×


Հայկական դուդուկի լեգենդը. համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի 95-ամյակին

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա-համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երեկոյին կհնչեն հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները, հայկական ժողովրդական երաժշտություն, էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր։


Երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, երգիչ, թմբկահար Արտո Թունչբոյաջյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, «Գաթա» բենդի երաժիշտ, ստեղնաշարային գործիքներ նվագող Գարեգին Առաքելյանը։

Համերգին կմասնակցի նաեւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որի կազմում Ջիվան Գասպարյանը որպես դուդուկահար իր առաջին քայլերն է արել, իսկ իր առաջին ելույթները եղել են հենց «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կցուցադրվեն արխիվային կադրեր Գասպարյանի կատարումներից:

Ջիվան Գասպարյանն երկար տարիներ հայկական երաժշտական գործիքի համբավը տարածել է ամբողջ աշխարհով մեկ։ 2005 թվականին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց: 2008-ին մեծ հոբելյանական համերգով նշվել է Ջիվան Գասպարյանի 80-ամյակը. այս առիթով առաջին անգամ Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ Պիթեր Գեբրիելը, Զուկեռոն, Ալան Փարսոնս Փրոջեքթը, Անդրեաս Վոլենվեյդերը եւ այլք: Մեծանուն արվեստագետն արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ կոչումների. 1957 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո կայացած Չորրորդ միջազգային փառատոնում։ 1973 թվականին արժանացել է ՀՀ ազգային արվեստագետի, իսկ 1978-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 2000-ին ճանաչվել է Երեւանի պատվավոր քաղաքացի, 2001-ին արժանացել ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։ 2001-ին «Ոսկե գլոբուս» է ստացել, 2002-ին՝ «Womex Award» միջազգային մրցանակը, իսկ 2006-ին ներկայացվել է «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ 2017-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ստացել է 1-ին աստիճանի շքանշան:

Ջիվան Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ, որոնց թվում են՝ Բրայան Ինոն, Բրայան Մեյը, Փիթեր Գեբրիելը, Լայոնել Ռիչին, Հանս Ցիմերը, Ջերի Գոլդսմիթը, Լարա Ֆաբիանը, «Քրոնոս» կվարտետը եւ այլք: Դուդուկի մեծ վարպետը համերգներով հանդես եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ դառնալով հայ ազգային երաժշտական մշակույթի դեսպանը աշխարհում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW