×


Porsche-ն ներկայացրել է նոր 911 Carrera GTS-ը. տպավորիչ դիզայն, ընդլայնված հնարավորություններ

Porsche-ն հիմնովին արդիականացրել է 911 սպորտային մեքենան: Նոր 911 Carrera GTS-ն առաջին ճանապարհային 911-ն է, որ համալրված է գերթեթեւ հիբրիդային համակարգով:

Նորարարական, նոր մշակված՝ 3.6 լիտր աշխատանքային ծավալով ուժային համակարգն ապահովում է զգալիորեն բարելավված արտադրողականություն: 911 Carrera GTS Coupé-ի արագացումը զրոյից մինչեւ 100 կմ/ժ տեղի է ունենում 3.0 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 312 կմ/ժ-ի:

911 Carrera-ն նույնպես հասանելի կլինի անմիջապես նոր մոդելի թողարկման պահից: Այն համալրված է թեթեւակի ձեւափոխված 3.0 լիտրանոց օպոզիտ կրկնակի տուրբո շարժիչով, որն ավելի հզոր է, քան նախորդ մոդելինը:

Նոր 911-ը նաեւ ունի վերափոխված դիզայն, բարելավված աերոդինամիկա, սրահի թարմացված ինտերիեր, արդիականացված ստանդարտ սարքավորումներ եւ կապի միջոցների ընդլայնված հնարավորություններ:


Իր հայտնի մոդելի վերաթողարկմամբ Porsche-ն ընդամենը մի քանի ամսում արդիականացրել է իր վեց մոդելային շարքերից չորսը՝ Panamera, Taycan, Macan եւ 911: «Մեր արտադրանքի տեսականին շատ ավելի նոր է, քան երբեւէ, եւ չափազանց գրավիչ», - նշում է գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումեն. «Այն մեր հաճախորդներին առաջարկում է անհատականացման ավելի շատ հնարավորություններ եւ բացառիկ տպավորություններ»:

Ոգեշնչված ավտոսպորտից. նորարարական հիբրիդ՝ արդյունավետության բարձր ցուցանիշներով

Նոր 911 Carrera GTS մոդելների համար Porsche-ի ինժեներները հիբրիդային համակարգի նախագծման հիմքում դրեցին ավտոմրցարշավներից ձեռք բերված գիտելիքները: «Մենք մշակեցինք եւ փորձարկեցինք բազմաթիվ գաղափարներ ու մոտեցումներ՝ հասնելու այն հիբրիդային համակարգին, որը կատարելապես կհամապատասխանի 911-ին: Արդյունքը եզակի շարժիչ է, որը համապատասխանում է 911-ի ընդհանուր հայեցակարգին եւ զգալիորեն բարելավում է նրա արտադրողականությունը», - ասում է Ֆրանկ Մոզերը՝ 911 եւ 718 մոդելային շարքերի գծով փոխնախագահը:

Թեթեւ եւ հզոր T-Hybrid համակարգն ունի արտանետման գազերի նոր մշակված էլեկտրական տուրբոմղիչ։ Ինտեգրված էլեկտրական շարժիչը, որ տեղադրված է կոմպրեսորի եւ տուրբինային անվի միջեւ, անմիջապես ավելացնում է տուրբոմղիչի արագությունը: Սա անմիջապես ստեղծում է ճնշման բարձրացում։ Արտանետման գազերի տուրբոմղիչի էլեկտրական շարժիչը գործում է նաեւ որպես գեներատոր։ Այն արտադրում է մինչեւ 11 կՎտ (15 ձիաուժ) էլեկտրական հզորություն։ Այս էներգիան ստացվում է արտանետման գազերի հոսքից։ Առանց տարաթողման կափույրի էլեկտրական տուրբոմղիչը թույլ է տալիս օգտագործել միայն մեկ տուրբոմղիչ՝ նախկին երկուսի փոխարեն, ինչն ապահովում է ավելի դինամիկ եւ արձագանքող հզորության մատակարարում։


Ուժային համակարգը ներառում է նաեւ անփոփոխ մագնիսական սինխրոն շարժիչ, որն ինտեգրված է նոր, ավելի հզոր 8-աստիճան, կրկնակի կցորդմամբ փոխանցման տուփի (PDK) մեջ: Նույնիսկ պարապ ընթացքի ժամանակ այն աջակցում է օպոզիտ շարժիչին՝ հավելյալ ապահովելով մինչեւ 150 Նմ լրացուցիչ ոլորող մոմենտ եւ մինչեւ 40 կՎտ հզորության ավելացում: Porsche-ն երկու էլեկտրական շարժիչները համադրում է թեթեւ եւ կոմպակտ բարձրավոլտ մարտկոցի հետ: Այն չափսով եւ քաշով համապատասխանում է սովորական 12 վոլտանոց մեկնարկիչ մարտկոցին, սակայն պահեստավորում է մինչեւ 1,9 կՎտ ժ էներգիա եւ աշխատում է 400 Վ լարման տակ:

Ընդհանուր քաշի օպտիմալացման նպատակով Porsche-ն տեղադրել է թեթեւ լիթիում-իոնային մարտկոց 12 վոլտանոց էլեկտրահամակարգի համար:

T-Hybrid շարժիչի սիրտը նորաստեղծ 3.6 լիտրանոց օպոզիտային շարժիչն է։ Բարձրավորլտ համակարգը թույլ է տալիս օդորակիչի կոմպրեսորը շահագործել էլեկտրականության միջոցով, ինչի արդյունքում կարելի է հրաժարվել փոկային շարժաբերից․ սա շարժիչը դարձնում է ավելի կոմպակտ։ Դրա շնորհիվ ուժային բլոկի վերեւում ստեղծվում է տարածք իմպուլսային ինվերտորի եւ հաստատուն հոսանքի կերպափոխիչի համար։ Մխոցի տրամագծի մեծացումը մինչեւ 97 մմ եւ շարժման մեծացված երկարությունը մինչեւ 81 մմ ավելացնում են աշխատանքային ծավալը 0.6 լիտրով՝ նախորդ մոդելի համեմատ։ Շարժիչն ունի VarioCam բաշխիչ լիսեռի կառավարման համակարգ եւ փականների կարգավորման համակարգ՝ ճոճալծակներով:  

Նույնիսկ առանց էլեկտրական օժանդակության օպոզիտային շարժիչն արտադրում է 357 կՎտ (485 ձիաուժ) հզորություն եւ 570 Նմ ոլորող մոմենտ: Ընդհանուր առմամբ, համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 398 կՎտ (541 ձիաուժ) եւ 610 Նմ: Հզորությունը նախորդ մոդելի համեմատ ավելացել է 45 կՎտ-ով (61 ձիաուժ):

Նոր 911 Carrera GTS-ը գերազանցում է իր նախորդ մոդելին նաեւ 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշով, հատկապես՝ մեկնարկի պահին: Արդյունավետ բնութագրերով հիբրիդային համակարգն ապահովում է դինամիկ վարման բարձր ցուցանիշներ, միաժամանակ նվազեցնում է CO2 արտանետումները՝ էականորեն պակաս լրացուցիչ քաշով, քան միացվող (plug-in) հիբրիդային ավտոմեքենաներինը: Քաշի ավելացումը նախորդ մոդելի համեմատ ընդամենը 50 կգ է:


911 Carrera-ն դեռեւս համալրված է 3.0 լիտրանոց կրկնակի տուրբո օպոզիտային շարժիչով: Այս շարժիչը նույնպես ամբողջությամբ վերափոխվել է: Ի թիվս այլ բաների՝ այն այժմ ունի Turbo մոդելների ինտերկուլերը: Նոր 911 Carrera-ի տուրբոմղիչները նախորդ մոդելում նախատեսված էին GTS մոդելների համար: Այս փոփոխություններով Porsche-ն միաժամանակ հասնում է արտանետումների նվազեցման եւ հզորության բարձրացման մինչեւ 290 կՎտ (394 ձիաուժ), ինչպես նաեւ 450 Նմ առավելագույն ոլորող մոմենտի: Նոր 911 Carrera Coupé-ի արագացումը 0-ից 100 կմ/ժ տեղի է ունենում 4.1 վայրկյանում (3.9 վայրկյան Sport Chrono փաթեթով), իսկ առավելագույն արագությունը կազմում է 294 կմ/ժ: Նախորդ մոդելի համեմատ սա բարելավում է՝ համապատասխանաբար 0.1 վայրկյանով եւ 1 կմ/ժ-ով:

Օպտիմալացված կախոց եւ ակտիվ աերոդինամիկա

911 Carrera GTS-ի կախոցը նույնպես ամբողջությամբ փոփոխվել է: Առաջին անգամ այժմ ստանդարտ համալրման մեջ ներառված է հետեւի քարշակ համակարգը: Այն բարձրացնում է կայունությունը բարձր արագությունների դեպքում եւ նվազեցնում է շրջադարձի շառավիղը: Porsche ընկերությունը ինտեգրել է Porsche Dynamic Chassis Control (PDCC) կողաթեքման զսպման համակարգը բարձր արդյունավետությամբ հիբրիդի բարձրավոլտ համակարգում: Սա հնարավորություն է տալիս օգտագործելու էլեկտրահիդրավլիկ կառավարման համակարգը, ինչը համակարգն ավելի ճկուն եւ ճշգրիտ է դարձնում: Ցնցամեղմիչների կոշտության կարգավորման Porsche (PASM) համակարգով սպորտային կախոցը եւ 10 մմ-ով նվազեցված գետնահեռությունն ապահովում են GTS-ին բնորոշ կառավարելիություն։


Նոր 911-ի համար հասանելի է ընդհանուր առմամբ յոթ տարբեր դիզայնով 19-/20 դյույմանոց կամ 20-/21 դյույմանոց անվասկավառակ: Առաջին անգամ 911 Carrera-ի համար հասանելի են Exclusive Design անվասկավառակներ՝ կարբոնե անվաճաղերով, որոնք նվազեցնում են դիմադրության գործակիցը եւ, հետեւաբար, բարձրացնում են արդյունավետությունը: 911 Carrera GTS մոդելների ստանդարտ համալրման կազմում կան 21 դյույմանոց անվասկավառակներ՝ 11.5 դյույմ լայնությամբ եւ 315/30 ZR 21 անվադողերով՝ հետեւի մասում: Առջեւի մասում տեղադրված են 245/35 ZR 20 անվադողեր՝ 8.5 դյույմ լայնությամբ 20 դյույմանոց անվասկավառակների վրա: Զգալիորեն բարելավված արտադրողականությանը համապատասխան՝ հետեւի անվադողերի՝ ճանապարհածածկի հետ շփման ավելի լայն տարածքը բարելավում է նոր 911 Carrera GTS-ի վարման դինամիկան եւ կցորդումը:

Սպորտային, սլացիկ արտաքին տեսք

Porsche-ն օպտիմալացրել է 911-ի արտաքին դիզայնը՝ կատարելով նպատակային թարմացումներ: Այս միջոցառումների մեծ մասը բարելավում է սպորտային մեքենայի աերոդինամիկան եւ արդյունավետությունը: Փոփոխությունները ներառում են նոր, մոդելին հատուկ թափարգելներ: Այժմ առաջին անգամ Porsche-ն 911-ի համար բոլոր լուսային ֆունկցիաներն ինտեգրել է ստանդարտ մատրիցային LED լուսարձակների մեջ՝ իրենց բնորոշ չորս կետանոց գրաֆիկայով: Սա հնարավորություն է՝ հեռացնելու առջեւի լույսերը եւ մեքենայի առջեւում ստեղծելու տարածք հովացման ավելի մեծ անցքերի համար:

911 Carrera GTS մոդելների առջեւի մասում կան հինգ ուղղահայաց դասավորված ակտիվ հովացման օդային փականներ, որոնք տեսանելի են դրսից, եւ մեկ այլ թաքնված փական՝ յուրաքանչյուր կողմում շրջանցումը փակելու համար: Առաջին անգամ 911-ի ներքեւի մասում դրանք համալրվում են ադապտիվ առջեւի դիֆուզորներով, որոնք կառավարվում են հովացման օդային փականների հետ միասին: Այս տարրերն ուղղորդում են օդի հոսքն ըստ անհրաժեշտության. երբ հզորության պահանջները նվազագույն են՝ փակ փականներն օպտիմալացնում են աերոդինամիկան: Երբ հզորության պահանջը բարձր է, օրինակ՝ մրցուղու վրա, փականները մեծ քանակությամբ օդ են ուղղորդում դեպի մեքենայի հովացուցիչները: Օժանդակող համակարգերի սենսորներն այժմ տեղակայված են համարանիշի ներքեւում՝ փայլուն մակերեսի հետեւում:


Որպես օպցիա Porsche-ն առաջարկում է նոր լուսարձակներ՝ HD մատրիցային LED ֆունկցիայով, որն ունի ավելի քան 32,000 լուսային կետ: Բարձր արդյունավետությամբ լուսարձակները լուսավորում են ճանապարհն ավելի քան 600 մետր հեռավորության վրա: Առաջարկվում են նորարարական լրացուցիչ ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ շրջադարձերի ժամանակ վարման ռեժիմից կախված դինամիկ լուսավորությունը, երթեւեկելի գոտու լուսավորումը, շինարարական հրապարակի եւ խցանումների լուսավորությունը, ինչպես նաեւ բարձր ճշգրտությամբ, չշլացնող հեռահար լույսը:

Նոր դիզայնով լուսագիծը՝ ներկառուցված աղեղով եւ «PORSCHE» տարբերանշանով, ավելի խոր եւ լայն տեսք է հաղորդում 911-ի հետնամասին։ Յուրաքանչյուր կողմում հինգ թիթեղով հետեւի ցանցը միանում է հետեւի պատուհանին՝ ձեւավորելով գրաֆիկական միավոր, որը ներքեւում սահուն կերպով անցում է կատարում արտաշարժվող սպոյլերին։ Համարանիշը տեղադրված է ավելի բարձր դիրքով՝ հստակ կառուցվածքով հետեւի թափարգելի վրա։ Մոդելին բնորոշ արտանետման համակարգերը նուրբ կերպով ներկառուցված են դիֆուզորի թիթեղների մեջ։ 911 Carrera մոդելների համար որպես օպցիա հասանելի է սպորտային արտանետման համակարգը։ 911 Carrera GTS մոդելները ստանդարտ կերպով համալրված են GTS-ին բնորոշ սպորտային արտանետման համակարգով։

Ավտոմեքենայի արտադրողականությունը բարելավելու համար հասանելի է օպցիոնալ աերոդինամիկ որակները բարելավող հավաքակազմ 911 Coupé-ի համար: Այն ներառում է SportDesign առջեւի թափարգել՝ եզակի առջեւի սպոյլերով, համապատասխան կողային ներդիրներ եւ ավելի թեթեւ, ներկառուցված հետեւի հակաթեւ: Այս բաղադրիչները նվազեցնում են ամբարձիչ ուժը եւ բարելավում սպորտային ավտոմեքենայի կցորդումը ճանապարհածածկի հետ:

Ամբողջովին թվային կառավարման վահանակ եւ կապի միջոցների ընդլայնված հնարավորություններ

Կուպե տարբերակներում Porsche ընկերությունը նոր 911-ը ստանդարտ կերպով նախագծել է որպես երկտեղանի ավտոմեքենա։ 2+2 նստատեղի կոնֆիգուրացիան հասանելի է որպես օպցիա՝ առանց լրացուցիչ վճարի։ Կառավարման վահանակում Porche-ն 911-ի ծանոթ դիզայնի ԴՆԹ-ն համատեղում է ժամանակակից տեխնոլոգիայի հետ. Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը կենտրոնացած է վարորդի շուրջ եւ ինտուիտիվ, ավելի արագ կառավարման վրա։ Կառավարման կարեւոր տարրերը գտնվում են անմիջապես ղեկի վրա կամ դրա շուրջը։ Դրանք ներառում են ստանդարտ վարման ռեժիմի փոխարկիչը, վարորդին օժանդակող վերանայված լծակը եւ բնականաբար, առաջին անգամ 911-ում, շարժիչի գործարկման կոճակը՝ ղեկի ձախ կողմում։ Նոր 911-ի կենտրոնական վահանակի պահեստային մասում սմարթֆոնների համար կա հովացման բաժին՝ ինդուկտիվ լիցքավորման գործառույթով։


Առաջին անգամ 911-ն ունի ցուցիչների ամբողջությամբ թվային վահանակ։ 12.6 դյույմանոց կոր էկրանը կատարելապես համապատասխանում է կառավարման եւ ցուցադրման նոր հայեցակարգին եւ կարող է լայնորեն անհատականացվել։ Այն առաջարկում է ցուցադրման յոթ ռեժիմ՝ ներառյալ բացառիկ Classic ռեժիմը, որը ստեղծված է՝ ոգեշնչված Porsche-ի ավանդական թվատախտակի դիզայնով՝ յոթ խողովակներով եւ կենտրոնական տախոմետրով։

Porsche Communication Management (PCM) համակարգը դեռեւս կառավարվում է 10.9 դյույմանոց էկրանով՝ բարձր կետայնությամբ կենտրոնական դիսփլեյի միջոցով: Այնուամենայնիվ, վարման ռեժիմների կարգավորման հնարավորությունները եւ վարորդին օժանդակող համակարգերի աշխատանքը զգալիորեն բարելավվել են: Արդիականացված 911-ը նաեւ ունի կապի միջոցների նոր հնարավորություններ: QR կոդը զգալիորեն պարզեցնում է Porsche ID-ով PCM մուտք գործելու գործընթացը: Apple CarPlay®-ն ավելի խորն է ինտեգրված մեքենայի մեջ: Ցանկության դեպքում այն ցուցադրում է գործիքների վահանակի տեղեկատվությունը եւ հնարավորություն է տալիս կառավարել ավտոմեքենայի գործառույթներն անմիջապես Apple® էկոհամակարգում, օրինակ՝ Siri® ձայնային օգնականի միջոցով: Առաջին անգամ տեսանյութերի հեռարձակումը նույնպես հասանելի է կայանման ժամանակ: Spotify® եւ Apple Music® հավելվածները կարող են օգտագործվել որպես հիմնական հավելվածներ PCM-ում՝ առանց սմարթֆոնի միացման:


Այժմ հասանելի է պատվիրելու համար

Նոր 911 Carrera-ն պատվերների համար այժմ հասանելի է Coupé եւ Cabriolet տարբերակներով՝ հետեւի քարշակ համակարգով։ 911 Carrera GTS-ի համար հասանելի  են նաեւ լիաքարշակ համակարգը եւ Targa թափքի տարբերակը (առաջարկվում է լիաքարշակ համակարգով)։ Մոդելի երկու տարբերակներն էլ որպես ստանդարտ համալրված են Porsche Doppelkupplung (PDK) փոխանցման տուփով։ Porsche-ն առաջարկում է նոր 911 Carrera-ն որպես կուպե՝ 128,700 եվրո մեկնարկային գնով, ներառյալ ԱԱՀ-ն եւ երկրին բնորոշ սարքավորումները։ 911 Carrera GTS կուպեի գները սկսվում են 170,600 եվրոյից։ 911 Carrera GTS-ի աերոդինամիկ որակները բարելավող հավաքակազմի օպցիոնալ փաթեթի գինը 2,713.20 եվրո է՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ երկրին բնորոշ սարքավորումները։

Հավելյալ տեղեկությունները հասանելի են Porsche Newsroom-ում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW