×


«Սպանդի աստվածը». սուր, տպավորիչ ու զվարճալի պրեմիերա՝ Ստանիսլավսկիում

Առաջին հայացքից սովորական թվացող ընտանեկան երեկոն, երբ կինը նվագում է, ամուսինը հիանում նրանով, միասին պարում են ու հյուրեր ընդունում, ինչպես կարող է վերածվել իսկական մղձավանջի, գրել է ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզան՝ իր «Սպանդի աստվածը» պիեսում: Այն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում տպավորիչ եւ զվարճալի ներկայացման է վերածել հրավիրված ռեժիսոր Արսեն Խաչատրյանը:

Գործողությունների վայրը խստաբարո Վերոնիկայի ու նրա հնազանդ ամուսնու՝ Միշելի՝ կարմիր բազմոցներով ու կահույքով պատված բնակարանն է, որտեղ նրանց այցելում են փաստաբան Ալանն ու նրա նրբագեղ կին Անեթը: Միմյանց չճանաչող այս երկու զույգին միավորել են նրանց որդիները, ավելի ստույգ՝ տղաների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը: Մի քանի ատամ կորցրած ու շրթունքը վնասած Բրունոյի ծնողներ Վերոնն (Լիլյա Մուկուչյան) ու Միշուն (Մանվել Խաչատրյան) պահանջում են Ալանից (Մինաս Ասրյան) ու Անեթից (Հայարփի Զուռնաչյան), որպեսզի նրանց Ֆերդինանդը հանդիպի իրենց որդուն ու նրանից ներողություն խնդրի:


Հնարավորինս քաղաքավարի ու երջանիկ թվալ ձգտող ամուսինների զրույցները ռոմ խմելուց հետո նրանց շատ ավելի հեռուն են տանում, բացահայտվում են ընտանեկան կյանքի բազմաթիվ ենթաշերտեր՝ միմյանցից ունեցած դժգոհություններն ու հիասթափությունները: Ռեժիսորի գտած հետաքրքիր լուծումներն ու հումորային անցումները, դերասանների տպավորիչ խաղն ու ապրումները օգնում են ամեն ինչ շատ ավելի հեշտ ընկալել ու վերապրել:

Իսկ թե ինչպես է տեղի ունենում տղաների հաշտեցումը, BRAVO.am-ն ինտրիգը կպահի ու չի պատմի, փոխարենը ռեժիսորից կիմանանք, թե ինչու է որոշել բեմադրել այս գործը: Խոստովանում է, որ դեռ 2008 թվականից է ցանկացել բեմադրել «Սպանդի աստվածը», սակայն դա անելու համար նախ պետք էր հասունանալ, որպեսզի ասելիքը կարողանար ճիշտ հասցնել հանդիսատեսին:


«Ամեն ինչի դրդապատճառը Լիլյա Մուկուչյանն է: Տարիներ առաջ Մնջախաղի թատրոնում ծանոթանալուց հետո ինձ ուղղակի հարցրեց. «Արսեն, ինչ-որ բան կուզե՞ս բեմադրել Ստանիսլավսկիում»: Սկսեցինք պիեսներ փոխանակել, ապա նրան «Սպանդի աստվածն» ուղարկեցի, որը հավանեց: Այդ խոսակցությունից, երեւի, 1,5 տարի անցավ, ու երբ որոշեցինք միասին աշխատել, պիեսը հանեցի դարակից»,- պատմել է ռեժիսորը:

Մուկուչյանի ընտրությունը միանգամից է կատարել, Մանվել Խաչատրյանին արդեն ճանաչում էր, Հայարփի Զուռնաչյանի խաղով ռուսական թատրոնում մի քանի ներկայացում դիտելուց հետո է հիացել, իսկ Մինաս Ասրյանին առաջին անգամ 2003 թվականին է տեսել ու տպավորվել: Թեեւ երկար ժամանակ նրա ներկայացումներին չի հետեւել, բայց վստահ է եղել, որ կկարողանա դիմանալ դերի ծանրությանը:


«Ստեղծման ընթացքը հետաքրքիր էր, լուծումները փնտրտուքների արդյունքում են առաջացել: Առաջին իսկ օրվանից, երբ սկսել ենք տեքստը կարդալ, ամեն ինչ սահուն է ընթացել: Շեշտը դրել ենք հաճույք ստանալու վրա ու աշխատել երեխայի խանդավառությամբ: Պիեսը շատ ասելիք ունի, բայց անգամ լուրջ բաների մասին խոսելիս փորձել եմ թեթեւությունը չկորցնել»,- շեշտել է Խաչատրյանը:

Լիլյա Մուկուչյանն էլ ավելացրել է, որ Արսեն Խաչատրյանի հետ աշխատանքն ամենահեշտերից չի եղել, միասին փնտրտուքների արդյունքում են գտել լուծումներն ու կերպարներին բնորոշ կողմերը: Ամեն մի մանրուք երկար քննարկել են ու ներկայացումը մատուցել ամենադիպուկ ձեւով:


«Ներկայացումն արդիական է ու կարեւոր հարցերի է անդրադառնում, մասնավորապես՝ անտարբերությանը, միմյանց չհասկանալուն, բանակցություններ վարել չկարողանալուն ու անկեղծ չլինելուն. մարդիկ կարող են ապրել մեկ հարկի տակ, երեխաներ ունենալ, բայց իրար բացարձակ օտար մնալ»,- շեշտել է դերասանուհին:

Հրավիրյալ դերասան Մինաս Ասրյանը ոչ միայն առաջին անգամ է խաղացել Ստանիսլավսկու բեմում, այլ նաեւ՝ ռուսերեն առհասարակ: Անկեղծանում է, որ սկզբում իր համար դժվար է եղել, սակայն ամեն ինչ կարողացել է հաղթահարել խաղընկերների ու ռեժիսորի օգնությամբ:


«Կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք, ու դեռ մի բան էլ ավելին։ Ներկայացումը փոխհարաբերությունների մասին է, եւ ամեն մեկն իր համար հոգեհարազատ որեւէ բան կգտնի: Թատրոնում շատ եմ սիրում հումորը, իսկ Արսեն Խաչատրյանը կարողացել է ֆրանսիական դրամատուրգիայում եղած հումորը շատ ճիշտ ու նուրբ ընդգծել»,- ասել է Ասրյանը:

Հայարփի Զուռնաչյանը Անեթի կերպարը տարբերվող է համարում ու կարծում, որ մեկ քայլ առաջ է կատարել. «Այնքան էլ հեշտ դեր չէր, բայց համատեղ ջանքերի շնորհիվ կարողացա բացել կերպարը։ Իմ կարիերայում սա առաջընթաց է»:


Չի թաքցնում, որ Խաչատրյանի հետ ստեղծագործական ընթացքն իրականում բարդ է եղել, քանի որ ռեժիսորի համար ամեն մանրուք ու դրվագ կարեւոր են, սակայն ուրախ է, որ կարողացել են հասնել ցանկալի արդյունքի. «Մի կարեւոր բան հասկացանք, որ բեմում չորսս էլ մեկ մարդ ենք. եթե միասին չլինենք, ոչինչ չի ստացվի»։

Մանվել Խաչատրյանի համար էլ առաջնայինն այն է, որ ռեժիսորը թույլ է տվել դերասաններին իրականացնել սեփական մտահղացումներն ու անգամ տարօրինակ մտքերը:


«Ամեն դերասան իր դերի ռեժիսորն է, ու սիրում եմ այն ռեժիսորներին, որոնք  որոշակի առումով ազատություն են տալիս: Ներկայացումը պարզ, մարդկային հարաբերությունների մասին է: Կերպարս ինձ համար առանձնահատուկ է, քանի որ բնույթով ընդհանրապես նրան նման չեմ. նոր բան անելը բավական գրավիչ էր»,- ընդգծել է դերասանը:

Խաչատրյանը նաեւ խոստովանել է, որ առաջին անգամ է այդքան հանգիստ եղել, քանի որ տեքստը մոռանալու դեպքում 3 խաղընկերները պատրաստակամորեն կհուշեին: Մինաս Ասրյանն էլ զարմացած ավելացնում է, որ թեեւ զբաղվածության պատճառով Մանվելը հաճախ էր մոռանում բառերը, սակայն պրեմիերային բոլորին հիացրել է ու ոչ մի անգամ հուշման կարիք չի ունեցել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի  
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW