Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասան, շոումեն Արման Խաչատրյանի հետ զրուցել ենք հենց իր տանը։ Փոքրիկ Անահիտը ժամանակ առ ժամանակ հաճելիորեն խանգարում էր մեր զրույցը, հետեւաբար, առաջինն անդրադառնում ենք հենց երեխաներին:
- Առաջնեկս երբ ծնվեց, բավական երիտասարդ էի, հիմա այլ պապա եմ։ 40-ից հետո հայր դառնալը լրիվ այլ զգացողություն է։ Երեք երեխայիս միջեւ տարբերությունը 7 տարի է. Դանիելը 7 տարի մեծ է Էդուարդից, Էդուարդն՝ Անահիտից, ես էլ Լուսինեից՝ կնոջիցս, մեծ եմ 7 տարի: Նրան ասում եմ՝ հաշվիր, 7 տարի հետո 4-րդ ենք ունենալու։ Իսկ աղջիկն ուրիշ քնքշություն է բերում ընտանիք։ Անգամ իմ զրույցներն ու ձայնիս հնչերանգն է փոխվել։ Որպես ծնող՝ ավելի զգայուն եմ դարձել։ Անգամ սիրելու ձեւս է փոխվել։ Սկսել եմ երգելով սիրել։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ երկուսիս կողմում էլ աղջիկ երեխա չկար. բոլորը տղաներ են։ Անահիտ անունը պատահական չենք ընտրել. պտղաբերության, ռազմի աստվածուհին է, ում շատ սիրել եմ։
- Արմուշ, այս հարցը սկզբի՞ց տամ, թե՞ զրույցի ավարտին:
- Դե, արդեն գիտեմ՝ ինչ ես հարցնելու՝ չե՞մ վերադառնալու հայրենիք։
- Ընտանիքիդ մոտ կանգնած մեր աղբյուրներն ասում են, որ կինդ ու մեծ տղադ ծանր են տարել Հայաստանից հեռու ապրելը։
Անահիտը
- Շատ ծանր... Դանին ու Լուսինեն առաջին երեք տարին կյանքս կերել են: Հատկապես սկզբում անդադար լացում էին ու ուզում էին Հայաստան վերադառնալ։ Բայց երբ տղաս յուրացրեց լեզուն, սկսեց շփվել հասակակիցների հետ, դպրոցում ընկերներ ձեռք բերեց, իրավիճակը փոքր-ինչ փոխվեց:
- Լոս Անջելսում արդեն առանձնատուն ես գնել, ուրեմն՝ վերադարձ չկա՞:
- Նման բան չկա: Ուղղակի անշարժ գույք է ու կապիտալ։ Նախատեսում եմ եւս 7 տարի մնալ՝ աջակցելով, որ Դանին լավ կրթություն ստանա. նա լավ յուրացնում է ճշգրիտ գիտությունները, իսկ Էդուարդն ավելի սպորտային է։
- Դանին Երեւանում նկարահանվում էր ֆիլմերում, տեսահոլովակներում, ու շատերին թվում էր, թե հենց քո ուղին է ընտրելու։
- Ճիշտ եք, մի պահ իրեն ինձնից շատ էին ճանաչում, ասում էին՝ վա՜յ, Դանիի պապան, բայց հիմա նրան արվեստի աշխարհը չի ձգում։ Հիմա փոքր տղաս՝ Էդուարդն է ասում, որ դերասան է դառնալու:
- Արմուշ, երբ եթերում տեւական ժամանակ չես երեւում, մոռանում են քեզ։ Դա քեզ չի՞ անհանգստացնում:
- Այստեղ հանդիսավարությամբ եմ զբաղվում ու մտածում եմ նաեւ բիզնես նախագծեր իրականացնել։ Իսկ մոռացվելու ուղղությամբ երբեք չեմ կենտրոնացել։
Արման Խաչատրյանը՝ երեխաների հետ
- «32 ատամն» ու «Վիտամինը» չկան, բայց դուք մնացիք այդ ակումբների տղաներ։ Լուրեր տարածվեցին, որ տարաձայնություններ ունեք, ընդհարվել եք, հիմա, կարծես, համերաշխ եք, թե՞ կան մարդիկ, որոնց հետ չեք շփվում, անգամ՝ չեք բարեւում։
- Չէ, բարեւելը բարեւում ենք, բայց կան անձինք, որոնց հետ չենք շփվում: Այդ մասին շատ ենք խոսել, հիմա չեմ ուզում անդրադառնալ: Իսկ այդ ակումբները փլուզվեցին ոչ թե մեր՝ մասնակիցների պատճառով, այլ հեռուստաընկերությունների բախման։ Ամենամեծ պատճառն, իհարկե, փողն էր, բայց դա արդեն անցյալում է։ Իսկ «32 ատամ»-ի հերը Վահագն Գրիգորյանն է, բայց այն նաեւ թիմային աշխատանք էր ու կայացավ բոլորիս միասնության շնորհիվ։
- Ասում էին, որ չես շփվում անգամ ձեր քավորի՝ Վահագն Գրիգորյանի հետ։
- Հա, նման խոսակցություններ ինձ էլ են հասել, բայց դա նույնպես անցյալում է։ Ես ու Վահագնը սկսել ենք միասին ու միասին էլ ճանապարհ ենք անցել։ Մեզ հնարավորություն է տվել Արման Սահակյանն՝ ասելով․ ««Արդինի ստուդիա»-ն ձեզ եմ տալիս, եթե լավ աշխատեք, հաջողության կհասնեք»։ Այդպես էլ եղավ։ Անկեղծ պիտի ասեմ՝ կարոտում եմ այդ տարիները։ Կյանքիս շատ բուռն ու հետաքրքիր էտապն էր: Հիմա մի երազանք ունեմ՝ «Վիտամին»-ի համերգ-հանդիպում կազմակերպել։ Հաջորդ տարի կլրանա ակումբի 10 տարին, ու վիտամիններ կմատուցենք Հայաստանին։ Ռուսաստանում ու Եվրոպայում նույնպես նախատեսում ենք համերգներ:
Արման Խաչատրյանի երեխաները
- Ձեր տանն արգելվում է խոսել անգլերեն, հայկականությունը շատ է։ Ինչո՞ւ եք հեռանում հայրենիքից ու այն սիրում հեռվից։
- Ընդհանրապես այդպես չէ, ես սփյուռքահայ չեմ։ Իմ ընտանիքի անդամներից շատերն են ԱՄՆ-ում ապրել մինչ իմ գալը՝ մայրս, քրոջս ընտանիքը, ու իրենց տանն էլ նույնն է։ Տղաներս եթե անգամ խաղալու ընթացքում են անգլերեն խոսում, կտրուկ արգելում եմ։ Ինձ համար լեզուն շատ կարեւոր է։ Երեխաներիս միշտ ասում եմ՝ պետք է լինեն լավ մարդ ու լավ հայ։
- Արմուշ, հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններն ենք անընդհատ քննարկում:
- Մեր հայրենիքի սահմանները շատ են փոքրացել: 30 տարի ադրբեջանցիները պարտված ապրեցին, բայց հետո... Ծառայել եմ Մատաղիսում, Արցախն ինձ համար այլ նշանակություն ունի, բացի այն, որ արմատներով արցախցի եմ։ Մորական կողմս Դաշքեսանի Բանանց գյուղից էր։ Մենք ամեն տարի ամառային արձակուրդներին գնում էինք գյուղ։ Վերջին անգամ այնտեղ եղա 1988-ին, քանի որ եկան ու վերցրին...
Զրուցեց՝ Արմինե Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմուշի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: