Ջեյսոն Սթեթհեմը եւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին 8 տարուց ավելի է՝ նշանված են ու գրեթե ամեն տարի տարբեր լրատվամիջոցներ գրում են նրանց ամուսնության մասին: Թեեւ դեռ պաշտոնապես ընտանիք չեն կազմել, դա չի խանգարում երջանիկ ապրել ու մեծացնել 2 երեխաներին:
Առաջին հանդիպումը
Ջեյսոնն ու Ռոզին ծանոթացել են 2010 թվականին՝ Coachella երաժշտական փառատոնի ժամանակ, երբ 42 եւ 22 տարեկան էին: Victoria’s Secret-ի հրեշտակն ու դերասանը միմյանց մասին լսել էին, սակայն նախկինում երբեք չէին հանդիպել: Ծանոթանալուց անմիջապես հետո էլ սկսել են հանդիպել: «Վայրկենական քիմիա էր»,- խոստովանել է Հանթինգթոն-Ուայթլին, որը մինչ այդ լուրջ սիրավեպեր չէր ունեցել. հանդիպել էր ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսի հետ:
Այլ էր իրավիճակը Սթեթհեմի համար. 7 տարի նրա զուգընկերուհին մոդել Քելլի Բրուքն էր, ապա երկար հանդիպել է երգչուհի Սոֆի Մոնկի եւ մոդել Ալեքս Զոսմանի հետ:
Իրենց սիրավեպը Ռոզին եւ Ջեյսոնը փորձում էին հնարավորինս գաղտնի պահել, սակայն ինչպես սովորաբար է պատահում, պապարացիները նրանց միասին նկատեցին Լոս Անջելեսի փողոցներից մեկում, եւ լուրը տարածվեց կայծակնային արագությամբ: Երբ գաղտնիքն արդեն բացվեց, կարմիր գորգին հայտնվեցին, իսկ ծանոթությունից կես տարի անց սկսեցին միասին ապրել: Նրանք 13 մլն դոլարով Բեւերլի Հիլզում 5 սենյակով ու հսկայական ավտոկայանատեղիով առանձնատուն գնեցին. Սթեթհեմը մեքենաների հավաքածու ունի:
Դերասանը խոստովանել է, որ առաջին անգամ սիրահարվել է միայն 42 տարեկանում: 20 տարով փոքր Ռոզին էլ նշել է, որ տարիքը երբեք էլ իրենց համար խնդիր չի եղել. «Այն պարզապես թիվ է»:
Հարցազրույցներից մեկում մոդելը խոստովանել է, որ դերասանն իրեն գրավել է հումորի շնորհիվ. «Երբ մարդը գիտի՝ ինչպես ծիծաղեցնել քեզ ճիշտ պահին, ամեն ինչ փոխվում է: Նաեւ միշտ զգում եմ նրա աջակցությունը: Ջեյսոնի հետ լավագույն ընկերներ ենք: Կարծում եմ՝ մինչ այդ իսկական տղամարդու չէի հանդիպել»:
Սթեթհեմի օգնությունը
Դերասանի հետ ծանոթությունից մեկ տարի անց Ռոզիին առաջարկել են խաղալ «Տրանսֆորմերները-3» ֆիլմում: Չունենալով անհրաժեշտ մասնագիտական փորձ՝ դիմել է սիրելիի օգնությանը:
«Թեեւ քիչ էինք խոսում աշխատանքից, բայց մի քանի անգամ ինձ իսկապես օգնել է: Ավստրալիայում էր, երբ իմացավ՝ նկարահանումների պատճառով կապտուկներ ունեմ, եւ ինձ համար հատուկ պաշտպանական սարք ուղարկեց, որն ինքն էր օգտագործում վտանգավոր հնարքներ անելիս: Գործընկերներիս առաջարկածները հսկայական էին, ծանր ու անհարմար, իսկ ահա Ջեյսոնը փրկեց ինձ»,- պատմել է մոդելը:
Անգամ խոսակցություններ կային, որ միասին կարող են նկարահանվել ֆիլմում, սակայն այդ նախագիծը կյանքի չկոչվեց:
Նշանադրությունը
Երկար ժամանակ տարատեսակ խոսակցություններ էին պտտվում, թե շուտով վերջապես ընտանիք են կազմելու: «Ցանկացած զույգի վրա, որը երկար ժամանակ միասին է, մեծ ճնշում են գործադրում: Հավատում եմ ամուսնությանը, բայց ինձ համար ավելի կարեւոր է երջանիկ հարաբերություններ ունենալ»,- ասել է Ռոզին:
Սթեթհեմը նրան ամուսնության առաջարկություն է արել 2016 թվականի հունվարին: «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգին Ռոզին ցուցադրել է 350 հազար դոլար արժողությամբ շքեղ մատանին, սակայն հարսանեկան իրարանցման մեջ ընկնելու փոխարեն, զույգը որոշել է ամեն ինչ յուրովի անել:
«Գալիս է ժամանակ, երբ գիտակցում ես՝ էլ չես ուզում ամբողջ աշխարհը քո շուրջը պտտվի: Ցանկություն է առաջանում ինչ-որ մեկի մասին հոգ տանել»,- ասել է մոդելն ու հայտնել հղիության մասին:
2017 թվականի հունիսի 24-ին ծնվել է նրանց որդին՝ Ջեք Օսկարը: Դրանցի հետո էլ չեն շտապել ամուսնանալ. «Կարծում եմ՝ ժամանակը կգա: Այնքան երկար ենք կենտրոնացած եղել մեր աշխատանքի վրա, ապա ծնվել է Ջեքը: Անհամբերությամբ ենք սպասում այդ իրադարձությանը, սակայն այն մեզ համար առաջնահերթություն չէ, առանց դրա էլ երջանիկ ենք: Ավելի լավ կլինի ուշ անենք, որպեսզի մեր որդին էլ մեծանա ու մասնակցի հարսանիքին»:
Ընտանեկան արժեքները
Մոդելը խոստովանում է, որ Սթեթհեմը հիանալի հայր է. «Կարող է առավոտյան ժամը 5-ին արթնանալ ու ինձ թույլ տալ 1 ժամ ավելի քնել: Բախտս բերել է, որ կողքիս նման հոգատար մարդ է: Էկրաններին նա միշտ զիլ տղաների է մարմնավորում, սակայն տանն իր այլ կողմն է ցուցադրում»:
Նաեւ խոստովանել է, որ փոքրիկի ծնունդն իսկական փորձություն է իր համար, քանի որ սեփական հետաքրքրությունների համար ժամանակ չի մնում. «Շատ եմ տարված նրանով ու կյանքում ոչ մեկին այդքան շատ չեմ սիրել, հենց դա էլ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները: Սակայն պիտի խոստովանեմ, որ մայր լինելը շատ բարդ է»:
Դերասանի եւ մոդելի համար ընտանիքն ամենաթանկն է, աշխատում են անձնականի մասին հնարավորինս քիչ բարձրաձայնել: Նշում են՝ իրենց սերը կառուցված է փոխադարձ հարգանքի, հիացմունքի ու երջանիկ պահերի վրա:
Դերասանը Esquire-ի հետ զրույցում կատակով ասել է, որ իրար շատ լուրջ չեն վերաբերվում ու միշտ պատրաստ են միասին ծիծաղել. «Իրար հետ խմում ենք եւ ցատկում լողավազան»:
Սիրելիի տարեդարձին Ռոզին գրել էր. «Շնորհավոր տարեդարձդ, իմ ամբողջ կյանքի սեր», իսկ Ջեյսոնն առաջին անգամ հրապարակային կնոջը շնորհավորել է Rose Inc կոսմետիկայի ապրանքանիշի թողարկման առիթով. «Այնքան ուրախ եմ, որ երազանքներդ իրականություն են դառնում, շնորհավոր, փոքրիկս»:
2021 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը՝ Իզաբելը:
Ոճն ու փոխադարձ գովեստները
Հենց առաջին համատեղ միջոցառումից սկսած՝ նրանք ընդգծված ոճ են ունեցել եւ ամենագեղեցիկ զույգերից մեկը համարվել: Երկուսն էլ պաշտում են մուգ եւ առանց նախշերի հագուստներ: Դերասանը հաճախ է կրում կոստյումներ, իսկ մոդելը՝ նախապատվությունը տալիս զգեստներին: Երբ նրանք միասին են, այլ աքսեսուարների կարիք չունեն՝ միանգամից են ուշադրություն գրավում:
Իսկ երբ որոշում են իրենց կերպարները բազմազան դարձնել՝ նախընտրում են հակադիր գույներ: Եթե Սթեթհեմը մուգ կոստյումով է, ապա Հանթինգթոն-Ուայթլին երկար սպիտակ զգեստ է ընտրում:
«Չեմ թաքցնի, որ շատ երջանիկ ենք: Ռոզին զարմանալի կին է, բախտս շատ է բերել»,- խոստովանել է դերասանը:
Հայրերի տոնին էլ Ռոզին գրել է. «Շնորհակալ ենք, որ դու այդքան հիանալի հայրիկ ես մեր երեխաների համար: Անսահման եմ քեզ սիրում»:
Մեկ այլ հարցազրույցի ժամանակ մոդելն այսպիսի խոստովանություն է արել. «Երիտասարդ տղաներն ինձ չեն հետաքրքրում: Ջեյսոնի ուժն ու խելքն են ինձ գրավում ու գայթակղում: Նման որակները միայն տարիքի հետ են առաջանում»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: