×


Ինչ ուղերձ ունի «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգը

«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ Հանրային  հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Ժակո» կոչվող երգում Ժակլին Բաղդասարյանը վերահաստատում է ազատ լինելու իր իրավունքը:

«Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է երգչուհին։ Այս երգով նա քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնները, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական «ես»-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց եւ ով պիտի լինեն:



«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն եւ աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս «ես»-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես «Լադանիվա»-ի գրեթե բոլոր երգերը, «Jako»-ն ունի երաժշտական ազդեցություն տարբեր մշակույթներից: Այս երգը ստեղծելիս Ժակլինը եւ Լուին մեծապես ներշնչվել են Հայաստանի, Բալկանյան երկրների, Հնդկաստանի եւ այլ մշակույթների հնչյուններից ու մեղեդիներից:

«Մեզ վրա մեծ ազդեցություն է թողել ֆրանսիական կղզու՝ Ռեյունիոնի տեղական երաժշտությունը։ Այնտեղ մենք հաճախ ենք լինում, եւ մեզ զարմացնում է, որ նրանց ռիթմերը շատ նման են հայկական երգերի ռիթմերին: Երբ այս հնչյուններով երգեր ենք նվագում, բոլորը պարում են՝ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»,- ասում է Լուին։ «Ընդհանրապես այդ կղզին շատ նման է Հայաստանին՝ լեռնային, սուրճի բույրով, որը հուշեր է արթնացնում իմ սիրելի հայկական մթնոլորտի մասին»,- ավելացնում է Ժակլինը։

Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ ներառվելով «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմում։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, եւ հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակները հենց այս տարվա պատվիրակներն են. խոսքերը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաեւ Օդրի Լյուկլերը։

Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։  Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը եւ Աստղիկ Սամվելյանը։

Ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշում է. «Ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել «Լադանիվա»-ի յուրօրինակ եւ միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով «Լադանիվա»-ի հոլովակների ազատ ու բնական ոճը»։

Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ասում է. «Երգը շատ լուրջ հաղորդագրություն ունի, բայց այն ներկայացնում է զվարթ ու թեթեւ տրամադրությամբ։ Մենք հուսով ենք, որ այն կոգեշնչի մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդունելու իրենց ներքին «Ժակոյին» եւ միանալու ազատության մեր այս ոգեշնչող պարին»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW