×


Գայանե Ասլամազյանը՝ հինգ վիրահատության, դեռ չհաղթահարած խնդրի, նախկին ամուսինների եւ նոր մասնագիտության մասին

Ամալյա Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներում շարունակում է իր հարցազրույցների շարքը, եւ նրա «LIFEROOM» հաղորդաշարի հյուրն այս անգամ դերասանուհի, հաղորդավար Գայանե Ասլամազյանն է։

«Էկրաններից հեռանալու որոշումը վերջնական չէ»

Էկրաններից հեռանալն իմ ցանկությունն էր, բայց վերջնական որոշում չէ։ Պարզապես փոխվել են մոտեցումները, փոխվել են պահանջները եւ սպասելիքները: Ունեմ նախագծեր, որոնք պատրաստվում եմ իրականացնել։ Այնպես որ, ես չեմ հեռացել ու չեմ պատրաստվում։

Հինգ վիրահատություն, վերականգնողական երկար շրջան

Իրականում իմ երկար լռությունը կապված էր նաեւ առողջական խնդիրների հետ, որոնք տեւեցին բավական երկար։ Մոտ հինգ վիրահատություն, վերականգնողական երկար շրջան, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է բոլոր որոշումներիս վրա։ Փառք Աստծո, հիմա արդեն ինձ ավելի լավ եմ զգում ու մեծ ցանկություն ունեմ, որ իմ նախագծերն իրականանան։

Պայքարող տեսակը, սովորաբար, հասնում է իր նպատակին։ Անգամ անհավանական առողջական խնդիրները հնարավոր է հաղթահարել, եթե պայքարող ես, սիրում ես կյանքը, ունես մոտիվացիա եւ նպատակներ, որոնք դեռ պետք է իրականացնես։

«Ամբողջությամբ հաղթահարված չէ»

Ինչպե՞ս կարելի է չընկճվել։ Ոչ մի տարիքում հեշտ չէ գամված լինել անկողնուն, հեշտ չէ չլինել ինքնուրույն, կախվածության մեջ լինել ուրիշներից... Իհարկե, դժվար է։ Հինգ վիրահատություն տանելը ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես շատ դժվար ճանապարհ էր, որ մինչեւ օրս անցնում եմ։ Ամբողջությամբ հաղթահարված փուլ չէ, բայց ես այլեւս չեմ հիշում դժվարությունների մասին։ Ես հիշում եմ լավը, հիշում եմ ջերմությունն ու այն սերը, որ ստացել եմ այդ ժամանակահատվածում։

Ինչի հետեւանքով է ոտքը վնասել

Ամանորի երեկոյին ընտանիքիս համար համեղ ուտեստ էի պատրաստում, պարզապես տանը մենակ էի այդ պահին, չէի կարող ոչ մեկին խնդրել, որ ինձ օգնեն։ Կանգնեցի աթոռի վրա, որ բարձր տեղից ափսե հանեմ, այդ գեղեցիկ ուտեստը տեղավորեմ, մի վայրկյան էր ընդամենը, աթոռից ընկա, ու վերջ։ Եվ երեք տարի այդ պատմությունը տեւում է։

Երիտասարդ տարիքում ամուսնալուծվել ու մենակ մնալ որդու հետ

Շատ փոքր եմ եղել՝ մեկ տարեկան, երբ ծնողներս ամուսնալուծվել են։ Մայրս շատ ավելին է տեսել, եւ ես էլ մանկուց գիտեի բոլոր վատ, ցավալի, դաժան ու դժվար կողմերի մասին։ Այնպես որ, բաժանվելիս գիտեի՝ ինձ ինչ է սպասվում, եւ այնուամենայնիվ, դա ընտրեցի։ Ճիշտ քայլի էր, որովհետեւ տղայիս հայրիկն այսօր ունի շատ գեղեցիկ ընտանիք, շատ լավ զավակներ, ու շատ լավ հարաբերությունների մեջ են իրար հետ։ Չեմ կարծում՝ կկարողանայի ապահովել այդ առողջ մթնոլորտը, լավ հարաբերությունները, եթե այդ քայլին չդիմեի։ Իհարկե, իմ կյանքն ավելի դժվարացավ, քանի որ սովորաբար, կանայք են ավելի խոցելի, բայց դրա հետ մեկտեղ կարողացա ստեղծել մի առողջ հիմք տղայիս եւ իր հայրիկի հարաբերությունների համար:

Փաստաբանի օգնական

45 տարեկանում այս երկրում ուսում ստացա. իմ դժվար ժամանակահատվածը չկորցրի, օգտագործեցի։ Դա էլ էր շատ հետաքրքիր, որովհետեւ անկեղծ ասած՝ չէի սպասում, որ ինձ կընդունեն Կալիֆորնիայի համալսարանում։ Ինձ համար մի նոր, ֆանտաստիկ աշխարհ էր, որ բացվեց։ Հիմա փաստաբանի օգնական եմ։ Շատ եմ սիրել այս ոլորտը, շատ հետաքրքրված եմ, փորձում եմ օգնել հայրենակիցներիս։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW