×


Բարձրաձայնելով արցախցու խնդիրները Մայակովսկու պոեզիայի միջոցով

«Բոհեմ» թատրոնի բեմում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն է։ Արցախի հայաթափումից ու բռնի տեղահանումից հետո առաջին անգամ են բեմ բարձրանում։

«Դժվար է, բայց ամենադժվարն այլ բան է, իսկ բեմում լինելը պարզապես փրկություն է: Հավաքվել, միասին փորձ անել, մի քիչ կտրվել իրականությունից։ Արվեստը, թատրոնը քեզ տանում են ուրիշ աշխարհ, որտեղ չկան առօրյա հոգսեր ու դժվարին հոգեբանական վիճակներ»,- ասում է դերասանուհի Բելլա Պատվականյանը:


«Հաճելի է վերադառնալ բեմ, չնայած՝ սա մեր հարազատ բեմը չէ: 10 տարուց ավելի մեր հանդիսատեսն ենք ունեցել Ստեփանակերտում, դե, այսօր էլ կծանոթանանք Երեւանի հանդիսատեսի հետ: Հույս ունենք՝ մի նոր գույն կբերենք երեւանյան թատերական աշխարհ»,- նշում է դերասանուհի Էմմա Օգոլցովան։


«Մենք նույնիսկ շրջափակման ժամանակ խաղացել ենք, ու դա ոչ այնքան ուժի առկայության ցուցանիշ էր, որքան ցանկություն ինչ-որ բան անել ու չմտածել այդ իրավիճակի մասին»,- ասում է դերասան Հարություն Անդրեասյանը։

Բեմում ռուս պոետ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործություններով բեմադրված ներկայացում է, որը դուրս է դասական ներկայացման ձեւաչափից։ Այն վերջինն է եղել, որ խաղացել են Արցախում:


Թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող ռեժիսոր Ժաննա Կիրկորովան պատմում է, որ շրջափակման օրերին մարդիկ հոգեւոր սննդի կարիք ունեին. «Գալիս էին լսելու, որ մենակ չեն, իրենց մասին հոգ տանող կա։ Ասում էին՝ իրենց շունչ ենք տալիս, մաքուր օդ ենք»։

Ռեժիսորը Մայակովսկու եւ արցախցու ճակատագրերի մեջ շատ ընդհանրություններ է գտել. «Նրա պես ընտրել էինք հավատալ գաղափարին, բայց հետո հասկացանք, որ խաբված ենք։ 12 տարի Մայակովսկին սպանել է իր մեջ պոետին, հետո պոետ Մայակովսկին ոտքի է կանգնել ու սպանել իր ներսի մարդուն։ Մոտավորպես այդպիսի մեռած վիճակում ենք մենք, բայց փորձում ենք կենդանության նշաններ ցույց տալ»։


Ժաննա Կիրկորովան շեշտում է՝ արցախցիների ձայնն, ինչպես պոետինը, այդպես էլ  տեղ չհասավ. «Իհարկե, երեւանյան բեմադրության մեջ այլ երանգներ կան։ Մարդիկ ոչինչ չունեն՝ ո՛չ աշխատանք, ո՛չ տուն, ո՛չ հեռանկար։ Մենք միայն իրար ունենք ու  այս մտքով էլ սկսել ենք ներկայացումը, այն հույսով, որ մի օր արցախցիների ձայնը  թատրոնից դուրս կլսեն»։


Ստեփանակերտի ռուսական թատրոնի անձնակազմը ցանկություն ունի Երեւանում շարունակել գործունեությունը, հույս ունեն՝ այս ներկայացումից հետո ինչ-որ բան կփոխվի։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW