ցանկացել են միավորել դերասանների, որոնք պոեզիայի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն. «Համադրեցինք երկու լավ կերպարների ու ազնիվ արտիստների, որոնք նաեւ լավ ձայն ունեն։ Նրանք պարզապես կարդում են գործերը, իսկ մենք հետեւում ենք ապրումներին»։
Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Տիգրան Գյուլումյանը
Պրեմիերայից հետո Բաբկեն Չոբանյանը եւ Նազենի Հովհաննիսյանն ընկերներից ու հանդիսատեսից շնորհավորանքներ ստանալուց եւ լուսանկարվելուց հետո պատմեցին սիրով լի ներկայացում ստանալու, ընտրված հեղինակների, իրենց հույզերի ու նորից միասին աշխատելու մասին։
- Ինչպե՞ս է, երբ սերը կա։
Բաբկեն. Ինչ լավ է, որ սերը կա։
Նազենի. Սերն ամեն տեղ կա, ուղղակի պետք է դրա նկատողն ու գնահատողը, բարձրաձայնողն ու բարձրացնողը լինի, այն ոչ մի տեղ չի կորչում։
- Եվ ինչպե՞ս էր այս ձեւաչափով ներկայացնել սերը։
Բաբկեն. Անսովոր, բայց ավելի ճիշտ կլինի, որ հանդիսատեսն ասի. մեր զգացողություններն ուրիշ են, մերն ավելի շատ աշխատանք է, պատասխանատվություն, սրտի թրթիռ ու հուզմունք։
Նազենի. Էքսպերիմենտ՝ բառիս լավ ու լայն իմաստով, որ ամեն մեկն ուրիշ կերպ լսի, գուցե, հազար տարվա ծանոթ գործը։ Համարձակություն էինք արել ու վերցրել ականջին ծանոթ ու հարազատ գործեր, վախ կար, որ դրանք կարող են այլ կերպ ընկալվել։ Բայց դա շատ սուբյեկտիվ է, ինչպես արվեստի ընկալումը, ինչպես սերը՝ անհասկանալի ու անհասանելի, միեւնույն ժամանակ էլ՝ միշտ հարազատ։
Բաբկեն. Անպայման փորձել ենք անդրադառնալ ոչ այդքան հայտնի ու ճանաչելի պոետների եւս, եթե մի քանի հոգի նրանց գտնեն ու կարդան, ուրեմն արժեր այս երեկոն անել։
- Ինչպե՞ս էր տարբեր ժամանակների ու սերունդների գրողներին համատեղելը։
Բաբկեն. Համադրելու խնդիր չէինք դրել, այլ ավելի շատ ծաղկաքաղ անելու, որ սիրո մասին ամեն ինչ հնչի՝ տարբեր ոճերի ու շնչառության մոտեցմամբ։ Կենտրոնում սերն էր եւ նրա մասին տարբեր շրջանի եւ տարիքի պոետների մտքերը։
Նազենի. Կարելի է ասել՝ դասականները հարմոնիայի մաժորներն ու մինորներն են, իսկ խրոմատիկ գամմաները՝ ժամանակակիցները, որոնք մի քիչ ոչ այդքան հանգավորված են, երբեմն ավելի համարձակ ու ամեն ինչ դեմքին ասող, ժամանակի էությունն իրենց մեջ կրող։ Սկզբունքը մեկն էր, որ դիպչի մեր ու հանդիսատեսի սրտերին։
- Միասին տարբեր նախագծերում արդեն աշխատել եք, ինչպե՞ս էր նորից ստեղծագործելը։
Նազենի. Տարբեր, բայց իրար վրա հենման կետ ունենալով։
Բաբկեն. Ուրիշ ու շատ անսովոր, բայց նույն սիրով ու վստահությամբ, որ եղել է նախորդ նախագծերում։ Եթե այդ փորձն ու իրար ճանաչելը, միմյանց վրա հենվելու զգացողությունը չլիներ, այս նախագիծը դժվար կայանար։
Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը եւ Բաբկեն Չոբանյանը
- Ո՞ր գործերն եք մինչեւ այս ներկայացումն էլ առանձնահատուկ սիրել ու առավել հաճելի էր դրանք կարդալ։
Նազենի. Եթե որեւէ մեկն առանձնացնենք, կնշանակի նեղացնել մեր մյուս երեխաներին։
Բաբկեն. Առհասարակ, չէի էլ պատկերացնում, որ այսպես ելույթ կունենանք, դժվար է առանձնացնել, որովհետեւ չես կարող շատ ու քիչ սիրել։
Նազենի. Հիմա եթե ասեմ Սահյան, կասեք՝ բա՞ Սեւակը, եթե նշեմ Չարենց, բա՞ Ռազմիկ Դավոյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահագն Դավթյանը, Ավետ Բարսեղյանը, Եր Կարը, Արա Ալոյանը, Ղուկաս Սիրունյանը, տեսեք՝ ինչքան շատ են։
Բաբկեն. Ներսես Աթաբեկյանը, Հենրիկ Էդոյանը ֆանտաստիկ պոետներ են, որոնց անպայման պետք է կարդալ ու տարածել։
- Ինչ լավ է, որ արդյունքում բոլորի անուններն էլ ասացիք։ Իսկ ձեզ ի՞նչ տվեց ներկայացումը։
Նազենի. Սեր։
Բաբկեն. Դեռ շուտ է ասել, բայց, միանշանակ, սեր։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: