×


Ծանր հիվանդությունից հետո Նորա Գրիգորյանի առաջին գործն ու հայրիկին հրաժեշտը

Նորա Գրիգորյանի համար Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» ներկայացումը յուրահատուկ է երկու առումով. բեմադրել է ծանր հիվանդությունից եւ կյանքը նորովի վերարժեւորելուց հետո ու նվիրել է իր հայրիկի՝ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին։

Ռեժիսորին միշտ հետապնդել ու խանգարել է այն կարծրատիպը, որ նա «իր հայրիկի աղջիկն» է. Ալեքսանդր Գրիգորյանը 52 տարի ղեկավարել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն ու մեծ հետք թողել:

Հայրիկից բաժանումը

«Ոչ միայն ռուսական, այլ նաեւ մյուս թատրոններում մեզ միշտ համեմատում էին, ինչը հոգեբանորեն ինձ ճնշում էր եւ մրցակցության մեջ դնում հայրիկիս հետ, ու այս ներկայացմամբ առաջին հերթին ցանկանում էի ասել, որ տարբերվում եմ նրանից, երիտասարդ ռեժիսոր եմ, որը սիրում է իր աշխատանքն ու ցանկանում դրանով զբաղվել»,- նշել է Նորա Գրիգորյանը:

Պատահական չի ասելիքն արտահայտել երիտասարդ բժշկի ներքին տարաձայնությունների ու կռիվների միջոցով, ինչպես ներկայացման գլխավոր հերոսն է անընդհատ պայքարում իր ներքին «ես»-ի հետ ու գլխում ձայներ լսում, նույնն էլ Գրիգորյանի դեպքում է եղել։


Գլխավոր հերոսի վերջին մենախոսությունը միակն է, որը Բուլգակովին չի պատկանում, ռեժիսորի սեփական ապրումներն են: «Այո, ուզում էի գլխավոր բժիշկ դառնալ, ուզում էի եւ դարձա, որովհետեւ սիրում եմ գործս, ցանկանում եմ, որ մարդիկ ապրեն ու առողջ լինեն, եւ որ ես էլ դրանից ապրեմ։ Ոչ, ամեն ինչ կատարյալ չեմ անելու, բայց փորձելու եմ, փորձելու, փորձելու։ Դուրս, դուրս իմ գլխից»,- ասում է երիտասարդ բժիշկը հերթական հեռավոր այցելությունից վերադառնալուց ու ձնաբքի մեջ մնալուց հետո։

«Նույն ցանկությունն ու նպատակներն էլ ես ունեմ, քանի որ մեր գործն էլ ինչ-որ առումով մարդկանց բուժելն է։ Պապան էլ ուրախ կլիներ, որ եկել եմ այս գիտակցմանը: Ներկայացումը նվիրելով նրան՝ յուրահատուկ կերպով բաժանվում եմ նրանից, ինչն այնքան էլ հեշտ չէր, բայց սա նոր սկիզբ է ինձ համար։ Կյանքի ու մահվան երկար կռվի ժամանակ հասկանում ես, թե ինչի վրա ես ուշադրություն դարձնում, ինչի հետ մրցում կամ ինչի դեմ պայքարում, չէ՞ որ կյանքը հիասքանչ է, պիտի սիրես եւ ապրես, ոչ թե թունավորես քեզ»,- ավելացրել է Նորա Գրիգորյանը։

Ներկայացումը դրական ու հումորով լի է ստացվել, քանի որ տեղի ունեցածին նա կարողացել է ժպիտով նայել եւ դժվարություններն անցյալում թողնել: Վիրահատությունների լուծումները երաժշտական ու հումորային են ստացվել, օրինակ՝ բժշկական միջամտությունները նա ներկայացրել է ջազ կատարման կամ էլ ֆլամենկոյի տեսքով։


Երիտասարդ բժշկի կայացման ուղին

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդ բժշկին ուղարկում են հեռավոր ու ցուրտ շրջաններից մեկը, որտեղ նա պետք է փոխարինի լեգենդար դարձած Լեոպոլդ Լեոպոլդիչին։ Նրա մեծ նկարը կախված է հիվանդանոցի պատին, իսկ բոլոր աշխատողներն անդադար հիշատակում են բժշկին, ինչն անսահման նյարդայնացնում է գլխավոր հերոսին։ Սակայն նոր վայր նա բնավ էլ միայնակ չի եկել, այլ՝ իր գլխում նստած ու հետը մշտապես խոսող, կասկածներ ու վախեր առաջացնող սեփական «ես»-ի, որը թեեւ բազմիցս հիշատակում է համալսարանում ստացած 15 հատ 5-երի մասին, սակայն դրանով ավելի է զայրացնում։


Երբեք ոչ մի վիրահատություն չարած ու անգամ բժշկական գործիքներ չտեսած բժիշկը նախ ինքն իրեն է հաղթահարում, սեփական անվստահություններն ու կասկածները՝ ամեն անգամ ցույց տալով, որ այդքան էլ վատ չի տիրապետում մասնագիտությանը։

Երիտասարդ բժշկի սրտի համար իսկական դարման է դառնում բուժքույր Պելագեան, որի միայն ներկայությունն օգնում է մոռանալ բոլոր տեսակի հիվանդությունները, ու ձգտում է նրան հիացնել իր մասնագիտական կարողություններով՝ առաջին անգամ բարդ ծննդաբերություն ընդունում, ատամ հեռացնում։


Փորձն աստիճանաբար երկրորդ պլան է մղում անվստահությունը, բժիշկը դադարում է սարսափ երազներ տեսնել չստացված վիրահատությունների մասին եւ կարողանում ձերբազատվել իր գլխում հնչող ձայներից։ Տարիներ անց նա նորից նույն սենյակում է՝ ավելի վստահ, բայց միեւնույն է՝ մահվան դեմքին անկարող նայելու: Բժշկի ձեռքբերումների մասին եւս մեկ փաստող հանգամանք էլ Լեոպոլդ Լեոպոլդիչի նկարի կողքին սեփական պատկերի հայտնվելն է:

Օհանյանի մեծ պրեմիերան ու բժիշկ Արնաուտովի խորհուրդները

Ներկայացումից հետո, թեեւ գլխավոր դերակատարները՝ Վլադիմիր Օհանյանն ու Արմեն Արնաուտովը, հոգնած էին, բայց շատ հետաքրքիր ու խորիմաստ զրույց ունեցանք իրենց կերպարները ստանալու, բժշկության, Բուլգակովի ու կարեւոր ասելիքի մասին։

- Ինչպիսի՞ն են զգացողությունները պրեմիերայից հետո ու որքանո՞վ եք բավարարված կատարած աշխատանքով։  

Վլադիմիր. Երկար ու տանջալից ամիսներ ենք անցկացրել, մոտ 90 փորձ արել, ընթացքը նյարդային ու դժվար էր թե՛ ֆիզիկապես, ու թե՛ հոգեբանորեն։ Ասեք մեծ կռվում հաղթած լինեմ՝ հանգիստ եմ, հանդարտ, բայց ներքուստ անսահման հոգնած։

Արմեն. Վերջին շրջանում մեր ունեցած ամենաբարդ ներկայացումներից մեկն էր։ Շատ պատասխանատու էր այն առումով, որ նվիրված էր մեր վարպետին՝ Ալեքսանդր Գրիգորյանին: Նրա հետ երկու տասնամյակից ավելի աշխատել եմ, մեծ ներկայացումներ ունեցել, ու սա մեր շնորհակալությունն էր Գրիգորյանին այն ամենի համար, ինչ արել է մեր թատրոնի ու երկրի համար։ Բավական բարդ պրեմիերա էր, քանի որ չգիտեինք՝ հանդիսատեսն ինչպես կարձագանքի, արժանիորեն դիմացանք։ Ամբողջ կյանքում ինձ գերել են կիրթ մարդիկ, ինչպիսին Վլադիմիրն է, եւ այսօր ես բեմում 10-րդ պլան եմ անցնում, որպեսզի այս հիանալի երիտասարդը վայելի իր դերը։ Նա մեծ աշխատանք է կատարել, որ ամեն ինչ ստացվի, սա բարդագույն գործ է, բուլագովյան լեզուն՝ ամենադժվարներից մեկը։ Նա բժիշկ է եղել, դերասան, ռեժիսոր ու դրամատուրգ, եւ այդ բոլոր էությունները երեւում են իր գործերում։


Վլադիմիր. Փորձերն ու խաղալը շատ տարբեր են, պրեմիերայից հետո հասկացա։ Շնորհակալ եմ բոլորին, որ ամեն մեկն իր տեղում էր ու այդքան գունավոր էր բացվում, այնքան լիքն էին ու պատրաստ հետս կիսվելու, դրանում նաեւ ռեժիսորի վարպետությունն է։ Այդքանից հետո անտաղանդ էլ լինես, կկարողանաս խաղալ:  

Արմեն. Բոլորն էլ իրենց հիանալի դրսեւորեցին. Ալեքսանդր Հայրապետովն ու Գրիգոր Խոջայանը վերջում են մեզ միացել ու հասցրել մտնել կերպարների մեջ, արտակարգ Հայարփի Զուռնաչյանը, Լիլիա Մուկուչյանը, որը շատ մանրամասն է աշխատում եւ միայն ներկայությունը ոգեւորում ու ջերմացնում է, իրեն չտեսնված դրսեւորեց Յուրի Սոշնիկովը։ Այսքան տարիներ է՝ թատրոնում եմ, բայց չգիտեի, որ Սերգեյ Գրիգորյանի պես բազմազան ու տարբերվող դերասան ունենք, 5-ից ավելի կերպար մարմնավորեց ու բոլորն էլ հաջող:

Վլադիմիր. Ու, իհարկե, Արմեն Արնաուտով՝ արտակարգ խաղընկեր, որը վազեց ամբողջ թատրոնով մեկ (նրա կերպարն անընդհատ տեղաշարժվում էր՝ պատշգամբներից իջնելով բեմ,- հեղ.), բոլորիս իր հետեւից տարավ, իսկական կրակ է ու շարժիչ։ Անգամ եթե ամեն ինչ արտակարգ է, նա կգտնի՝ ինչն ավելի լավը դարձնել։


- Տեսանք երիտասարդ բժշկի կասկածներն ու վախերը, իսկ դերասանների դեպքում դրանք ինչպիսի՞ն են:

Վլադիմիր. Այս գործը բժշկի մասին չէ, այլ, առհասարակ, մարդկանց։ Բուլգակովն իսկական մեծություն էր ու մարդկանց հոգիները հիանալի էր հասկանում, նրան հաջողվել է սառեցնել իր ժամանակն ու ցույց տալ, որ հարյուրավոր տարիներ անց էլ մարդիկ նույն խնդիրներն ունեն, ապրումները չեն փոխվում:

Արմեն. Չհուզվել չես կարող, բեմ դուրս գալուց առաջ անչափ շատ ես վախենում, բայց այնտեղ ամեն ինչ անհետանում է: Այդպես էլ պետք է լինի, քանի որ սկսում ես ապրել կերպարիդ կյանքով, մեծ սեր ու հոգի ես տալիս հանդիսատեսին, որ գոհ հեռանան թատրոնից։ Սկզբում ամեն ինչ առաջին անգամ ես անում, աստիճանաբար աճում, 30-ում մտածում՝ աստղ ես, իսկական պրոֆեսիոնալ, 40-ից հետո վախերդ շատանում են, ձեռքերդ՝ դողում, հասկանում ես, որ ամեն ինչ չէ, որ կարող ես: Հատկապես վախենալու են բժշկական մասնագիտությունները:


Վլադիմիր. Արմենն առաջին մասնագիտությամբ բժիշկ է, առանց նրա օգնության ինձ ավելի դժվար կլիներ, եթե կարեւոր հարցերում ու մանրուքներում չուղղորդեր, շատ բան չէր էլ ստացվի:

Արմեն. Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, հիմա էլ աշխատում եմ, թեեւ 30 տարի նաեւ թատրոնում եմ: Բժիշկների ընտանիքից եմ, հիանալի վիրաբույժ հորեղբորիցս միշտ լսել եմ, որ բժշկությունը մեծ բեմ է, որի վրա ամեն մեկը չի կարող գլխավոր դեր խաղալ։ Ամեն անգամ բուժում ես ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին, որովհետեւ այն միշտ անհատապես է դրսեւորվում: Մեր հերոսն այդքան դժվարություններ անցնելուց եւ հմտանալուց հետո էլ չի կարողանում սովորել մահվանը՝ նույն ցավն է զգում ամեն անգամ: Նույն էլ դերերի դեպքում է, Ստանիսլավսկին է ասել, որ մեր մասնագիտության մեջ հնարավոր չէ մեկընդմիշտ հաղթել, պետք է ամեն անգամ նորովի անել ու հաղթել ոչ թե հանդիսատեսին, այլ՝ ինքդ քեզ։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW