×


Հին ու նոր երգեր, կարոտած հանդիսատես․ Newmag Summer Fest 2024-ի հյուրերը Արփին եւ Միհրանն էին

«Երազ» այգում հանգստյան օրերին անցկացվել է Newmag հրատարակչության ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest 2024-ը: Գրքային հանդիպումներից եւ քննարկումներից հետո առաջին օրը եզրափակվեց Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի համերգով։

Զույգը երկար ժամանակ է, ինչ համերգով հանդես չէր եկել, դե, իսկ հանդիսատեսը, կարծես, շատ էր կարոտել նրանց, քանի որ համերգային տարածքը րոպեների ընթացքում դարձավ բազմամարդ։ Երգիչները նշեցին՝ շատ ուրախ են, որ Արտակ Ալեքսանյանն ու Newmag-ի թիմն այս տարի հենց իրենց են առաջարկել ելույթ ունենալ. հաճելի է գրքի եւ արվեստի այս փառատոնի մի մասնիկը կազմել։


«Կարեւորը՝ մուտքն ազատ էր բոլորի համար, եւ այն մարդիկ, որոնք մեզ կարոտել էին, ուզում էին տեսնել բեմում, եկան, միասին հիանալի երեկո անցկացրինք։ Ողջունելի են այսպիսի միջոցառումները, հիմա նաեւ այն շրջանն է, երբ Հայաստան են գալիս արտերկրում բնակվող բազմաթիվ հայեր, մենք ստացել ենք նամակներ, որ նրանք եւս ներկա են գտնվելու համերգին, եւ նման արձագանքները հաճելի են»,- ասաց երգչուհին։


Միհրան Ծառուկյանն էլ հավելեց, որ իսկապես կարոտել էին իրենց անկեղծ ունկնդիրներին. «Մենք միշտ սիրով ենք հանդիպում մեր հանդիսատեսին եւ երկրպագուներին»։


Նրանք կատարեցին իրենց երգացանկի հայտնի ստեղծագործությունները, նաեւ «Ինձ գրկիր ամուր» երգը, որի պրեմիերան օրեր առաջ էր. «Նոր երգը դրական էներգիայով է: Պետք է փորձենք արվեստի միջոցով մարդկանց բարին տալ, քանի որ ի վերջո, լավը պետք է հաղթի»։


Փառատոնին Արփին եւ Միհրանը եկել էին իրենց ստուդիայի սաների հետ, որոնք մի քանի կատարմամբ հանդես եկան։ Ելույթ ունեցավ նաեւ Ari Stand Up Club-ը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW