Դերասան, հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը 6 տարուց ավելի է՝ բնակվում է Լոս Անջելեսում, սակայն հայրենիք հաճախ է գալիս, ասում է՝ ստեղծագործական գործունեությունն այստեղ է։ BRAVO.am-ի հետ զրույցում նա անկեղծացել է դստեր նշանադրությունը ծանր ընդունելու, սիրո եւ «Մենչի վերջի» մասին։
«Տան զգացողությունը Հայաստանում է»
Տարին մի քանի անգամ երկար ժամանակով Երեւանում եմ, իհարկե, նաեւ հարմարվել եմ Միացյալ Նահանգներում կյանքին, քանի որ մինչեւ տեղափոխվելս բազմաթիվ անգամներ որպես զբոսաշրջիկ եմ այցելել, ունեմ շատ ընկերներ ու հարազատներ, ընտանիքս էլ է այնտեղ: Կապս հայրենիքիս հետ երբեք չեմ կորցնում։ Տան զգացողությունը միանշանակ մեծ է Հայաստանում: Հայաստանն իմ տունն է։ Յուրաքանչյուր հայ, ով ապրում է Հայաստանից դուրս, կարելի է համարել, որ վարձով է ապրում։
«Երանյանի հետ ներկայացնում ենք 50 նահանգները»
Ամբողջ կյանքում նախագծերիս ստեղծման եւ նկարահանման աշխատանքներն իրականացրել եմ Հայաստանում, հետո արդյունքը ներկայացրել նաեւ արտերկրի մեր հայրենակիցներին։ Դժվարություն այդ մասով երբեք չի եղել ու, վստահ եմ, չի լինի։ ԱՄՆ-ում զբաղվում եմ բիզնեսով, բայց իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում ստեղծագործելը։ Այստեղ էլ եմ ներկայացումներ բեմադրում, նոր հեռուստանախագիծ էլ կա ԱՄՆ-ի 50 նահանգների մասին, որ վարում ենք Անի Երանյանի հետ:
Արմեն Պետրոսյանը եւ Անի Երանյանը
«Առանց հումորի կյանքը կդժվարանա»
Հիմա մարդկանց տրամադրությունն այլ է, բայց հումորային նախագծերը պետք են, որովհետեւ առանց հումորի կյանքն ու իրավիճակը կդժվարանան։
Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ
«Վերջ չկա»
«Մենչի վերջը» սթենդափը մի փոքր այլ բանի մասին է. վերջին տարիներին իմ հոգում կուտակված ցավն է՝ կապված ընկերների կորստի հետ, որը որոշեցի այլ կերպ արտահայտել։ Մարդու կյանքում գալիս է փուլ, երբ ընկերներիդ շրջանակը հստականում է: Ես այն մարդկանցից եմ, որ մտածում եմ՝ վերջ չկա. միշտ պետք է գնալ առաջ։ ԱՄՆ-ում եւ Հայաստանում մի քանի անգամ ներկայացրել եմ եւ բուռն արձագանքի արժանացել, նախատեսում եմ նաեւ Եվրոպայում խաղալ:
«Պարտավոր եմ ընդունել»
ԱՄՆ տեղափոխությունից հետո մեզ համար դժվար էր, երեխաների համար՝ հեշտ։ Երեք երեխաներս իրարից տարբեր են, բայց ոչ մեկին ընտրության առաջ չեմ դրել։ Էլինան է ընտրել հանրային կյանքը. սիրում է, մյուսներն այլ նպատակներ ու ցանկություններ ունեն։ Պարտավոր եմ ընդունել յուրաքանչյուրի որոշումը։
Արմեն Պետրոսյանի ընտանիքը
«Առաջնեկիս նշանադրությունը ծանր ընդունեցի»
Ամուսնացել եմ, երբ կինս 18 տարեկան էր, եւ միայն ուրախ եմ, որ ունեմ նման ամուր ընտանիք։ Բայց որպես հայր, Էլինայի նշանադրությունը 18 տարեկանում ծանր ընդունեցի: Առաջնեկս է... Ինձ թվում է՝ չի կարող լինել հայր, որն այդ փոփոխությունը հանգիստ կընդունի։ Իմ ընտանիքում սերն օր օրի ավելի ուժեղ է դառնում։
«Բոլոլա»-ն 3-րդ եթերաշրջան կունենա
Ստեղծագործելը թողնելու մասին չեմ մտածում, որովհետեւ դա միակ բանն է, որից ուղղակի լիցքավորվում եմ։ Հիմա պլանավորում ենք «Բոլոլա»-ի 3-րդ եթերաշրջանը, իմ մոնոներկայացումը կխաղամ ամբողջ տարվա ընթացքում, այլ պլաններ եւս կան։
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի արխիվից


×
9,166






