×


«Art փսիխոզ». Չոբանյանի վերադարձը, Վաթինյանի զարմանքն ու Կարախանյանի «սուգը»

Եթե դեռ չեք տեսել ամբողջովին սպիտակ նկար՝ պատված սպիտակ գծերով, ուրեմն՝ Արշո Հարությունյանի բեմադրած «Art փսիխոզ» ներկայացումը կհետաքրքրի: Սպիտակ բեմում՝ սպիտակ կահույքով, Սերժը (Բաբկեն Չոբանյան), Մարկն (Միկա Վաթինյան) ու Իվանը (Արամ Կարախանյան) հավաքվում են այդ կտավի շուրջ, վիճում, ծիծաղում, հիշում հին խնդիրներն ու նոր մեղադրանքներ հնչեցնում, զարմանում ու չհասկանում միմյանց, բայց ի վերջո ընդհանուր եզրեր գտնում:

80x120 սմ չափով նկարը ձեռք բերելու համար 50 հազար եվրո վճարած Սերժը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես Մարկը չի կիսում իր ոգեւորությունն ու հիանում հայտնի Անտրիոսի գործով: Իսկ ամուսնանալ պատրաստվող ու գրենական պիտույքների վաճառքով զբաղվող Իվանը՝ ինքն էլ խրված լինելով խնդիրների մեջ, փորձում է հաշտեցնել բոլորին: Այդ ժամանակ էլ սկսվում է զավեշտն ու ջրի երես են դուրս գալիս բոլոր հին պատմությունները եւ դժգոհությունները: Բնականաբար, այդ ամենը չէր կարող չուղեկցվել մեղադրանքներով, վիրավորական խոսքերով, տարատեսակ ծիծաղով՝ հեգնական, կշտամբող, ընկերական, ալկոհոլով ու զեյթունով, եւ տեղի է ունենում հաշտեցումը:

Փոքրիկ բացահայտում կանենք՝ բոլորն ի վերջո ընդունում են իրենց թերություններն ու դրանք շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում՝ այսպես կոչված փորձաշրջանում հայտնվում։ Իսկ նրանց ավելի լավ հասկանալ ու ներկայացման ասելիքը բացահայտել կօգնի նաեւ BRAVO.am-ի զրույցը:

Արշո Հարությունյանը


Հարությունյանին բերկրանք պարգեւած գործը

Արշո Հարությունյանը պատմեց, որ Չոբանյանը, Վաթինյանն ու Կարախանյանը ոչ միայն իր ընկերներն են, այլ նաեւ քաղաքի ամենասիրելի դերասանները: Վաղուց է ցանկացել բոլորի հետ որեւէ ներկայացում բեմադրել, սակայն ամեն անգամ իր առաջարկած գործերը չեն հավանել:

Նա ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Արտ» պիեսը կարդացել է դեռ տարիներ առաջ, սակայն չի տպավորվել՝ ժամանակ էր պետք այն ընկալելու համար: Երբ որոշել է այս կազմի հետ որեւէ նոր գործ անել, կնոջ՝ Լուսինե Երնջակյանի խորհրդով եւս մեկ անգամ է վերընթերցել ու հավանել:

Լուսինե Երնջակյանը, Լեւոն Հախվերդյանը եւ Արսեն Սաղաթելյանը՝ «Art փսիխոզ»-ի պրեմիերային


«Կարդացի ու ամբողջ գիշեր հրճվեցի, միայնակ ծիծաղեցի, ունեցա բոլոր այն ապրումները, ինչ բեմում զգացին կերպարները: Առավոտյան խանդավառված զանգահարեցի դերասաններին, հանդիպեցինք ու միասին կարդացինք: Այն եզակի ներկայացումներից է, որ աշխատելու առաջին իսկ օրվանից ամեն րոպե բերկրանք եմ ապրել: Կասկածներ, բնականաբար, եղել են, բայց ընթացքում փարատվել են. ինչքան ապաշնորհ էր պետք լինել, որ այս դերասանական կազմով արված ներկայացումը չստացվեր: Ուրախ եմ ու երջանիկ, որ մեր հերթական համատեղ աշխատանքը ծնվեց»,- ավելացրեց ռեժիսորը:

Հարությունյանի համար ներկայացումն առաջին հերթին իրենց ու բոլորի կյանքի մասին է, քանի որ նման իրավիճակներ ու զրույցներ շատերի հետ կարող են պատահել, սակայն եթե բավականաչափ խելացի են, կկարողանան առաջացած տարաձայնությունները հաղթահարել:


Ընկերների առաջին համատեղ ներկայացումը

Դերասանների հետ զրուցեցինք պրեմիերայից րոպեներ անց, ու չնայած հոգնածությանը՝ նրանք պատմեցին ապրումների, իրենց կերպարների եւ ներկայացման կարեւոր ասելիքի մասին:

- Այսօր շատ էներգիա ծախսեցիք ու տարբեր էմոցիաներ ցույց տվեցիք, ի՞նչ եք զգում պրեմիերայից հետո եւ ինչպե՞ս էիք հարմարվել կատարյալ սպիտակությանը:

Արամ Կարախանյան. Պրեմիերան շատ նյարդայնացնում, քանի որ առկա է «առաջին օրվա» պատասխանատվությունը: Մոտ 3 ամսից ավելի պատրաստվել ենք ու ծամել թեման, բայց վերջնական փուլը բավական կտրուկ եղավ՝ ժամանակն էր հանձնելու: Մեզ ավելի հարմարավետ էինք զգում հանդիսատեսի ներկայությամբ, արդեն նրանց կարիքն ունեինք:

Միկա Վաթինյան. Դեռ պրեմիերան չեմ մարսել, բայց թեթեւություն եմ զգում, որ այդ սահմանն անցանք։ Ճիշտն ասած՝ որոշել էի դադար վերցնել ու ոչինչ չխաղալ, եւ երբ Արշոն պատմեց նոր գործի մասին, ուզում էի մտադրությանս մասին հայտնել: Երբ իմացա, որ Արամն ու Բաբկենն են խաղալու, գայթակղությանը չդիմացա։ Հեղինակին ծանոթ էի ու գիտեի, որ հետաքրքիր պիես է:


Բաբկեն Չոբանյան. Ես էլ Միկայի պես վաղուց որեւէ բանով հետաքրքրված չէի, գրեթե 4 տարի չէի խաղացել, բայց այս գործն ինձ մի քանի իմաստով գրավեց: Նախ պիեսը հետաքրքրեց ու այն հանգամանքը, որ չորսով ենք աշխատելու, ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի շատ սկսեց դուր գալ, թեեւ միշտ չի հարթ ընթացել, բայց ուզում էինք տեսնել, թե մարդիկ այն ինչպես կհասկանան ու կընկալեն: Բեմն ինձ համար խորթ էր, որովհետեւ սահմանափակ տարածքում էինք գործում ու պիտի այդ սահմաններից դուրս չգայինք, ինչը լավ փորձառություն էր ու հետաքրքիր զգացողություններ առաջացրեց: Սպիտակությանը հեշտ սովորեցինք, այն նաեւ պարտավորեցնող էր՝ դու էլ էիր փորձում դրա մեջ անարատ լինել։ Պրեմիերայից հետո առաջին հերթին ամբողջ ընթացքում ուղեկցած լարվածությունն ես թոթափում, բայց հանդիսատեսի ջերմությունը եւ արձագանքներն ամեն ինչ տեղը գցեցին։ Զգացինք, որ հավանել են ու մեզ հետ են:

Միկա. Նման արձագանքները մի քիչ անսպասելի էին, որովհետեւ տագնապ կար, թե այսքան խնդիրների մեջ լինելով՝ թեման ինչքանով մեզ պետք կլինի։ Նման պահեր տղամարդկանց հետ պատահում են, երբ ինչ-որ մի անհեթեթ առիթով բացվում են ավելի խոր թաքնված խնդիրներ: Պիեսը հետաքրքիր կառուցվածք ունի՝ սկսվում է մի կետից, ու երբեք չես պատկերացնի, որ այդքան հակառակ ուղղությամբ կընթանա:

Բաբկեն. Բայց այն միայն ընկերության ու դրա նրբությունների մասին չէ. ես ավելի հեռուն եմ գնում ու մտածում՝ սրանից հետո մարդիկ պիտի միմյանց նկատմամբ ավելի զգույշ լինեն: Քննադատելն ու որեւէ բան չհավանելու դեպքում միանգամից արտահայտվելն այդքան էլ կատակ բան չէ։ Հարցնելու դեպքում ճիշտը միշտ է պետք ասել, բայց դա անելու նրբության մասին է խոսքը՝ առանց նեղացնելու, թեւաթափ անելու ու վիրավորելու։ Ներկայացումն այդ փոխհարաբերությունների որակի մասին է ակնարկ անում՝ միշտ պետք է միմյանց նկատմամբ զգույշ լինել: Եթե դիտելուց հետո մարդիկ այդ մասին մտածեն, ուրեմն՝ մեր առաքելությունը կատարված է։


- Նկարը պարզապես միջնորդ է ու միջոց արտահայտելու այն ամենն, ինչ կուտակվել է ընկերների մեջ:

Արամ. Սպիտակ ֆոնի վրա ամեն կեղտ երեւաց, ներկայացման մեջ մտածելու շատ բան կա: Ինքս ճռռալով եմ մտել ներկայացման մեջ, նախ ռուսերենով եմ կարդացել ու հավանել, բայց հայերեն տարբերակի դեպքում հասկացա, որ իմը չէ: Բացի այդ էլ, սկզբում ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ Իվանին՝ մակերեսային էր թվում, բայց փորձերն իզուր չէին, ու վերջիվերջո սիրեցի նրան:


- Ամեն մեկիդ ի՞նչ տվեց ներկայացումը, ի՞նչ վերարժեւորումներ արեցիք ու նոր իմաստներ գտաք:

Միկա. Նախ որքան էլ նյութը հետաքրքիր էր, հաճույք էր միասին աշխատելն ու ստեղծագործելը:

Բաբկեն. Լրիվ ուրիշ ընթացք էր:

Արամ. Միմյանց շատ վաղուց գիտենք ու միասին նկարվել ենք Արշոյի ֆիլմում, բայց բեմում բոլորով չէինք եղել: Շփումներից բացի, համատեղ աշխատելու ամիսներն ինձ շատ բան են տվել, ես հենց փորձերի շրջանն եմ սիրում ու հիմա չափազանց տխրում եմ, սուգի մեջ եմ, որ ամիսը միայն 2 անգամ կտեսնենք իրար, քանի որ բոլորս էլ զբաղված ենք։

Բաբկեն. Ինքն արդեն այդպես է որոշել (ծիծաղում ենք,-հեղ.):


- Միայն թե, ինչպես ներկայացումում, այս ամենը վեճի չվերածվի (ծիծաղում ենք,-հեղ.):

Արամ. Եկեք հաճելի երեկո անցկացնենք (ասում է Իվանի բառերով,-հեղ.):

Բաբկեն. Ինձ համար լավ կողմն այն է, որ համատեղ աշխատանքից հաճույք ստանալու ակնկալիքներն իրականացան: Ինչ սիրով ու կարոտով երազում էինք համագործակցել, իրեն լիովին արդարացրեց:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW