«84-ի ամառը» մինի սերիալը երկու ընկերոջ պատմություն է, ովքեր երկար տարիներ միմյանց մասին տեղեկություն չունենալուց հետո մեր օրերում հանդիպում են ծերանոցում ու որոշում, որ միասին ճանապարհ պիտի գնան՝ գտնելու իրենց երիտասարդ տարիների սիրուն։
«Զուգահեռ ժամանակներում ընթացող պատմությունները դիտողին կտեղափոխեն նաեւ 80-ականներ, ինչը ֆիլմը դարձնում է ավելի հագեցած եւ զգացմունքային: Ժամանակային անցումները եւ անցյալի բացահայտումները լցնում են պատմությունը»,- BRAVO.am-ին պատմել է սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը, որն այս նախագծի շրջանակում ներկայանում է նաեւ որպես պրոդյուսեր։
Մաղաքյանը խոստովանում է՝ իր համար կարեւոր էր երիտասարդներին ցույց տալ, որ պետք չէ ժամանակ կորցնել, իսկ ավելի հասուն դիտողներին՝ որ երբեք ուշ չէ:
«Գեղեցիկ նկարահանումներ ենք ունեցել իմ հարազատ Վանաձորում՝ Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տարածքում, որտեղ թատրոնի անձնակազմը մեծ պատրաստակամությամբ օգնեց մեզ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տարածքում եւս թույլ տվեցին շքեղ նկարահանումներ իրականացնել: Տեսարաններ կան նաեւ Սեւանում, Ապարանում, շատ գեղեցիկ մի քանի գյուղում»,- նշել է սցենարիստ-պրոդյուսերը:
Նա պատմել է, որ նախագծի գաղափարը կար դեռ վեց տարի առաջ, իսկ երկու տարի առաջ արդեն որոշել էր այն նկարահանել երիտասարդ ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ, ինչն էլ այս տարի իրականացրել են. «Լավ թիմը գործի կեսն է: Ուզում եմ անպայման նշել օպերատոր Սիմոն Դավթյանի շատ գեղեցիկ աշխատանքը, որի հետ կրկին առաջին համագործակցությունն է»:
Արթուր Կարապետյանը եւ Թելման Խաչատրյանը մարմնավորում են ընկերներից մեկի երկու տարիքները, իսկ Լեւոն Հարությունյանը եւ Ներսես Ավետիսյանը՝ մյուսի. «Դերասանների ընտրությունը երկար քննարկումներով է անցել. կարեւոր էր գլխավոր հերոսների ու նրանց երիտասարդ հասակում մարմնավորող դերասանների միջեւ քիմիան, որը մեզ հաջողվել է ստանալ»:
«84-ի ամառը» Կինոդարան սթրիմինգային հարթակի օրիգինալ արտադրանքն է: Նախագծում նկարահանվել են նաեւ Հռիփսիմե Նահապետյանը, Ժաննա Վելիցյանը, Օլյա Հակոբյանը, Անի Պետրոսյանը, Իշխան Ղարիբյանը, Էրվին Ամիրյանը, Արաքսյա Խաչատրյանը եւ ուրիշներ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Մաղաքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: