×


«Avatar, Oppenheimer եւ այլ ֆիլմերի սաունդրեքերը նորություն կլինեն». Imperial Orchestra-ն Երեւանին զգացմունքներ կպարգեւի

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra» նվագախումբը մայիսի 18-ին եւ 19-ին Երեւանում կներկայացնի համաշխարհային սաունդթրեքերի վառ շոուներ՝ Cinema Medley «Interstellar» եւ Cinema Medley «Oppenheimer»: Cinema Medley շոուն անհավանական ընկղմում է կինոյի աշխարհ՝ վառ ու գունեղ շոու, կենդանի հնչողություն Imperial Orchestra-ի՝ ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտների կատարմամբ եւ յուրահատուկ տեսաշարի ուղեկցությամբ: Երեւանյան հյուրախաղերի նախօրեին Imperial Orchestra-ի մասին պատմել է նվագախմբի տնօրեն Գուլիա Ռախմատուլինան։

- Բացի երաժիշտների թվից, ինչո՞վ է տարբերվում «Imperial Orchestra»-ն եւ հնարավո՞ր է այն լսողությամբ ճանաչել։

- Մեր նվագախմբի եւ մյուս նվագախմբերի միջեւ կան մի քանի հիմնական տարբերություններ: Ժամանակակից սաունդթրեքեր նվագելու համար մեկ սիմֆոնիկ նվագախումբը բավարար չէ. յուրաքանչյուր ֆիլմում օգտագործվում են յուրահատուկ գործիքներ, որոնք երբեմն ստեղծում են կոմպոզիտորները՝ փնտրելով օրիգինալ ձայն։ Մեր զինանոցում, բացի դասական երաժշտական գործիքներից, ունենք ժողովրդական գործիքների մեծ հավաքածու՝ դուդուկ, վիսլ, բոդրում, ցիմբալներ, ընդլայնված հարվածային խումբ եւ սինթետիկ հնչողություն։ Յուրաքանչյուր հնչյուն ստեղծվել է մեր ինժեներների կողմից, որոնք այն տեղավորել են սիմֆոնիկ սաունդթրեքերի նախագծի մեջ՝ դրանով իսկ թույլ տալով մոտենալ բնօրինակի յուրահատուկ ձայնին:


- Հասկանալի է, որ այդքան մեծ թիմ կառավարելը հեշտ չէ, ո՞րն է համակարգված աշխատանքի գաղտնիքը։

- Մեր թիմի բոլոր երաժիշտներն ամենաբարձր մակարդակի մասնագետներ են եւ նվագում են Ռուսաստանի լավագույն նվագախմբերում՝ Մարիինյան թատրոնում, Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր անսամբլում։ Նման արտիստներին մեկ բեմում համախմբելու հնարավորությունը մեզ թույլ է տալիս սաունդթրեքեր կատարել բարձր մակարդակով: Իսկ իրենք՝ երաժիշտները, ուրախ են, որ գալիս են մեր ելույթներին։ Հետեւաբար, նման խմբի ղեկավարման միակ դժվարությունը լոգիստիկայի եւ փորձի գործընթացի ներդաշնակ կազմակերպումն է։

- Ճանաչելի ու սիրված երաժշտությունն առանձնահատուկ հաճույք է պարգեւում ունկնդրին։ Ի՞նչն է ավելի տարածված՝ երբ ֆի՞լմն է հաջողության հասնում սաունդթրեքի միջոցով, թե՞ երբ կոմպոզիցիան է ճանաչված դառնում ֆիլմի հաջողության շնորհիվ:

- Երկու գործոններն էլ շատ կարեւոր են։ Առանց հաջող ֆիլմի սաունդթրեքը հայտնի չի լինի, բայց հենց մեղեդին է, որ կարող է ցանկացած ֆիլմին հետաքրքրության նոր ալիք հաղորդել։ Օրինակ, «Դյունա» ֆիլմի երկրորդ մասը նոր հանդիսատես գրավեց Հանս Ցիմմերի սաունդթրեքի շնորհիվ: Ի դեպ, նրան կարող եք լսել մեր շոուի ժամանակ։


- Ինչպե՞ս է տեղի ունենում ֆիլմերի «քասթինգը», ո՞րն է ընտրության հիմնական պայմանը, եւ կարո՞ղ է նոր, բայց դեռեւս քիչ հայտնի ֆիլմի երաժշտությունը մտնել ձեր նվագացանկ։

- Մենք միշտ ձգտում ենք լինել առաջին ալիքի վրա եւ հետեւել կինոաշխարհի ամենավերջին նորություններին: Օրինակ՝ կինոթատրոնում ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ ուղիղ եթերում կատարեցինք «Օփենհայմեր»-ի սաունդթրեքը։ Այսպիսով, դարձանք աշխարհում առաջին նվագախումբը, որը նվագեց «Օփենհայմեր»: Սաունդթրեք ընտրելիս հիմնվում ենք հանդիսատեսի կարծիքի, երաժշտական նյութի եւ որակի վրա։

- Նվագախմբի ներկայացրած սաունդթրեքերը տարբերվո՞ւմ են ֆիլմերում հնչած բնօրինակից, թե՞ դրանք, այսպես ասած, «քավըր» տարբերակներ են։

- Իհարկե, տարբերվում են: Մեր կատարած յուրաքանչյուր սաունդթրեք Մեդլի ժանրի սիմֆոնիկ ֆանտազիա է, որը ներառում է ֆիլմի բոլոր առանցքային թեմաները։ Յուրաքանչյուր թրեքում աշխատում է կոմպոզիտորների մի ամբողջ կազմ՝ ստեղծելով յուրահատուկ պարտիտուր։

 - Պատմեք հրավիրված երաժիշտ-կատարողների մասին, որոնք երբեմն անսպասելի գործիքներով են հանդես գալիս, ինչպիսին, օրինակ, դուդուկն է։ Պատահու՞մ է, որ ազգային գործիքը հատուկ ընդգրկում եք կոնկրետ երկրի համար:

- Մենք, իսկապես, սիրում ենք համագործակցել տարբեր արտիստների հետ եւ, իհարկե, փնտրում ենք յուրահատուկ տեմբրեր: Այսպիսով, Վիտալի Պողոսյանի կատարմամբ դուդուկի հնչյունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ փոխանցելով սրտի խորքից եկող հույզերն ու ապրումները։ Իհարկե, հենց Երեւանում է, որ դա առանձնահատուկ արձագանք է առաջացնում հանդիսատեսի սրտերում։


- Ի՞նչ ծրագրով եք պատրաստվում հանդես գալ Երեւանում։ Ի՞նչ է հնչելու, կլինե՞ն, արդյոք, պրեմիերաներ։

- Այս անգամ մենք ներկայացնում ենք միանգամից երկու «Cinema Medley» շոուներ, որոնք ներառում են ավելի քան 30 ֆիլմի երաժշտություն՝ «Հարի Փոթեր», «Ինտերսթելեր», «Կարիբյան ծովի ծովահենները», իհարկե, դրանք մեր նվագացանկի դասականներն են համարվում, բայց «Ավատար», «Օփենհայմեր», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի սաունդրեքերը հանդիսատեսի համար նորություն կլինեն։

Զրուցեց Սուսաննա Հովհաննիսյանը
Լուսանկարները՝ Imperial Orchestra-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW