×


«Ընկճված էի, որ իմ սիրելի Շողերին «չար» են դարձնում». Մարիամ Դավթյան

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Լեռները կհիշեն» սերիալում։ BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծանում է՝ օրեր առաջ է տեղեկացել, որ նախագծի ռեժիսորը պնդել է, որ բազմաթիվ թեկնածուներից հենց ինքը մարմնավորի Շողերի կերպարը:

«Անհանգիստ էի»

Շողերն ի սկզբանե ինքնազոհ ու բարի կին էր, որը, անձնական կյանքը մի կողմ դնելով, մայր է դառնում ամուսնու ապօրինի երեխայի համար։ Անկեղծ կլինեմ՝ երբ կերպարը սկսեց զարգանալ դեպի բացասականը, իմ մեջ հակասական էմոցիաներ առաջացան. ես իրեն շատ սիրել էի ու խնամքով էի վերաբերվում։ Հատկապես այն տեսարաններում, որտեղ պետք է կծու խոսք ասեի, ինքս ինձ հետ կռիվ էի անում, գալիս էի նկարահանման հրապարակ շատ անհանգիստ ու ընկճված, քանի որ իմ սիրելի Շողերին «չար» են դարձնում։  

Մարիամ Դավթյանը


«Բարի փերի մնալը դժվար է»

Ռեժիսոր Գոհար Արշակյանը երկար զրուցեց ինձ հետ. բացատրում էր, որ այդ իրավիճակում հայտնված մարդը չի կարող «բարի փերի» մնալ։ Իսկ Ելենա Արշակյանն իր հերթին էր ինձ ոգեւորում։ Երկուսին էլ շնորհակալ եմ, որ այդ փուլում ինձ այդքան ոգեւորել եւ օգնել են։ Հիմա ուրախ եմ, որ հենց այդպիսի զարգացումներ եղան, շնորհակալ եմ նաեւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանին, որն այդքան տարբերվող դարձրեց Շողերի կերպարը։

«Մտածում եմ՝ կերպարս անհետաքրքիր է դարձել»

Ծանր էի տանում բացասական արձագանքները. առաջին անգամ էր, որ նմանատիպ կարծիքներ էի լսում իմ մարմնավորած կերպարի մասին։ Որոշ  ժամանակ անց սկսեցի հանգիստ վերաբերվել։ Այդ կարծիքներն ինձ մոտիվացնում էին, որ ավելի համոզիչ խաղամ։ Հիմա հումորով եմ այդ ամենին նայում։ Այս պահին բացասական բաներ չեն գրում, մտածում եմ՝ կերպարս է անհետաքրքիր դարձել։

Մարիամ Դավթյանը


«Թատրոնն իմ կյանքում կա ու կլինի»

Հեռուստանախագծերին զուգահեռ թատրոնը կա ու կլինի։ Այս պահին Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» պիեսի փորձերն են ընթանում։ Ժամանակի առումով լինում են դժվարություններ, բայց կարողանում եմ համատեղել: Աշխատանքը չի խանգարում նաեւ անձնական կյանքիս: Երկար տարիների փորձն ինձ թույլ է տալիս կարողանալ ժամանակս ճիշտ բաշխել։

«Ներքաշվեցի համացանցային աշխարհ»

Աղջիկս ինձ ասում էր՝ տարին մեկ կամ երկու նկար հրապարակելով էջ չեն վարում (ծիծաղում է,-խմբ.)։ Համաձայնում էի, բայց ոչինչ չէի անում։ Մտածում էի՝ ավելի շատ երիտասարդների համար հարթակներ են։ Հետո սկսեցի հետաքրքրվել, հետեւել տարբեր մարդկանց էջերին, հանկարծ հայտնաբերեցի, որ նույնիսկ տարեց մարդիկ էջեր են վարում եւ ունեն միլիոնավոր հետեւորդներ:

Մարիամ Դավթյանը


Էջս ակտիվացնելու հարցում ոգեւորել են աղջիկս, իմ ընկերները՝ Ելենան ու Իշխանը, նաեւ երիտասարդ խաղընկերներս՝ Անահիտը, Ռոմելան, Լիան, որոնք արդեն մեծ փորձ ունեն այդ հարթակներում:

«Իմ կյանքում ոչինչ չէի փոխի»

Շնորկակալ եմ, որ ունեմ հրաշք աղջիկ ու երկու համով թոռնիկներ։ Նրանք են իմ երջանկությունը։ Ոչինչ չէի փոխի. ընդունում եմ այն, ինչ ինձ ի վերուստ տրվել է, շարունակում եմ կերտել այն դերը, որն այս կյանքում շնորհվել է ինձ։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Մարիամ Դավթյանի անձնական արխիվից

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mariam Davtyan (@mariamdavtyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW