×


Լուսանկարը՝ Նիկոս Ալիագասի

Շառլ Ազնավուրը շարունակում է մնալ աշխարհում ամենակատարվող ֆրանսիացի երաժիշտը

Այս տարին ազնավուրյան է լինելու՝ նշվելու է ֆրանսահայ երգիչ, երաժիշտ եւ բարերար Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Նրա մահից արդեն հինգ տարի է անցել, բայց երգչի արվեստը շարունակում է ապրել եւ ոգեշնչել բազմաթիվ արտիստների եւ երկրպագուների։

Ֆրանսիական հանրահայտ «Radio France» ռադիոկայանների խմբի «Mouv» ռադիոալիքը երգչին նվիրված հաղորդում է պատրաստել՝ պատմելով, թե ովքեր են կատարում Շառլ Ազնավուրի երգերը, եւ թե որքան մեծ է հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ։

Ազնավուրն իր կյանքի օրոք արդեն իսկ սիրված եւ աշխարհում ամենաշատը լսված ֆրանսիացի երաժիշտն էր, իր մահից հետո էլ շարունակում է լինել ֆրանսիացի այն երգիչը, որի ստեղծագործություններն ամենաշատն են կատարվում աշխարհում։

Լեգենդար երգիչն արդեն իսկ համագործակցում էր տարբեր ոճերի երաժիշտների հետ, յուրօրինակ էին նրա աշխատանքները ռեփերների հետ։ Սիրված արտիստն այժմ էլ ոգեշնչում է ռեփերներին. այսօրվա հիթերից շատերը ներշնչած են նրա երգերից։

Բեդ Բաննին, որի կատարումները երեք միլիարդի հասնող լսումներ ունեն, իր երգերից մեկում օգտագործել է Ազնավուրի հեղինակային երգը. «Մոնակո»-ում ոչ միայն Ազնավուրի երաժշտությունն է հնչում, այլեւ նրա ձայնը՝ ռեփի եւ հետաքրքիր գործիքավորման համադրությամբ։



Ռադիոհաղորդման ընթացքում հաղորդավարը պատմում է Շառլի երգերի վերափոխումների եւ տարբեր ոճերում փայլելու մասին՝ Ազնավուրին «բոս» անվանելով։

Հաղորդման հեղինակը շեշտում է, որ արվեստում վերոնշյալը շատ գեղեցիկ երեւույթ է, բայց նաեւ մեծ գումարների աղբյուր է, իսկ շահույթը ստանում են Ազնավուրի ժառանգները, ովքեր ի տարբերություն այլ արտիստների երեխաների՝ ժառանգության հարցում խնդիրներ չեն ունեցել եւ մնացել են համախմբված։

Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW