×


Աֆրոամերիկացի ջազ երգիչը գերեց երեւանյան ունկնդրին

«Նրա ձայնն օժտված է այնպիսի հարուստ, թանձր ու սահուն հնչողությամբ, որ երկրորդ այդպիսին դժվար է գտնել» (Կլաուդիա Մենդես, The Other Side Reviews), այսպես է բնութագրում Մարվին Մուոնեկեին բրիտանական մամուլը, ինչում համոզվեց երեւանյան հանդիսատեսը հունվարի 13-ին եւ 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած «Christmas Sinatra» խորագրով համերգներին:

Թերեւս, միայն աֆրոամերիկացիներին հատուկ Մարվինի թավշյա ձայնը տաք օվկիանոսի ալիքի պես պարուրեց հայ հանդիսատեսի սրտերը: Համերգի հատուկ հյուրն էր երգչուհի Քելլի Յանգը, բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը եւս մասնակցություն ունեցավ համերգին (խմբավար՝ Էմմա Առաքելյան), իսկ դաշնամուրի մենանվագներով հանդես եկավ Կարեն Անանյանը:


Մենակատարները Մեծ Բրիտանիայից էին եւ առաջին անգամ էին Հայաստանում: Համերգին հնչեցին Ֆրենկ Սինատրայի երկացանկի սիրված հիթերը:

Համերգից առաջ կարճ զրույց ունեցանք Մարվինի հետ:

- Ի՞նչ նշանակություն ունի Սինատրայի նման լեգենդար անձնավորությունը եւ նրա թողած ժառանգությունը Ձեր կատարողական արվեստում:

- Սինատրան 60 տարի շարունակ հանդես է եկել աշխարհով մեկ, նա միայն երաժիշտ չէր, այլ մարտիկ, ով պայքարել է նաեւ «սեւերի» իրավունքների համար, ինչը շատ եմ գնահատում: Սինատրան անցած դարի լավագույն երաժիշտներից էր, ինչպիսին են Դյուկ Էլինգթոնը, Քաունտ Բեյսին, Լուի Արմսթրոնգը… Նրանք կրողն են այն երաժշտության, որը սիրում եմ, եւ որը շատ հոգեհարազատ է ինձ: Համերգին կատարելու եմ իմ կուռքերից մեկի երգերը այս հրաշալի նվագախմբի հետ: Սա երազ էր, որն իրականություն դարձավ: Անչափ երջանիկ եմ այստեղ լինել ու շատ շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ջանք են ներդրել այս երազանքն իրականություն դարձնելու համար:


- Դուք նաեւ գործիքավորող եք, երգահան, շեփորահար, համերգին ականատես կլինե՞նք Ձեր տաղանդի այդ դրսեւորումներին:

- Այո, շատ ոգեւորված եմ ու շնորհակալ, որ կհնչեն Սինատրայի 5 երգերի իմ նվագախմբային փոխադրումներն այս հրաշալի նվագախմբի կատարմամբ: Կնվագեմ նաեւ շեփոր եւ ֆլյուգելհորն: Առհասարակ, սիրում եմ իմ ուրույն մեկնաբանությամբ կատարել Սինատրայի երգերը: Շատերը հավատարիմ են մնում երգերի օրիգինալ տարբերակներին եւ ձգտում են հնարավորինս Սինատրայի նման կատարել, ինչը նույնպես ողջունելի է:


- Դուք ջազ երգիչ եք եւ հաճախ եք ջազ բենդերի հետ հանդես գալիս ակումբներում, այնուամենայնիվ, ջազն ավելի ակումբայի՞ն երաժշտություն է, այն չի՞ տուժում, երբ հնչում է համերգասրահներում՝ մեծ նվագախմբերի կատարմամբ:

- Ջազը ծնվել է 1800-ականներին՝ Նյու Օրլեանում, այն ընդունված է ներկայացնել ավելի շատ ակումբներում, սակայն համերգասրահներում ջազ երգելը կամ նվագելը նոր երեւույթ չէ: Դրա հիմքը դրել է Փոլ Ուայթմանը՝ առաջին անգամ հանդես գալով նվագախմբով 1924թ-ին Նյու Յորքում, այնուհետ շարունակել է Գլեն Միլլերը, հետո Բենի Գուդման: Մեծ համերգասրահում նվագախմբով ջազ կատարելը նորություն չէ, բայց դա միշտ յուրահատուկ է, հատկապես Հայաստանում, քանի որ հայերը սիրում եւ գնահատում են ջազը:


- Առաջին անգամ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ ունեք:

- Այստեղ մարդիկ շատ սրտաբաց են ու հյուրընկալ, փորձերը ֆանտաստիկ ջերմ ու ստեղծագործական մթնոլորտում են անցնում: Շատ եմ ճամփորդում, բայց ոչ մի տեղ նման բարեհամբույր վերաբերմունք ու դրական էներգիա չեմ զգացել: Շատ եմ հավանում ձեր համեղ կերակուրները եւ սուրճը, այստեղ այն սիրում են շատ թունդ խմել:

Վերջին տասը տարիների ընթացքում Մարվինը հանդես է գալիս անգլիական եւ միջազգային հեղինակավոր հարթակներում, նշանավոր ջազ ակումբներում: Դատելով երեւանյան հանդիսատեսի բուռն ընդունելությունից՝ Մարվինի հետ հաջորդ հանդիպումը սարերի ետեւում չէ:

Աստղիկ Դալլաքյան
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW