Սպորտային պարերի Հայաստանի չեմպիոն, քառակի գավաթակիր, Արեւելյան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Կովկասի առաջնության բազմակի չեմպիոն եւ գավաթակիր, սպորտի վարպետ Սուրեն Մխիթարյանը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Հայաստանում՝ նշանակալի ներդրում ունենալով սպորտային պարերի զարգացման գործում, իսկ այժմ աշխատում է Միացյալ Նահանգներում:
Սպորտային պարերի նկատմամբ անմնացորդ սերը Սուրենին չի խանգարել հայկական պարը եւս սիրել: Սովորելով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ մասնագիտացել է պարարվեստի ռեժիսուրայի ուղղությամբ եւ ժողովրդական պարերն ուսումնասիրել, բայց սպորտային պարը հաղթել է:
«Սպորտային պարը բավական բարդ է, հուզական, տեխնիկական լուրջ պատրաստվածություն է պահանջում: Ավաղ, մեր օրերում սպորտային պարերին նվիրված մրցույթներն ու փառատոնները քիչ են. նման միջոցառումների կազմակերպումը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում հատկապես Հայաստանում: Թե՛ այն տարիներին, երբ ես էի պարում, թե՛ հիմա այս խնդիրն առկա է»,- նշում է նա:
Սուրեն Մխիթարյանի խոսքով՝ պարային հրաշալի զույգեր չեն կարողացել ինքնաիրացվել աջակցության բացակայության պատճառով. «Ցավով եմ նշում, բայց հատկապես վերջին տարիներին ակնհայտ է սպորտային պարերի հանդեպ անտարբերությունը, եւ լավագույն մասնագետներից շատերը ստիպված հեռացել են երկրից, հակառակ դեպքում պիտի դադարեցնեին ստեղծագործել, իսկ առանց արվեստ մենք ապրել չենք կարող»։
Սպորտի վարպետը պատմել է, որ տարիներ առաջ ջանք ու եռանդ չեն խնայել սպորտային պարերը զարգացնելու համար։ 2019 թվականին Սուրեն Մխիթարյանը Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն է եղել, միջազգային լուրջ մրցույթ են նախաձեռնել. «Կարողացանք սպորտային պարերի աշխարհի առաջնությունը կազմակերպել հենց Հայաստանում։ Մոտ մեկ տարի նախապատրաստական լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել: 25 միջազգային մրցավար ունեինք, 250 պարող զույգ, մոտ 1300 մասնակից ամբողջ աշխարհից: Դրանից հետեւ եւս մի քանի տարի առաջնությունը տեղի ունեցավ Հայաստանում»։
Իր սեփական պարի ստուդիան՝ «ERA»-ն, Մխիթարյանը հիմնել էր դեռ 2010 թ.-ին. «Ունեցել եմ շուրջ 350 սան: Որպես մանկավարժ՝ վստահ էի, որ արվեստի եւ սպորտի միջոցով կարելի է կրթել ուժեղ, խելացի, բարձր ոգով առողջ սերունդ»։
Սպորտային պարերը հանրահռչակելու նպատակով նա մասնակցել է պարային մի շարք հեռուստաշոուների՝ «Երբ պարում են աստղերը», «Պարիր, թե կարող ես», «Պարահանդես»:
Սուրեն Մխիթարյանն արդեն երեք տարի է՝ ԱՄՆ-ում է, որտեղ եւս դասավանդում է: Աշխատում է «Grand Stage» պարային ակումբում, որի սաների մեծ մասը հայեր են: Նրա գիտելիքն ու փորձն այժմ օգնում են հարյուրավոր երեխաների ճանաչել ու սիրել սպորտային պարերը:
«Վստահ եմ, որ իմ գործընկերներին էլ կկարողանամ փոխանցել իմ փորձը, իսկ նրանցից սովորում եմ նոր մեթոդներ եւ մոտեցումներ, որ հետագայում կկիրառեմ Հայաստանում»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Հերմինե Ստեփանյանի
Լուսանկարները՝ Սուրեն Մխիթարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: