×


Աբրահամ Ռուսսոն՝ դստեր հետ

«Կապ չունի, որ այստեղ չեմ ծնվել»․ Աբրահամ Ռուսսոն՝ Երեւանում տուն գնելու եւ հայերեն երգերի մասին

Աբրահամ Ռուսսոն վերջին շրջանում տարբեր առիթներով հաճախ է գալիս Հայաստան, որոնցից մեկը դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած «Տարվա երգ» մրցանակաբաշխությունն էր։ «Մայրիկ ջան» երգը կատարելուց եւ մրցանակ ստանալուց հետո երգիչը մեզ հետ զրույցում խոստովանեց՝ հայերեն երգերը դառնում են իր սիրելիները, ինքն էլ բավական լավ տիրապետում է լեզվին:

«Հին երգ է՝ գրված Ավետիք Իսահակյանի «Մայրիկիս» բանաստեղծության հիման վրա  նորովի եւ իմ ոճով եմ ներկայացնում: Ստեղծագործական ակտիվ շրջան է. նոր բաներ ենք գրում, ձայնագրում։ Ներկայում հիմնականում Ռուսաստանի քաղաքներում եմ համերգներ տալիս, լսարանս էլ աշխարհի ռուսախոս բնակիչներն են, բայց շուտով հայերեն շատ երգեր եմ պատրաստվում ներկայացնել։ Արման Հովհաննիսյանի հետ զուգերգից հետո նոր համագործակցություններ եւս կլինեն»,- նշեց Ռուսսոն։

Աբրահամ Ռուսսոն՝ մայրիկի հետ


Հայաստանից հետո նա ելույթ էր ունենալու Մինվոդի քաղաքում ու կրկին ուղեւորվեր Երեւան․ «Մայրիկիս համար այստեղ տուն ենք գնել, տեղափոխվել է ու իրեն հիանալի է զգում հայրենիքում։ Վաղուց նման ցանկություն կար, եւ արդեն իրականություն է»։


Ընտանիքում երաժիշտներ չկան, բայց Աբրահամի մայրը նրա համար վաղ տարիքից երգել է «Առավոտ լուսո» երգը, իսկ ինքը սկսել է երգել դեռեւս Հալեպում՝ հայկական խմբում։

«Ցավոք, ծնվել եմ այլ երկրում, բայց կարող եմ ասել, որ դրսի հայերին մանկուց դաստիարակում են Հայաստանի հանդեպ անբացատրելի մեծ սիրով ու հարգանքով։ Այստեղ շատ ընկերներ ունեմ, եւ ոչ միայն երգարվեստի ոլորտից։ Հայաստանն ինձ համար, կարծես, հոգեւոր սննդի կենտրոն լինի։ Շատ եմ սիրում գնալ եկեղեցիներ, վանքեր։ Բացարձակ կապ չունի, որ այստեղ չեմ ծնվել. հենց գալիս եմ, մեջս հոգեւոր ուժն ամրանում է։ Այն, ինչ ես զգում եմ Հայաստանում, հավասար է, օրինակ, Երուսաղեմ գնալուն»,- ասաց երգիչը։

Աբրահամ Ռուսսոն՝ դուստրերի հետ


Ռուսսոն նշում է, որ պատերազմի օրերին տարբեր հարթակներում բարձրաձայնել է հայերին սպառնացող վտանգների մասին. «Այո, շատ հետեւորդների կորցրի այդ պատճառով, ինձ համար փակվեցին որոշ հարթակներ, բայց չէ՞ որ հայ եմ, դա իմ եւ բոլոր հայերի պարտքն է»։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ երգչի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW