Կանադահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ատոմ Էգոյանը լիահույս է հայկական կինոյի «նոր ալիքի» եւ նոր սերնդի կինոգործիչների հարցում: Screen Daily կինոամսագրին տված հարցազրույցում նա խրախուսել է միջազգային նախագծեր իրականացնողներին դիտարկել Հայաստանը ֆիլմերի հետարտադրության (post-production) համար:
Էգոյանը Հայաստանը բնութագրել է որպես տոկուն երկիր՝ հարուստ կինոպատմությամբ:
Կինոռեժիսորն այստեղ ֆիլմարտադրության ներուժ է տեսնում, վստահ է՝ Հայաստանն իր տաղանդներին կցուցադրի աշխարհին՝ օրինակ բերելով Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը՝ հայկական արտադրության առաջին կինոնկարը, որն այս տարի անցել էր «Օսկար»-ի կարճ ցուցակի երկրորդ փուլ:
Էգոյանը նախատեսում է մասնակցել Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին՝ իր լավատեսությունը հայտնելով Հայաստանի կինոարտադրության զարգացման հարցում։
Էգոյանը կոչ է արել գլոբալ հակամարտությունների առանցքում ավելի լավ տեղեկացվել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. «Ամեն անգամ, երբ ինձ խնդրում են մեկնաբանել, թե ինչ տեղի է ունենում որեւէ այլ երկրում, որպես հայ՝ ես ասում եմ. «Գիտե՞ք, որ 200,000 հայերի էթնիկ զտում է եղել։ Այս ողբերգության մասին շատերը չգիտեն, եւ մեր անելիքը՝ որպես պատմություն ներկայացնողներ, դրանք մարդկանց հասանելի դարձնելն է, այլ ոչ թե կասկածելի օրակարգերի ազդեցության տակ ընկնելը»:
Դոհայում իր վարպետության դասի ժամանակ Էգոյանն անդրադարձել է արհեստական բանականության ազդեցությանը ֆիլմարտադրության վրա. «Ես կարող եմ զվարճանալու համար փորձել դա, բայց գիտեմ, որ այն լիարժեք չի ներկայացնի իմ մտքերի յուրօրինակությունը։ Միեւնույն ժամանակ, ԱԲ-ն շատ է օգնելու վնասված ֆիլմերի վերականգնմանը, ինչը հրաշալի է»։
Ատոմ Էգոյանը, որը օպերաներ բեմադրելու փորձ ունի, երաժշտական ֆիլմ նկարահանելու ցանկություն ունի՝ ոգեշնչված Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» ֆիլմի հանդեպ ունեցած սիրուց։


×
1,603







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: