×


Երաժշտությունը համադրելով վիզուալ արվեստի հետ․ Էլիզաբեթ Առաքելյանի յուրօրինակ ցուցահանդեսը

«Քանի որ երաժշտությունը շոշափելի չէ, փորձել եմ այն կապակցել դեկորատիվ-կիրառական արվեստի հետ, դարձնել շոշափելի, որ ավելի ճիշտ փոխանցեմ հնչողությունը»,- պատմում է ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանը, որ Երեւանի կոնսերվատորիան ավարտելուց հետո շարունակել է ստեղծագործական նոր ուղիներ փնտրել Գեղարվեստի ակադեմիայում։ Այսօր արդեն նա ներկայանում է իր առաջին անհատական ցուցահանդեսով՝ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։


«Հողի երգը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են Էլիզաբեթի խեցեգործական ու գրաֆիկական աշխատանքները՝ կավի, ապակու եւ այլ նյութերի համադրությամբ ստեղծված նմուշները։ Հեղինակի գործունեությանն ու հետաքրքրություններին անծանոթ այցելուներն էլ միանգամից նկատում էին, թե որքան երաժշտական են ցուցադրված աշխատանքներն իրենց ձեւապատկերային արտահայտությամբ։


«Նյութի ընտրությունը կախված է նրանից, թե ինչպես եմ ցանկացել արտահայտել որեւիցե զգացողություն, հոգեվիճակ, հնչողություն։ Օգտագործելով գունատեմբրային նկարչության գաղափարը՝ փորձել եմ երաժշտությունը դնել տարածության՝ քանդակների մեջ։ Հետաքրքիր երկխոսություն է ստացվում։ Աշխատելիս միշտ երաժշտություն եմ լսում, եւ այդ իմաստով իմ արվեստում երաժշտության ասոցիատիվ ընկալում կա, քանի որ լսելիս պատկերացնում եմ որեւէ գույն, խտություն կամ նյութ»,- նշում է Էլիզաբեթը։


Հետաքրքիր բացահայտում էր այն, որ հեղինակն իր աշխատանքում օգտագործում է հայրիկի ատամնաբուժական հին գործիքները, որոնք գտել է իրենց տան պահոցում․ «Ուզում էի ապակու հետ աշխատելու ինչ-որ ձեւ գտնել, դրա համար մտքովս անցան ատամնաբուժական գործիքները, որոնք հայրս հիմա էլ չի օգտագործում։ Տարբեր մեթոդներ կիրառելով, շատ երկար փորձարկումներով՝ ի վերջո հասկացա՝ ինչ տիպի ապակի կարող եմ օգտագործել, ինչպես պետք է հալեցնեմ եւ այլն։ Մեր ընտանիքում արվեստի հանդեպ սերը միշտ է եղել, մերոնք ուսումնասիրել են թե՛ երաժշտություն, թե՛ գեղանկարչություն ու քանդակագործություն, այնպես որ, այդ ազդեցությունն իմ կյանքում շատ որոշիչ է եղել»։


Էլիզաբեթն անկեղծանում է, որ դեռ չի որոշել՝ հետագայում ինչ ճակատագիր են ունենալու ցուցադրված մոտ երեսուն աշխատանքները։ Սա իր նորամուտն է համարում եւ շարունակում է աշխատել նոր նմուշների վրա. «Տեսնեմ՝ ուր կտանի ինձ այս առաջին քայլը»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW