×


Հատուկ երաժշտական «Ընկերների օրը» Կարասում. «Ջազ ընդ Վայն էդիշն»

Քեզ ի՞նչ է պետք օրդ ստացված համարելու համար։ Միգուցե գինի՞ կամ ընկե՞ր, իսկ եթե երկուսը միասի՞ն։

Մայիսի 30-ին «Կարաս» գինեգործարանը հյուրընկալեց իր ընկերներին։ Այս անգամ հրավիրված էին երաժիշտները, երաժշտասերներն ու, իհարկե, գինեսերները։


Հյուրերն էին Արեգ Գեւորգյանը, Էդուարդ Պեշտմալջյանը, Տիգրան Սուչյանը, Սոնա Շիրոյանը, Լեւոն Այվազյանը, Սրբուհի Սարգսյանը, Ավագ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Անուշիկ Ալավերդյանը եւ այլ երաժիշտներ ու հին ու նոր ընկերներ։


6200 տարվա վաղեմության պատմություն ունեցող հայկական գինի ու 19-րդ դարավերջի աֆրիկյան ելեւէջներ, ընկերական ջերմ միջավայր, աշխույժ եռուզեռ։

Արտյոմ Մանուկյանը


    -Տարիներ առաջ մենք սկսեցինք այս շատ լավ ու բարի ավանդույթը՝ «Ընկերների օրը» «Կարաս» գինեգործարանում, որտեղ մենք եւ մեր ընկերները հավաքվում եւ նշում ենք հետաքրքրիր առիթներ, օրեր։ Karas Friends Day-ն արդեն դարձել է յուրահատուկ հարթակ, որտեղ լավագույն հայկական գինու շուրջ ստեղծվում են հիշարժան պահեր եւ ծնվում են նոր եւ ստեղծագործ մտքեր։

Հայկ Պետրոսյանը՝ կնոջ հետ


«Կարաս» գինիների վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ «Կարաս»-ի ընկերներն այն մարդիկ են, ովքեր գալիս են իրենց ընկերների հետ կտրվելու առօրյա թոհուբոհից եւ փորձում կիսվել լավագույն հույզերով։

     -Այսօր հավաքվել ենք գինու եւ ջազի շուրջ: Դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հետ որոշեցինք հրավիրել մեր ընկերներին, շրջայց կատարել խաղողի այգիներում,  ունենալ գինու հատուկ համտես, ինչից հետո վայելել հետաքրքիր ջեմսեյշն։

Ծաղկող խաղողի վազերով շրջապատված չես էլ նկատում՝ ժամերն ինչպես են թռչում, որովհետեւ գինին իր գործն արել է, իսկ զուգահեռ հնչող ջազային ռիթմերը մտքերդ հօդս են ցնդեցրել։

Կարեն Մամիկոնյանը


Դաշնակահար Կարեն Մամիկոնյանն անկեղծացավ՝ այս վայրն առաջին այցից գրավել է իրեն։

    -Տարեմուտի հավաքույթին խոսեցինք Վարդգեսի հետ, մտածեցինք՝ կարելի է երաժշտական օր անցկացնել։ Խելք-խելքի տվեցինք, հավաքեցինք ընդհանուր ընկերների, որ բոլորը բոլորի հետ կարողանան շփվել, ուրախ ժամանակ անցկացնել։

Սրբուհի Սարգյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


«Ջազը ճկվող երաժշտություն է,- շարունակում է Մամիկոնյանը,- խոսում է ցանկացած խմիչքի հետ: Այսօր գինու հետ է խոսում, ու ինձ թվում է՝ շատ լավ է։ Կուզեմ՝ այն մթնոլորտը, տրամադրությունը, որ այստեղ է, սերը, որ այս ընկերական միջավայրում է, ամեն տեղ լինի, նաեւ լսենք ու տարածենք լավ երաժշտություն, ինչը շատ կարեւոր է»։


Էդուարդ Պեշտմալջյանն էլ նվագեց ընկերների համար․

    -Տպավորություն ունեմ՝ երաժիշտների բարքեմփ եմ ընկել, շատ հաճելի էներգիա է կուտակվել։ Եթե նմանատիպ միջոցառումները շատ լինեն, դրական էմոցիաների պակաս չենք ունենա։ Ջազն ու գինին նպաստում են մտքի աբստրակտանալուն, լավ համակցություն են, միասին լավ են աշխատում։ Հատկապես երբ շրջապատված ես նման հաճելի մարդկանցով, մի տեսակ սկսում ես եփվել այդ ամեն ինչով։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW