×


Կաննի հյուրերը. ավագ սերնդի հմայիչ կանայք եւ տարբերվող կերպարները

1946 թվականից Ֆրանսիայի Լազուր ափին անցկացվող Կաննի կինոփառատոնն ամենահայտնիներից մեկն է աշխարհում: Մերօրյա կարգավիճակն ու հետաքրքրությունը փառատոնը ձեռք է բերել 1951 թվականից, երբ 2 տարի ժյուրիի նախագահը ֆրանսիացի հայտնի գրող, սցենարիստ ու կինոռեժիսոր Ժան Կոկտոն էր:

Այսօր ոչ մեկը չի պատկերացնում, որ Կաննի փառատոնը կարող է անցնել այլ կերպ՝ ավանդույթի համաձայն, ֆիլմերի անձնակազմերը միասին քայլում են կարմիր գորգով, մասնակցում հատուկ լուսանկարահանման ու ներկայացնում իրենց աշխատանքը:


Այն ամենահայտնի կինոփառատոններից մեկն է ու ներկայացված աշխատանքներով եւ հայտնի հյուրերի ներկայությամբ ոչնչով չի զիջում «Օսկար»-ին:

1988-ից կինոփառատոնի պաշտոնական գործընկերը Chopard-ն է, որը մշտապես ապահովում է հյուրերի թանկարժեք զարդերն ու պատրաստում գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»:

Կաննը վաղուց հայտնիների համար դարձել է լավագույն կերպարները ցուցադրելու վայր. ոմանք իրենց ոճով եւ զգեստի ընտրությամբ հիացնում են, որոշներն էլ հայտնվում «անճաշակ հագնված հյուրերի ցուցակում»:

Մերիլ Սթրիփը եւ Ժուլիետ Բինոշը նրբագեղ էին ամբողջովին սպիտակ եւ կարմիր զգեստներով: Կինոփառատոնը մեծարել է Սթրիփին ու կինեմատոգրաֆում ավանդի համար պատվավոր «Արմավենու ճյուղ» հանձնել, որը տալու պատիվը Բինոշինն էր: Նա արցունքն աչքերին ասել է. «Ձեր դեմքն ու ձայնը մեր կյանքի մի մասն են: Դուք փոխել եք կինոյում կանանց մասին պատկերացումները, օգնել ինքներս մեզ այլ կերպ նայել»: Սթրիփը Կաննի կինոփառատոն էր վերադարձել 35 տարի անց ու Dior-ով անկրկնելի տեսք ունեցել:


Բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկնակի օսկարակիր, 86-ամյա Ջեյն Ֆոնդան: Նա ընտրել էր Elie Saab ու Pomellato-ի զգեստներ:


Ինչպես միշտ, անկրկնելի է եղել նաեւ 80-ամյա Կատրին Դենյովը: Դերասանուհին ներկայացել է «Իմ Մարչելլո» ֆիլմի անձնակազմի հետ:


Դեմի Մուրն ամեն անգամ ավելի երիտասարդ ու յուրահատուկ է ներկայանում: Նա 27 տարի չէր այցելել Կաննի կինոփառատոն ու այդ առիթը նշանավորել է 5 զգեստով: Նախ կարմիր Armani Prive-ով «Բարության տեսակները» ֆիլմի պրեմիերային էր, ապա Elie Saab-ի զգեստով լուսանկարվել է իր շնիկի հետ: Ֆիլմերից մեկի պրեմիերային էլ կրել է Schiaparelli նորաձության տան զգեստ, Christian Louboutin-ի կոշիկներ ու Chopard-ի զարդեր:


Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռային ամեն տարի հաջողվում է տարբերվող ու գեղեցիկ ներկայանալ Կաննում: Թեեւ նախօրեին կոտրել է ձեռքը, դա չի խանգարել նրան մասնակցել միջոցառմանը:


Շարունակում է իր գեղեցիկ եւ համեստ զգեստներով ուրախացնել Քեյթ Բլանշեթը: Այս անգամ նա ներկայացել է մինիմալիստական Jean Paul Gaultier-ով, բայց նրան հաջողվել է միաժամանակ շքեղ ու տարբերվող լինել:


Մոդել Թեյլոր Հիլը եւս ավանդաբար այցելում է Կանն, այս անգամ նա ներկա է եղել բացման արարողությանը: Հիլի զգեստը Balmain-ն է կարել:


42-ամյա Սիենա Միլլերը սովորաբար տեսախցիկներից հեռու է պահում ընտանիքի անդամներին, սակայն այս անգամ կարմիր գորգին ներկայացել է 11-ամյա դստեր՝ Մարլոուի եւ 27-ամյա սիրելիի՝ դերասան, մոդել Օլի Գրինի հետ: Զույգը հունվարին փոքրիկ է ունեցել: Միլլերը նկարահանվել է Քեւին Քոսթների «Հորիզոն» ֆիլմում ու այն ներկայացնելու համար ընտրել Chloe-ի ոճային զգեստ:


«Հորիզոն» ֆիլմի պրեմիերային փայլել են նաեւ դերասանուհիներ՝ 63-ամյան Ջուլիանա Մուրը, 61-ամյա Միշել Յեոն եւ 71-ամյա Իզաբել Յուպպերը:


Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին «Նյութ» ֆիլմի պրեմիերային կրել է Վիկտորի Բեքհեմի բրենդի կոմբինեզոն՝ զարդարված մետաղական շղթաներով:


Կարեւոր միջոցառումների ժամանակ իր գեղեցիկ տեսքով աչքի ընկնող օսկարակիր Էմմա Սթոունն ընտրել է Louis Vuitton-ի զգեստ:


Կաննում տեղի է ունեցել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլայի երկար սպասված «Մեգալոպոլիս» ֆիլմի պրեմիերան, որի վրա ռեժիսորն աշխատել է 40 տարի: Կարմիր գորգին 85-ամյա Կոպոլլան թոռան՝ 17-ամյա Ռոմիի ու ֆիլմի անձնակազմի հետ էր: Մեծ մասը նախապատվությունը սպիտակին էր տվել:  


Նաոմի Քեմփբելը վերարտադրել է 1996 թվականին Կարլ Լագերֆելդի հեղինակած Chanel-ի զգեստով իր կերպարը:  


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW