×


«Գրեմմի 2024». ռեկորդակիր Սվիֆթը, ուշացած Սթրիփն ու զայրացած Ջեյ Զին

«Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում իր շուրջն էր հավաքել երաժշտական ասպարեզի ամենահայտնի ու վառ դեմքերին: Թեյլոր Սվիֆթի՝ «Տարվա ալբոմ» ճանաչված «Midnights»-ը նրան ռեկորդակիր դարձրել: Նա առաջին արտիստն է, որ այս անվանակարգում հաղթել է 4 անգամ: «Midnights»-ը նաեւ «Լավագույն փոփ վոկալ ալբոմն» է: Բեմից երգչուհին հայտնել է, որ պատրաստվում է ապրիլին նոր ալբոմ թողարկել եւ ձեռքբերածով չի բավարարվելու:


Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ հանրությանն է ներկայացել նյարդային հիվանդության դեմ պայքարող Սելին Դիոնը, որն էլ Սվիֆթին հանձնել է մրցանակը: Դիոնը նույն անվանակարգում հաղթել է 27 տարի առաջ: Ներկաները նրան բուռն ծափահարություններով ու ողջույններով են դիմավորել:

«Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ: Երբ նշում եմ, որ երջանիկ եմ այստեղ գտնվել, իսկապես ամբողջ սրտով եմ ասում»,- խոստովանել է Սելին Դիոնը:


Երեկոյի դեմքերից է եղել նաեւ Մայլի Սայրուսը, որը միանգամից երկու մրցանակ է ստացել. նրա աղմկահարույց «Flowers»-ը հաղթել է «Լավագույն փոփ կատարում» եւ «Տարվա ձայնագրություն» անվանակարգերում: Սայրուսը միջոցառման ընթացքում հասցրել է 4 անգամ զգեստափոխվել, իսկ կարմիր գորգին կրել է «մերկ» զգեստ:


Բիլլի Այլիշի եւ եղբոր «What Was I Made For?» ստեղծագործությունը, որը գրել են «Բարբի» ֆիլմի համար, «Տարվա լավագույն երգն» է: «Լավագույն նորահայտ արտիստը» Վիկտորիա Մոնեն է, The Beatles-ի «I’m Only Sleeping»-ը՝  «Լավագույն երաժշտական տեսահոլովակը»:

Այս տարի առանց մրցանակի է մնացել 33 «Գրեմմի» ունեցող Բեյոնսեն, ինչն ամենամեծ անակնկալներից մեկն է: «Dr. Dre Global Impact» մրցանակին արժանացած Ջեյ Զին, որը բեմ է բարձրացել դստեր՝ Բլու Այվիի հետ, քննադատել է Ձայնագրման ակադեմիային, որ «Տարվա ալբոմ» անվանակարգում իր կինը երբեւէ չի հաղթել, թեեւ բոլորից շատ «Գրեմմի» ունի:


Ոչ պակաս հետաքրքիր ու գունեղ է եղել մրցանակաբաշխության կարմիր գորգը: Դուա Լիպան, որը նույնպես «Գրեմմի» չի ստացել, նախընտրել է Courrèges-ի զգեստ, վերջերս իր հղիության մասին հայտնած Սոֆյա Ռիչին՝ Saint Laurent:

Տպավորիչ կերպարներով են ներկայացել նաեւ Քրիստինա Ագիլերան, Քայլի Մինոուգը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Փերիս Հիլթոնը, Հայդի Կլումը, Քրիսի Թեյգենն ու ամուսինը՝ Ջոն Լեջենդը, Էդ Շիրանն ու ուրիշներ:


Բիլլի Այլիշը «What Was I Made For?»-ը երգել է 1995 թվականի Բարբիի կերպարով, իսկ Բեյոնսեն ներկայացել է Louis Vuitton-ի նոր հավաքածուից կոստյումով, որի հեղինակը Ֆարել Ուիլյամսն է: Գեղեցիկ է եղել նաեւ սպիտակ կոստյումով Մերիլ Սթրիփը, որի ներկայությունն անակնկալ է եղել: Նա 5 րոպե ուշացումով է ժամանել ու զբաղեցրել իր տեղը: Սթրիփը երաժշտական պրոդյուսեր Մարկ Ռոնսոնի զոքանչն է, որի հետ էլ բեմ է բարձրացել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW