×


«Քեզնով եմ ապրում, իմ աննման հայ աղջիկ». Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանների՝ նմանը չունեցող ու ամբողջ կյանք ձգված սերը

Նկարիչ Մարտիրոս Սարյանի եւ Լուսիկ Աղայանի սիրո պատմությունն անչափ գեղեցիկ եւ հուզիչ է: Նրանք 56 տարի ապրել են միասին, հենարան եղել իրար ու համատեղ ջանքերով էլ հաղթահարել դժվարությունները: BRAVO.am-ին այդ յուրահատուկ հարաբերություններն օգնել է բացահայտել նրանց թոռը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզան Սարյանը:

2023 թվականին լրացել է Լուսիկ Սարյանի ծննդյան 130-ամյակը, ինչի առիթով թանգարանում բացվել է նրան նվիրված՝ «Լուսիկը՝ Սարյանի մուսան» խորագրով ցուցահանդեսն ու տպագրվել նույնանուն պատկերագիրքը։

«Այս խորագրում ամեն ինչ ամփոփված է. Լուսիկն իսկապես Սարյանի մուսան էր, սերն ու ոգեւորությունը: Լուսիկի մշտական ներկայությունը նկարչի կյանքում ծնունդ է տվել բազմաթիվ գծանկարների ու գեղանկարների: Ընդունված է մտածել, որ արվեստի մարդիկ ունենում են ներշնչանքի տարբեր աղբյուրներ, բայց Սարյանի դեպքը բացառիկ է՝ Լուսիկին հանդիպելուց հետո միայն նրան է սիրել եւ նրանով տարված եղել: Երկուստեք այնքան գեղեցիկ է եղել այդ սերը, որ զարմանում եւ ուրախանում ես նման օրինակի ականատեսը լինելու համար»,- այսպես է այդ մեծ սիրո մասին արտահայտվել Ռուզան Սարյանը:

Ծանոթությունը

Մարտիրոս Սարյանն ու հայ անվանի գրող եւ մանկավարժ Ղազարոս Աղայանի դուստրը՝ Լուսիկ Աղայանը, ծանոթացել են 1915 թ.-ի հոկտեմբերի 14-ին՝ Թիֆլիսի «Չաշկա չայա» սրճարանում: Այդ վայրում էր սովորաբար հավաքվում հայ մտավորականությունը, որը Եղեռնի ողբերգական եւ զարհուրելի դեպքերից հետո փորձում էր համախմբվել եւ ազգի փրկության համար ելքեր գտնել:

1915-ին Սարյանը Մոսկվայում էր ստեղծագործում, սակայն տեղի ունեցածից հետո քաղաքի կենտրոնում ունեցած իր արվեստանոցը փակել էր, կտավներն ընկերների մոտ թողել ու եկել Հայաստան: Նա իր հետ բերել էր մոսկվահայության հանգանակած գումարն ու դեղորայքը:

«Էջմիածնի տաճարի եւ մյուս վանքերի բակերում Սարյանն ականատես եղավ այնպիսի տեսարանների, որոնք նրան ուղղակի խելագարության դուռը հասցրին: Նա հասկացավ, որ իր բերած օգնությունը մի չնչին կաթիլ է մարդկային սարսափելի ողբերգության օվկիանի մեջ: Թեեւ ուժեղ մարդ էր, բայց սկսեց կորցնել իր հոգեկան հավասարակշռությունը: Նկարչի առողջական վիճակով մտահոգված ընկերները նրան շտապ տեղափոխեցին Թիֆլիս»,- նշել է Ռուզան Սարյանը։

Լուսիկ Աղայանը եւ Մարտիրոս Սարյանը


Հենց այդ ժամանակ էլ նրա կյանքում տեղի ունեցավ Լուսիկ Աղայանի հետ ճակատագրական հանդիպումը: Լուսիկը նրան ոչ միայն հոգեպես օգնեց ապաքինվել, այլ նաեւ ապագայի հանդեպ հավատ ներշնչեց: 35-ամյա Մարտիրոս Սարյանն առաջին հայացքից սիրահարվեց 22-ամյա Լուսիկին, այդ մասին նա հետեւյալն է գրել.

«Դժվար էր հայացքը հեռացնել այդ դյութիչ օրիորդից՝ խոշոր նշաձեւ աչքեր, գեղեցիկ պարանոցի վրա խոյացող հիասքանչ գլուխ, հոլանի ուսեր, նրբագեղ ձեռքեր, պարզ գեղեցիկ դեմք, արտահայտիչ շուրթեր, բնածին կոկետություն եւ ուրախ, զրնգուն ծիծաղ: Այս ամենը դարձնում էին նրան արվեստի մի կենդանի ստեղծագործություն: Արտաքինն արտահայտում էր Լուսիկի հազվագյուտ հոգու ազնվականությունը։ Այդ նա էր, ում հրաժեշտ տալուց հետո հասկացա, որ նա իմ ամենամտերիմ մարդն է աշխարհում: Ես ապրում էի ինձ համար մի անծանոթ երջանիկ զգացում, որը նոր երանգ տվեց աշխարհին, նոր բովանդակությամբ լցրեց կյանքս»:

Լուսիկ Սարյանը մեծացել է գրականության եւ արվեստի մթնոլորտում: Ղազարոս Աղայանը հրաշալի երգում էր, երաժշտության հանդեպ սերը նաեւ երեխաներին է փոխանցվել: Մուշեղ Աղայանը կոմպոզիտոր էր եւ հոր պես էլ գեղեցիկ երգում էր, Լուսիկը շատ էր ուզում երգչուհի դառնալ, սակայն իր երազանքն այդպես էլ չկարողացավ իրականացնել: 18 տարեկանում նա կորցրեց հորը: Անցավ աշխատանքի Հովնանյան դպրոցում, համատեղությամբ ընդունվեց Թիֆլիսի կոնսերվատորիան, սակայն հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի թոհուբոհում ստիպված էր հրաժարվել ուսումը շարունակելու իր ցանկությունից: Բարեբախտաբար, արդեն հանդիպել էր Մարտիրոս Սարյանին ու սիրահարվել:   

Մարտիրոս Սարյանի՝ կնոջը գրած նամակներից


«Մեր ծանոթությունը սկսվել է նրանից, որ Մարտիրոս Սարյանն ուշադիր նայել է ինձ ու ասել. «Ես Ձեզ բազմիցս եմ նկարել»։ Միանգամից չհասկացա ու զարմացած նայեցի նրան: Երբ եկանք Նախիջեւան, Անյուտան ասաց. «Մարտիրոսը գտել է այնպիսի աչքերով աղջկա, որին միշտ նկարել է»»,- տարիներ անց իր նամակներից մեկում գրել է Լուսիկ Սարյանը։

Ամուսնությունը

Սարյանն իր հուշերում գրել է, որ Հովնանյան դպրոցը, որտեղ ռուսերեն էր դասավանդում Լուսիկը, գտնվում էր Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցուց ոչ հեռու։ Ցերեկային ժամերին նա եկեղեցում արտանկարում էր այնտեղ պահպանվող Մուղնու Ավետարանի մանրանկարը՝ Մոսկվայում հրատարակվող Վալերի Բրյուսովի խմբագրած «Հայաստանի պոեզիա» անթոլոգիայի ապագա կազմի համար.

«Մեր հանդիպումները կեսօրին՝ նրա դասերից ազատ ժամերին, լինում էին եկեղեցում։ Մեր սիրո ամենագեղեցիկ եւ հաճելի ժամերն էին դրանք՝ շրջապատված պատերից մեզ նայող սրբերի պատկերներով։ Քաղաքի կյանքից հեռու այս իրավիճակը, որ հատկապես անդրադարձավ մեզ վրա, էլ ավելի նպաստեց մեր հոգեւոր մերձեցմանը եւ միմյանց հասկանալուն։ Դա կապեց մեզ ողջ կյանքի ընթացքում եւ օգնեց հաղթահարել ճանապարհին հանդիպող բոլոր դժվարությունները»։

Լուսիկ Աղայանը եւ Մարտիրոս Սարյանը


Սարյանի եւ Աղայանի պսակադրությունը տեղի ունեցավ 1916 թվականի ապրիլի 17-ին՝ Ծղնեթի հայկական եկեղեցում, որը գտնվում էր Թիֆլիսից ոչ հեռու։ Հարսանիքը բավական համեստ էր՝ լեռներով շրջապատված բնության գրկում եւ ամենամտերիմների մասնակցությամբ: Սկզբում Նախիջեւանում ապրեցին, իսկ 1921-ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով տեղափոխվեցին Երեւան:

1917 թվականին ծնվեց Սարգիսը, որը կրում էր Մարտիրոս Սարյանի հոր անունը, տղային ընտանիքում Սարիկ էին կոչում, իսկ 1921-ին լույս աշխարհ եկավ Ղազարոսը (Զարիկը):

«Մյասնիկյանն անձնապես էր Սարյանին հրավիրել, բայց կար նաեւ նամակ՝ ուղղված մեր ողջ մտավորականությանը, որպեսզի վերադառնան ու մասնակցեն երկրի վերածննդին, օգնեն կերտել մեր պետականությունը: Այդ ժամանակ ղեկավարները իմաստնություն ունեին եւ գիտակցում էին, որ երկրի վերածնունդը սկսվում է մշակույթից: 1920-ականներին այստեղ այնպիսի մշակութային ներուժ էր կուտակված, որ անհնարին էր հաջողության չհասնել, ու հենց այդ սերնդի հայերին ենք պարտական այսօր մեզ հասած ժառանգության համար: Պիտի ամեն ինչ անենք, որ այն պահպանենք: Թեեւ հանրապետության առաջին դեմքն էր հրավիրել Սարյանին, սակայն բնակարանային հարցը միանգամից չլուծվեց, ու նա ընտանիքով ստիպված եղավ 2 շաբաթ մնալ կայարանի վագոնում: Ֆ. Դովլաթյանի հրաշալի «Երկունք» ֆիլմի վերջին կադրերը շատ հուզիչ են՝ Մյասնիկյանը կայարանում դիմավորում է Սարյանին»,- պատմել է Ռուզան Սարյանը:


Լուսիկի չիրականացած երազանքը

Ռուզան Սարյանը նշում է, որ իր տատիկը իմաստուն էր ու պատրաստ սեփական երազանքները զոհաբերել հանուն ամուսնու տաղանդի: Այդ մասին հատկապես լավ է երեւում Հովհաննես Թումանյանի դստերը՝ Նվարդին գրված նամակում: Աղայանների ու Թումանյանների ընտանիքները շատ մտերիմ են եղել, հետագայում էլ Նվարդն ամուսնացել է Լուսիկի եղբոր՝ Մուշեղ Աղայանի հետ:

«Մարտիրոսը վիզան ստացել է եւ շատ շուտ պետք է ուղեւորվի (Ֆրանսիա մեկնելու մասին է, որտեղ Սարյանը երկար մնացել է, ստեղծագործել եւ կազմակերպել իր ցուցահանդեսը,- հեղ.): Երկրորդ անգամն է, որ ես մնում եմ Երեւանում առանց նրա: Եթե ճիշտն ուզում ես, ես նրան ուղղակի ստիպեցի գնալ, որովհետեւ իր համար անհրաժեշտ էր մի անգամ անցնել Փարիզ եւ աշխատել այնտեղ, բայց արի ու տես, որ մեր շահերն իրար հակասում են: Նրան հարկավոր է գնալ, աշխատել, իսկ ե՞ս: Նունիկ ջան, ինձ մի նախատիր, սիրելիս, ես կիսատ մարդ մնացի: Ես ոչ մի կերպ չկարողացա ձեռք գցել իմ հազարան բլբուլը, որի մասին երազել եմ տասնյակ տարիներ»:

Լուսիկ Սարյանը


Ռուզան Սարյանի խոսքով՝ նկարիչը փորձել է այնպես անել, որ Լուսիկը հասնի իր երազանքին եւ երգչուհի դառնա, Փարիզում հանդիպել է Կոմիտասի աշակերտուհիներից Մարգարիտ Բաբյանի հետ ու պայմանավորվել, որ կինը սովորի նրա մոտ: Սակայն այդ անգամ էլ խորհրդային կարգերն են խանգարել՝ վախենում էին, որ Սարյանը չի վերադառնա, այդ պատճառով էլ Լուսիկին թույլ չտվեցին մեկնել Ֆրանսիա:

Մուսան

Փարիզ մեկնելիս Սարյանն իր հետ տարավ կնոջ լավագույն դիմանկարներից մեկը, որը, ցավոք, տուն դարձի ճանապարհին այրվեց ի թիվս նկարչի 36 փարիզյան նկարների՝ նավի վրա բռնկված հրդեհի արդյունքում: Ռուզան Սարյանը նշում է, որ նկարիչը մի սկզբունք ուներ՝ երբեք չէր կրկնում իր նախկինում ստեղծած գործերը, քանի որ անհնարին էր համարում վերապրել այն տրամադրությունը կամ վերստեղծել այն մթնոլորտը, որում դրանք արարվել էին: Հակառակ դեպքում, նրա կարծիքով, արվեստը կդադարեր անկեղծ եւ ճշմարիտ լինել:

Հետագայում Սարյանը կնոջը նկարել է տարբեր տրամադրություններում, հոգեվիճակներում եւ տարիքներում: Բազմաթիվ են գծանկարներն ու ճեպանկարները՝ Լուսիկ Սարյանը գիրք կարդալիս, հեռախոսով խոսելիս, լվացք անելիս, առօրյայում, կյանքում, տարբեր վայրերում եւ քաղաքներում.


«1929-ին Փարիզից վերադառնալուց հետո Սարյանը ստեղծել է «Իմ ընտանիքը» նկարը՝ կենտրոնում Լուսիկն է երկու որդիների՝ Սարիկի եւ Զարիկի հետ, եգիպտական դիմակը՝ որպես անմահության եւ հավերժության խորհրդանիշ է, իսկ ինքը՝ Սարյանը, ներկա է պատից կախված իր ինքնադիմանկարով: Այս գործը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում:

1934-ին արված նկարում Լուսիկը նստած է հայելու առաջ, նրան տեսնում ենք կիսադեմից, իսկ հայելու մեջ՝ դիմացից: Այս լուսանկարը Սարյանին հուշել է Լուսիկի շատ հայտնի եռադիմանկարի ստեղծման գաղափարը»:

Պատերազմի ծանր տարիները

Լուսիկ Սարյանը նկարչի թիկունքն ու հենարանն էր, մտածում էր ամենօրյա հանգստի ու նրան կենցաղային դժվարություններից զերծ պահելու մասին՝ փորձելով լուծել ընտանեկան բոլոր խնդիրները: Չնայած իր զբաղվածությանը՝ Մարտիրոս Սարյանն էլ ամեն ինչ անում էր ողջ ծանրությունը կնոջ ուսերին չթողնելու համար։

Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանները՝ որդիների հետ


Լուսիկ Սարյանը երազում էր, որ Երեւանում լինեն մանկական զվարճանքների վայրեր, լավ բեմադրություններ, որպեսզի նպաստեն երեխաների զարգացմանը: Իսկ երբ Սարգիսն ու Ղազարոսը մեծացան, ծնողները որոշեցին նրանց ուղարկել Մոսկվա ՝  կրթությունն այնտեղ շարունակելու համար:  

Ղազարոս Սարյանն ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան, որտեղից նրան զորակոչեցին բանակ: 2,5 տարի ծառայելուց հետո նա պետք է հրաժարվեր դաշնակահարի կարիերայից, քանի որ ձեռքերը «վնասել» էր։ Դրանից հետո եւս 4 տարի մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին։

«Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանները շատ դժվար տարիներ ապրեցին, այնպիսի շրջան եղավ, որ ռազմաճակատից նամակները չէին հասնում Հայաստան: Զարիկը ծառայում էր Լվովից ոչ հեռու եւ պատերազմի առաջին իսկ օրերից հայտնվեց ամենասարսափելի մարտական գործողությունների գոտում. 6 ամիս ծնողները նրանից որեւէ լուր չունեին: Սարյանի ամեն հարցմանը պատասխանում էին՝ զոհվածների եւ վիրավորների ցանկում չկա: Այդ ամիսների սպասողական վիճակը Սարյանն արտահայտեց իր հրաշալի նկարի մեջ՝ տիկին Լուսիկը ձեռքի մեջ միրգ է պահում, որը հայելու մեջ նամակի տեսքով է: Այդ գործն այսօր էլ արդիական է, որովհետեւ բոլոր ժամանակների պատերազմներում ծնողների միակ ցանկությունն է, որպեսզի որդիները ողջ-առողջ վերադառնան տուն»:


1945-ին զորացրվելուց հետո Ղազարոս Սարյանը ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիան, ուսանեց ռուս հայտնի կոմպոզիտորների մոտ եւ փայլուն ավարտելուց հետո վերադարձավ Երեւան: Փաստորեն նա իրականացրեց իր մոր՝ Լուսիկ Սարյանի երազանքը, դարձավ անվանի կոմպոզիտոր, նվիրվեց հայ երաժշտարվեստին ծառայելու գործին ու 26 տարի ղեկավարեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Ավագ որդին՝ Սարգիսը, Մոսկվայում ավարտեց Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան եւ, վերադառնալով Երեւան, աշխատանքի անցավ Հայաստանի ակադեմիայի Գրականության ինստիտուտում:  


«1947-ին ամուսիններով մեկնել էին Ռիգա, որտեղ Սարյանը պետք է կերտեր Մարշալ Բաղրամյանի դիմանկարը: Նա Լուսիկին նկարել է Ռիգայից ոչ հեռու գտնվող Բաղրամյանի առանձնատանը՝ փակ պատշգամբում նստած: Պատուհանից երեւում է սաղարթախիտ անտառը, զգացվում է մերձբալթյան օդի բարձր խոնավությունը, արեւի լույսի ու ջերմության բացակայությունը: Նույն ժամանակ ու նույն պատշգամբում Սարյանը նկարել է Մարշալ Բաղրամյանի դիմանկարը»:

Տան ոգին

Լուսիկ Սարյանը զարմանալի լավատես էր եւ այդ որակը հորից՝ Ղազարոս Աղայանից էր ժառանգել, անգամ ամենածանր պահերին նրան հաջողվում էր պահել հավատի մթնոլորտը, ահա թե ինչ է Նվարդ Թումանյանը գրել նրա մասին. «Լուսիկը շատ է լավը, ճիշտ որ արեւի պես պայծառ, արեւի պես էլ ջերմ ու լույս՝ իր անունի իսկական տերը»:

Սարյանների երեւանյան տանն էր հյուրընկալվում ժամանակի մտավորականությունը, եւ Լուսիկը մշտապես այդ հավաքների ոգին էր։ Նրանց տան դռները բաց էին բոլորի առաջ, Լուսիկ Սարյանին հյուրընկալության հարցերում օգնում էր նկարչի քույրը՝ Կատարինեն, որը կորցրել էր ամուսնուն ու որդիներին եւ ապրում էր եղբոր ընտանիքի հետ։   


«Զարմանալի ու շատ գեղեցիկ էին նաեւ Լուսիկի եւ Կատարինեի հարաբերությունները։ Սարյանն ուշ աշնանը մեկնում էր Մոսկվա, որտեղ հաճախում էր թատրոններ, շփվում գործընկերների հետ եւ ծանոթանում մշակութային անցուդարձին, իսկ գարնանը վերադառնում։ Ռուսաստանի միջոցով էր իրականացվում շփումը Եվրոպայի հետ։ Որդիներն էլ Մոսկվայում էին, եւ այս երկու կանայք, իրար փոխարինելով, հերթով մեկնում էին ու հոգ տանում նրանց մասին»,- ընդգծել է Սարյանների թոռը:

Ռուզան Սարյանը նշում է, որ Լուսիկը բավական լուրջ առողջական խնդիրներ ուներ, որոնց դեպքում ցանկացած մեկ ուրիշը կկոտրվեր։ Սարյանն ուզում էր 12 երեխա ունենալ, սակայն երրորդին սպասելիս Լուսիկ Սարյանը ծառից միրգ քաղելիս անհաջող ձգվել է ու կորցրել պտուղը, դրանից հետո այլեւս չէր կարող մայրանալ։

«1954-ին էլ հեռացրին նրա մի երիկամը, որովհետեւ սեղանի վրա աթոռ էր դրել, որպեսզի խոհանոցի լամպը փոխի, բայց ընկել էր, եւ հարվածը երիկամին էր հասցվել: Մյուս երիկամը ծանրաբեռնված էր աշխատում, ու այլ հիվանդություն առաջացավ՝ 1964-ին Մոսկվայում հայտնեցին քաղցկեղի մասին ու փրկության հույս չտվեցին: Թեեւ ընդունված չէ այս մասին խոսել, բայց Սարյանը բուժելու զարմանալի ունակություն ուներ, եւ Լուսիկին տրված կարճ կյանքի դիմաց նա եւս 10 տարի պարգեւեց, նույնիսկ բժիշկներն էին զարմանում, քանի որ միակ երիկամում համարյա առողջ բջիջներ չէին մնացել։ Սարյանից 2 տարի էլ ավելի ապրեց Լուսիկը»,- խոստովանել է Ռուզան Սարյանը:


Սարյանների ընտանիքում էլ, ինչպես բոլորի դեպքում, ցավն ու երջանկությունը կողք կողքի են քայլել։ 1962 թվականին, երբ թվում է՝ միասին արդեն ամեն ինչ հաղթահարել էին ու զավակների համար կարող են հանգիստ լինել, Սեւանի ճանապարհին 45 տարեկանում ավտովթարից մահացավ Սարգիսը։ Լուսիկի եւ 82-ամյա Մարտիրոս Սարյանի համար շատ մեծ հարված էր: Կորստի ցավը զգացվում է 1962 թվականին Երեւանից Լուսիկին գրած Սարյանի նամակում.

«Պահպանիր աչքերդ, բուժիր՝ ինչով հնարավոր է։ Դա պատահեց նրանից, որ շատ լաց եղար քո կրած վշտի պատճառով, որն այնքան անսպասելիորեն վրա հասավ մեզ։ Պետք է պայքարել Սարիկի համար, անել ամեն ինչ, ինչ հնարավոր է, մեր հրաշալի մարդու համար, որի մահվան համար ամենից շատ ինձ եմ մեղավոր համարում։ Մի խոսքով՝ պետք է հավաքել բոլոր ուժերը եւ ապրել նրա համար՝ կրծքում թաքցնելով ցավն ու թախիծը»։

Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանները


Ռուզան Սարյանը նշում է, որ շատ հուզիչ մի նկար կա՝ արդեն բավական մեծ տարիքում երկուսով նկարվել են այգում. Լուսիկ Սարյանը դեղձ է բռնել, իսկ Սարյանը՝ նրա ձեռքը, եւ այնքան սիրով լի հայացքով են նայում իրար:

«Սերն էլ է արվեստ ու ոչ բոլորին է տրված, դա երկուստեք զոհողություն է, փոխադարձ ըմբռնում ու զիջելու կարողություն։ Լուսիկի ամբողջ պատկերաշարքն իր հանճարեղ ամուսնու կողմից մեծագույն սիրով է ստեղծված։ Նա կարծես Լուսիկին պատվանդանի վրա էր դրել եւ հիացել նրանով։ Սարյանը գիտեր գնահատել կնոջ ամենօրյա, կարծես թե աննկատելի, բայց շատ կարեւոր եւ դժվար աշխատանքը: Լուսիկը՝ տնտեսուհի, գթասիրտ մայր, նաեւ դաստիարակ եւ ուսուցչուհի իր որդիների համար: Ամուսնու եւ իր բարեկամներին հասնող, դժվար կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու միշտ պատրաստ, իր մասին մոռացող եւ մտերիմների համար ապրող վեհանձն կին էր: Նա գրկաբաց ընդունում էր իրենց հյուր եկած 20-րդ դարի ամենահայտնի մարդկանց՝ բոլորի համար ժամանակ, բարի խոսքեր, ժպիտ եւ տրամադրություն էր գտնում, նույնիսկ երբ վատառողջ էր: Իսկ Մարտիրոս Սարյանի համար Լուսիկը մի կենարար աղբյուր էր, նրա ներշնչանքն ու մուսան: Նաեւ այսպիսի կանանց շնորհիվ է, որ մենք ունեցել ենք նման մեծ ստեղծագործողներ»։

1969 թվականի ամռանը Մարտիրոս Սարյանը Երեւանից գրել է Լուսիկ Սարյանին.

«Լուսինոչկա ջան,

Գրում եմ քեզ շատ կարճ, քանի որ շուտով կգաս եւ քո հնչուն ձայնով կլցնես մեր բնակարանը եւ այս անգամ արդեն երբեք ինձ չես թողնի, բավական է։

Արժե, որ մեր կյանքի վերջին օրերն անցկացնենք միասին։

Մարտիրոս»։

Սիրառատ նամակները

Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանների հարաբերությունների մասին լիովին պատկերացում կազմել ու դրանց խորությունն անհնար է զգալ առանց նրանց նամակների։ Դրանք բազմաթիվ են ու տարբեր տարիներին գրված:

Երբ նրանց ծանոթությունից ընդամենը ամիսներ էին անցել, նկարիչը գործերով մեկնել էր Մոսկվա, որտեղից անհամար գեղեցիկ սիրային նամակներ է ուղարկել Թիֆլիսում գտնվող Լուսիկ Աղայանին:


Նամակներում նա սիրելիին դիմել է. «Աշխարհի լույս Լուսիկս, իմ վարդ Լուսիկս, իմ նազանի սեւուլիկ յարս, քեզ համար եմ ապրելու, քեզանով եմ ապրելու իմ աննման հայ աղջիկ, քաղցր Լուսիկս։ Իմ վառվռուն յարս, ճկուն ծառս, իմ պարծանք՝ Լուսիկս, իմ բլբուլ յարս, իմ կյանքի աղբյուրը, իմ վարդը, իմ սոխակը, իմ արշալույսն ու վերջալույսը, իմ սարերի թագուհին, արեւածաղիկ յարս, կաքավս, Լուսինչիո, Ճապուն, Լուսաննա»:

Նամակներից մեկում այսպես է գովել Լուսիկին. «Եղիր այդպես, ինչպես որ կաս, իմ սիրականս, համեստ, ազնիվ, քեզ արհեստական ոչ մի բան պետք չէ, արտաքին շքեղությունը ներքին պակասություն է։ Ես քեզ հավանեցի եւ սիրեցի ամենապարզ, ամենահամեստ քո շորերով, ես քեզ տեսա իսկույն, գուցե, շքեղ շորերի մեջ քեզ իսկույն չնկատեի։ Սիրականս, դու ինչպես որ կաս, կարող ես ամենալավ, ամենաազնվական հասարակության մեջ մտնել, որովհետեւ քո ընտանիքը ամենալավ, ազնիվ ընտանիքներից է, ուր ես առաջին ժամից զգացի ինձ իմ տանը եւ կուզենայի, որ դու ապագայում քո օջախի սուրբ ավանդույթները պահպանեիր»:

Այսպիսի խոստովանություն էլ կա. «Մի բան կա գլխումս, ավելի շուտ՝ իմ մեջ, պարզ արեւի պես, պարզ եւ պայծառ՝ իմ սերն է, դա իմ միակ Լուսիկն է, եւ ամեն բան նրա շուրջն է պտտվում, ինչպես արեւի շուրջը։ Իմ սոխակս, իմ բլբուլ Լուսիկս, երգելիս ես վարդի ծառ կդառնամ։ Ընդունիր անվերջ համբույրներ քո ամուսնուց, որը միայն քեզ համար է ապրում եւ քեզնով է ապրում»։

Պատկերագրքում հանդիպում ենք Լուսիկ Աղայանի այսպիսի պատասխանի.

«Իմ անգին, Մարտիրոս։

Այսօր ստացա քեզնից մի փակ եւ մի բաց նամակ։ Ստացա եւ այնպես խիղճս տանջեց, որ ամեն օր չեմ գրել քեզ, ջանիկս...


... Թեեւ դու գրում ես, որ ես չտանջվեմ, ես էլ եմ աշխատում, բայց շատ դժվար է։ Մի՞թե կարելի է, որ չկարոտես նրան, որն աշխարհում ամենից թանկ է քեզ համար... Սիրելիս, չեմ կարողանում պատկերացնել այն րոպեն, երբ մենք նորից կտեսնվենք, այնքան անիրականանալի է ինձ թվում այդ փաստը։ Արդեն երկու օր է՝ բացվել է ցուցահանդեսը, ես ամբողջովին հոգով ու սրտով այդտեղ եմ։

Ընդունիր համբույրներս։ Քո Լուսիկ»
։


Այս նամակում Մարտիրոս Սարյանն իր սերն արտահայտել է Սայաթ-Նովայի խոսքերով. «Իմ նազանի յարս, դուն «անմահական ջրով լիքը օսկե փնջան իս ինձ համար»։ Իմ Լուսիկս։ Եթե վերցնեմ բոլոր ժողովրդական երգերը, մեր բանաստեղծներին ու նկարիչներին եւ ամբողջ Հայաստանի սարերն ու ձորերը երկինք արեւով, էդ բոլորը իմ Լուսիկիս մեջն է, չգիտեմ՝ ինչ անուն տամ իմ յարին, ինչ խոսքերով ասեմ նրան իմ սիրո մասին։

Սիրականս, համբուրում եմ քո ծով-ծով մազերը, քո երկինք երեսը, քո ճկուն մարմինը, իմ գեղեցկուհիս, իմ հրաշալի նշանածս։

Քո ամուսին՝ Մարտիրոս»
։

Նամակներից մեկում նկարիչն ասում է. «Ախ, իմ Լուսիկ, ինչքան եմ ես քեզ սիրում, ինչպես եմ ես քեզ սիրում»։

Տարիներ անց, երբ արդեն ընտանիք էին կազմել ու Մարտիրոս Սարյանն աշխատանքի բերումով գտնվում էր Մոսկվայում, 1926-ին գրում է.

«Շատ սիրելի, աննման եւ պայծառ Լուսիկ ջան։

Ամեն անգամ, երբ նստում եմ քեզ նամակ գրելու, սիրտս արյունով է լցվում, իմ ամենաթանկագին մարդս հետս չէ, ես մենակ ընկած քաղաքեքաղաք, երկրեերկիր, ինչո՞ւ համար, ի՞նչ եմ ուզում, փա՞ռք , հարստությո՞ւն։

Դու բաժանեցիր քեզանից, ասիր՝ գնա, դու՝ հերոս, իսկ ես՝ թշվառ, եւ պետք է արդարացնեմ քո աչքում, քո առաջ «լավ ապագայի միտքը»՝ ստեղծելով մեզ համար կյանքի լավ պայմաններ, հարմարություններ։ Քեզ եւ բալիկներիս հետ եղած ժամանակս ես զգում էի այնպես, ինչպես փոքրիկ-փոքրիկ բարուրած երեխան յուր փափուկ օրորոցում, իսկ հիմա դուրս եմ ընկել դրա միջից, ինձ վերցնող, քնքշող չունեմ։ Կյանքը կոշտ է, անողոք ու սարսափելի, Լուսիկ ջան։ Ես քեզնով ու իմ բալիկներով եմ ապրում, ամեն րոպե ականջներիս մեջն է քո հնչուն, գեղեցիկ զանգի նման ձայնը, քո շարժուն բոյը, քո պայծառ երեսը աչքերիս առաջ է։ Իմ եռանդուն, աշխույժ, խելոք բալիկներս իմ պարծանքն են։ Դուք բոլորդ միասին ինձ թեւ եք տալիս եւ ուժ, ամեն ինչ ձեզ համար, իմ սիրելիներս, իմ կյանքի էությունը։

Ես իմ ժողովուրդն էլ եմ սիրում, իմ հիվանդոտ, դժբախտ, աղքատ, օտարամոլ, բայց ընդունակ, սիրում եմ նրան, նրա հանճարն եմ սիրում, մի՞թե սիրելը մեղք բան է, մի՞թե առանց սիրո կարելի է ապրել եւ աշխատել, ոչ։

Լուսիկ ջան, ղոչաղ կաց, ոչ մի րոպե չվհատվես, մեր լավ ընկերները կօգնեն մեզ ծանր րոպեներին, իհարկե, ծայրահեղ դեպքում։

Միշտ՝ քո Մարտիրոս»
։

Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանները


Նույն տարի նա արդեն Փարիզում էր ու այնտեղից էլ շատ ջերմ նամակներ գրում ու իր կարոտն արտահայտում։

«Շատ, շատ, շատ, շատ, շատ սիրելի Լուսիկ ջան։

Այ աղջի, ո՞նց ես, գրի, էլի, էս ինչ հիմար կյանք է՝ հեռու ընտանիքից։ Վերջապես աշխատում եմ։ Հա, երբեմն տրամադրությունս ծայրահեղ աստիճան լավ է , իսկ երբեմն՝ հակառակ։ Այսպես է արվեստագետի կյանքը, եւ դա անդրադառնում է ընտանիքի վրա։ Եթե այս րոպեիս այստեղ լինեիր, դու էլ հետս պետք է ուրախանայիր, չէ՞, Ճապու ջան (աչքերը երկարուկ էին, դրա համար այդպես էր դիմում,- բացատրել է Ռուզան Սարյանը,-խմբ.)։

Վերջապես, ես առողջ եմ ու աշխատում եմ։ Ինչ լավ բան է նկարչությունը»։

Մեկ տարի անց էլի Փարիզից Սարյանն այս տողերն է ուղարկել. «Է, Ճապու ջան, հայ գիտի, այս րոպեիս կարողանայի թռչել գալ այն անկյունը՝ Ռուբենի փողոցի համար 55, որտեղ դու բալիկներով ապրում ես, եւ, միաձույլ ձեր կյանքին, լսել երեխաների եռանդուն աղմուկը, եւ այդ 3 սենյակների մեջ ինձ զգալ ամենաերջանիկ մարդը: Ախ, ինչ  դժվար բան է ու անհամ մենակությունը, երբեմն:

Դե լավ, Ճապու ջան, ինչպես գրում է Սարիկը. «Էլ գրելու բան չունեմ»։
Կարոտալի բարեւներս եւ համբույրներս քեզ ու բալիկներիս։

Քո՝ Մարտիրոս»
։

Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանները


Լուսիկ Սարյանն ավելի զուսպ էր նամակներում, բայց մայրիկին հասցեագրված այս տողերից երեւում է նկարչի հոգատարությունն ու ջերմությունը.

«Մամա ջան, ես ինձ լավ եմ զգում, գիշերները Մարտիրոսը վեր է կենում մի քանի անգամ, վրաս վերմակն ուղղում: Մամա ջան, գիտես էլի, ինչ անգին բնավորություն ունի:  Մարտիրոսը հիմա ինձ նաեւ մայրություն է անում, համ քույրություն, համ ընկերություն: Տա Աստված, որ բոլոր ամուսնացածները ինձ պես բախտավոր լինեն»:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ «Լուսիկը՝ Սարյանի մուսան» պատկերագրքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW