×


Արաքյսա Մելիքյանը 40-ամյակը նշել է անսպասելի վայրում. ամուսնու անակնկալն ու խոհերը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը փետրվարի 1-ին դարձել է 40 տարեկան։ BRAVO.am-ին նա պատմել է ամուսնու՝ դերասան Անդրանիկ Զաքարյանի անակնկալի եւ ինքն իրեն հղած մաղթանքի մասին, նաեւ տրամադրել նոր ֆոտոշարքը:

Օրս սկսվեց շատ շուտ՝ բարի լույսով: Ամուսինս տեղեկացրեց, որ երեխան այսօր դասերը բաց է թողնելու, միասին տեղ ենք գնալու, ենթադրեցի՝ զվարճալի որեւէ վայր կլինի։ Գնացինք, գնացինք, պարզվեց՝ Անդրանիկն ինձ տանում է Արզնիի առողջարան։ Կատակեցի, թե ինձ ինչ է եղել, առողջ մարդ եմ, այդ տեղն ինձ համար թոշակառուների հետ է ասոցացվում: Պարզապես սովոր չենք մեզ ժամանակ տրամադրել, եւ շատ լավ է, որ նման հնարավորություն ունեցա: Միասին հրաշալի ժամանակ անցկացրինք:


Նախապես ասել էի, որ աղմուկ-աղաղակով տարեդարձ նշել չեմ պատրաստվում, վաղուց էի այդ մասին բարձրաձայնել ու ամուսնուս խնդրել, որ գլխիս խաղեր չխաղա, դրա համար էլ նման տարբերակ էր ընտրել:

Տարիքի հետ ոչինչ էլ չի փոխվում, եթե մարդն էներգիա եւ կենսախնդություն ունի, հենց դա էլ կյանքի շարժիչ ուժն է: 40 տարեկան դառնալն ինձ համար մի քիչ շոկային է, քանի որ փոքր տարիքում այն հասուն կնոջ տարիք էի համարում՝ տանը նստող ու պահածոներ պատրաստող: Բայց այդ պատկերացումներս իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում։ Ժպիտով եմ մտածում. «Օ՜, ես արդեն 40 տարեկան եմ»։ Իմ ավելի ավագ ու հմուտ ընկերներն ասում են, որ կյանքը նոր է սկսվում, գիտակցում եմ, թե ինչ նկատի ունեն. երբ արտաքուստ եւ ուժերով դեռ երիտասարդ ես, բայց նաեւ ունես վերլուծելու խոհեմություն։


Սիրում եմ տարեդարձիս օրը, որովհետեւ ես եմ ծնվել, պատկերացնում եմ, թե  ծնողներիս պես սիրող զույգի համար որքան յուրահատուկ է եղել առաջնեկի ծնունդը: Քանի որ կեսգիշերին եմ ծնվել, նախ ծննդականում փետրվարի 2-ն են նշել, ապա ժամերը ճշտելուց հետո փոխել մեկի: Առողջարանում ինձ ասացին, որ հայկական դիցաբանության մեջ փետրվարի 1-2-ը համարվում են հողի զարթոնքի օրեր. այն արթնանում է ու նորից կյանք առնում: Ինձ անմիջապես նմանեցրի այդ երեւույթին, ես էլ արարող եմ ու ստեղծող, բայց նաեւ բնական աղետներից որակներ ունեմ՝ զայրանալու դեպքում ամեն ինչ կրակի կտամ, չնայած՝ միայն մտովի եմ անում: Այնպես որ, իմ ներսում հակասական Արաքսներ կան։


Որպես տարեդարձիս մաղթանք՝ կցանկանամ ինձ ավելի շատ խնայել. աշխատելը լավ բան է, բայց անիմաստ աշխատելն է վատ։ Մնացած ամեն ինչ այս կյանքում ունեմ՝ շատ լավ ու առողջ ընտանիք, սիրում եմ եւ սիրված եմ: Ընդ որում՝ ինձ համար ավելի կարեւոր է սիրելը, քանի որ այդ դեպքում արարում եմ, ստեղծում, ապրում: Ինքս ինձ աչքով չտամ, որովհետեւ շատ էմոցիոնալ եմ ու անմնացորդ կիսվում եմ իմ ուրախություններով, մեկ էլ հետս անհաջողություններ են լինում: Հասկանում եմ, որ նախանձը հզոր ուժ է, բայց ապավինում եմ տիրոջն ու ասում. «Եթե դու ինձ հետ ես, մնացածն էլ ովքեր են»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արաքսյա Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW